Սեդրակ Առուստամյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել

«Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի կալանավորման առաջին ատյան դատարանի որոշման դեմ նրա շահերի պաշտպան Հովիկ Սուքիասյանը Վերաքննիչ  բողոք է ներկայացրել: 168.am-ի հետ զրույցում Հովիկ Սուքիասյանն ասաց, որ գործը դեռևս որևէ դատավորի չի մակագրվել:

«Ես մնում եմ իմ կարծիքին, որ այս դեպքում մենք քրեաիրավական որևէ ինստիտուտի հետ գործ չունենք: Քաղաքացիաիրավական հարաբերություններն էլ, փոխառության հարաբերությունները վերածվել են քրեական գնահատականի»,-  ասաց փաստաբան Հովիկ Սուքիասյանը:

Հիշեցնենք, որ Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել էր 2020 թվականի ապրիլի 23-ին՝ հարցաքննության վայրից: Երկու օր անց՝ ապրիլի 25-ին, դատարանը բավարարել էր քննչական մարմնի միջնորդությունը, և Ս. Առուստամյանը երկու ամսով կալանավորվել էր:

Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում փաստաբան Հովիկ Սուքիասյանն ասել էր, որ Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է մոտ 20 մլն դոլար կաշառք տալու համար:

«Մեղադրանքը հանգում է հետևյալին, որ սրանից 9-10 տարի առաջ՝ 2009-2011 թվականների ընթացքում, տոկոսով փոխառությամբ գումար է տվել երկու անձանց, տարեկան 4%-ով, գումարը բավական խոշոր գումար է, ու ասում են՝ «քեզ մեղադրում ենք, որ դու այդ տոկոսով գումարները չես ստացել և այդ գումարը դու կաշառք ես տվել»: Բայց այդ պայմանագրերի ժամկետները երկարացված են երկու անգամ, գործող պայմանագրեր են, իրավական արժեք ունեն, իրավական հետևանք ունեն սրանք»,- ասել էր փաստաբանը:

Նշենք նաև, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ այս գործն առնչություն ունի ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին, իսկ գումարն Առուստամյանից Խաչատրյանին փոխանցվել է վերջինի որդիների միջոցով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք էր առաջադրվել ևս երկու քրեական գործով:

ՀՀ քննչական կոմիտեն ապրիլի 8-ին տեղեկացրել էր, որ մեղադրանք է առաջադրվել «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ գլխավոր տնօրենին՝ Աբովյան փողոցում հյուրանոցային համալիր կառուցելու ընթացքում օրենսդրության պահանջները չպահպանելու դեպքով։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցները չքանդելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին։

ՀՔԾ-ում քննվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությանն առնչվող քրեական գործի շրջանակում 2019-ի սեպտեմբերի 19-ին մեղադրանք էր առաջադրվել Սեդրակ Առուստամյանին և նրան կալանավորելու որոշում էր կայացվել։ Սակայն սեպտեմբերի 22-ին Առուստամյանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: «Մուլտի Գրուպ»-ի տնօրենին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափով փողերի լվացման, ֆինանսական բուրգ ստեղծելու կամ ղեկավարելու, ինչպես նաև՝ հարկային պարտավորություններից խուսափելու համար։ Քրեական գործի քննությունը շարունակվում է։

Տեսանյութեր

Լրահոս