Բաժիններ՝

«Աշխատակիցները, որոնք չեն ենթարկվի այս կանոններին, նրանցից մենք շատ արագ կազատվենք». Երևանի փոխքաղաքապետը՝ մանկապարտեզների վերաբացման մասին

«Ուրբաթ օրը քաղաքապետի մոտ տեղի ունեցավ մեծ քննարկում վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ: Առանձնապես ուշադրություն դարձվեց մանկապարտեզների վերաբացման հարցին, և մի շարք կարևոր որոշումներ կայացվեցին՝ հիմնվելով պարետատան որոշումների վրա»,- Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված մամլո ասուլիսում տեղեկացրեց փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ հիշեցնելով, որ մանկապարտեզները Երևանում կվերսկսեն աշխատանքները մայիսի 20-ից:

Ըստ Տ. Վիրաբյանի՝ առաջնահերթություն է տրվելու այն երեխաներին, որոնց ծնողներն աշխատանքի բերումով չեն կարողանում ապահովել երեխաների խնամքը տանը. «Մանկապարտեզ գալու առաջնահերթություն են ունենալու այն երեխաները, որոնց ծնողներն աշխատում են, աշխատում է միայն մայրը, կամ սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ են»:

Փոխքաղաքապետը նշեց, որ նախնական հարցումներ են արվել Երևանի 161 մանկապարտեզների կողմից թվով 31.000 ծնողներին և նրանցից մոտ 11.000-ը համապատասխանել է նշված կարգավիճակին և ցանկություն է հայտնել երեխաներին բերել մանկապարտեզ:

«Մշակվել են անվտանգության բոլոր կանոնները, որոնցով պիտի առաջնորդվենք՝ սկսած մանկապարտեզի բակային տարածքի նշագրումից, որպեսզի ծնողները, պահելով սոցիալական հեռավորությունը, առավոտյան կարողանան երեխաներին բերել մանկապարտեզ:

Բացառում ենք ծնողներից որևէ մեկի մուտքը մանկապարտեզ. Երեխաներին դիմավորելու են մանկապարտեզի աշխատակիցները՝ հեռավար ջերմաչափում են անելու և, համոզվելով, որ երեխան չունի ջերմություն, ընդունում են մանկապարտեզ»,- հայտնեց  Տիգրան Վիրաբյանը՝ հավելելով, որ խմբերում երեխաների թիվը լինելու է 8-10:

Ի դեպ, ըստ բանախոսի՝ մանկապարտեզներում կհրաժարվեն այն խաղալիքներից, խաղատեսակներից, որոնք անվտանգ չեն լինի վարակի տարածման տեսանկյունից, և այն միջոցառումներից, որոնք ենթադրում են սերտ շփում:

Որոշակի կանոնների խստացում լինելու է նաև սննդի հարցում. «Այսօր քաղաքապետարանում քննարկում եմ ունեցել նաև սննդի մատակարարների հետ, որոնց հետ աշխատանքային նոր ձևաչափ և նոր կանոններ ենք մշակել: Որոշակի սննդատեսակներում արել ենք փաթեթավորման փոփոխություններ՝ սնունդն ավելի անվտանգ դարձնելու համար»:

Նա տեղեկացրեց նաև, որ այսօր և վաղը Երևան քաղաքի բոլոր մանկապարտեզներում կիրականացվեն ախտահանման միջոցառումներ, որը կշարունակվի ամեն օր:

Աշխատակիցների թեմային անդրադառնալով՝ Տ. Վիրաբյանը հայտնեց, որ ռիսկային խմբում գտնվող աշխատակիցներին (որոնք ընդհանուր թվի 20-22 տոկոսն են) հորդորվել է չգնալ աշխատանքի՝ պահպանելով նրանց աշխատավարձերի վճարումը, իսկ նրանց կփոխարինեն գործընկերները:

«Երևանի քաղաքապետարանը 1 ամսվա համար արդեն իսկ պատվիրել է 160.000-ից ավելի դիմակներ և մի քանի հազար լիտր ալկոգել, որը հնարավորություն կտա բոլոր աշխատակիցներին ապահովել համապատասխան պարագաներով:

Սա մեզ համար փորձություն է, մենք պիտի կարողանանք լավագույնս հաղթահարել այն, և այն աշխատակիցները, որոնք չեն ենթարկվի այս կանոններին, որոնք կվտանգեն երեխաների, երեխաների ընտանիքների կյանքերը, այդ աշխատակիցներից մենք շատ արագ կազատվենք:

Սա խստագույն պահանջ է, որ դրվել է վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցների վրա, մանկապարտեզների տնօրենների վրա, և մենք՝ և՛ վարչական շրջանի ղեկավարությունը, և՛ Երևանի քաղաքապետարանը, ամենօրյա խստագույն վերահսկողություն ենք իրականացնելու և անվտանգության կանոնները չպահպանողների հետ որևէ կոմպրոմիսային լուծման չենք գնալու՝ ուղղակի ազատվելու ենք նրանցից»:

Երևանի փոխքաղաքապետը վստահեցրեց նաև՝ աշխատակիցները, որոնք ուղղակի, առանց օբյեկտիվ հանգամանքի՝ կխուսափեն աշխատանքից, կվճարվեն միայն հարկադիր պարապուրդի համար, իսկ նրանք, ովքեր հասկանալով պահի կարևորությունը, պետության համար իրենց ծառայության անհրաժեշտությունը, կգան աշխատանքի, կվճարվեն իրենց ամբողջ աշխատավարձի չափով, և քաղաքապետարանը կփնտրի տարբերակներ՝ հավելյալ խրախուսման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս