«Այդքան հեռու և այդքան մոտիկ Ժնևը. ի՞նչ են քննարկել Մնացականյանն ու Լավրովը». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իրէջում գրում է. «Այդքան հեռու եւ այդքան մոտիկ Ժնեւը. ի՞նչ են քննարկել Մնացականյանն ու Լավրովը

Երեկ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը, որի մասին երկու կողմերի հաղորդագրությունների միջեւ Արցախյան հարցի մասին առկա տարբերությունները ակնբախ էին։

Եթե ռուսական կողմը բավարարվել է «քննարկվել է ղարաբաղյան կարգավորման պրոբլեմատիկան» լակոնիկ ձեւակերպմամբ, ապա Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում նախ նշվում է, որ նախարարների միջեւ հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ, ապա համեմատաբար ծավալուն հիշատակվում է ԼՂ հիմնախնդիրը։

Ի՞նչ է ասում ՀՀ ԱԳՆ-ն

Տարածված հայտարարությունը հետեւյալ կերպ է անդրադառնում խնդրին. «Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների հասցեագրման համատեքստում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորեց հակամարտության բոլոր կողմերի անվերապահ հանձնառությունն ապրիլի 21-ին Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ ընդունված հնգակողմ հայտարարության դրույթներին»։

Վերհիշենք, թե ի՞նչ է ասվում նախարարի հիշատակած ապրիլյան հնգակողմ հայտարարության մեջ բուն կարգավորման առնչությամբ. «Խորհրդակցությունների ընթացքում մասնակիցները քննարկեցին գլոբալ առողջապահական ճգնաժամի ազդեցությունը տարածաշրջանի վրա և վերջին զարգացումները տեղում: Նրանք նաև դիտարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում իրականացվող հաջորդ քայլերը՝ համաձայն 2020 թվականի հունվարի 30-ին Ժնևում արված իրենց համատեղ հայտարարության»։

Այսինքն, տվյալ հնգակողմ հայտարարությունն իր հերթին բովանդակային առումով հղում է անում այս տարի հունվարի 28-30 Ժնեւում տեղի ունեցած հանդիպման ամփոփիչ հայտարարության վրա։

Իսկ ինչի՞ մասին էր Ժնեւը։

Անցնենք այս դիվանագիտա-բառախաղային քվեսթի հաջորդ փուլին, ուստի թարմացնեմ ձեր հիշողությունը ժնեւյան հայտարարության երկու դրվագով.

1. «Եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են օրակարգային հետևյալ հարցերը. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը, կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը»։

2. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը»։

Ահա կարծես հասանք արմատին։

Փաստորեն երեկվա հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳՆ-ն կարեւրել է, ըստ էության, այս դրույթները։

Ժնեւի բանակցային մարաթոնն եզրափակող ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունից պարզ էր, որ.

1. Իրականում տեղի է ունենում ինտենսիվ բանակցային գործընթաց, որի մասին Հայաստանի իշխանությունները գերադասում էին լռել եւ ստիպված եղան ընդունել միայն Լավրովի հայտարարությունից հետո։

2. Սեղանին դրված է փաստաթուղթ, իր սկզբունքներով, տարրերով, օրակարգով եւ ժամանակացույցով, ինչը մինչեւ Լավրովի սառը ցնցուղը նույնպես պարբերաբար հերքում էր Նիկոլ Փաշինյանը։

3. Արցախի՝ բանակցային ձեւաչափ վերադարձնելու փաշինյանական խոստումը մնաց դիվանագիտության դասագրքերում, որպես epic failure. ներքին սպառման ուղերձ՝ արտաքին լիակատար ձախողման ֆոնին։

4. Հայկական կողմի համար խիստ կարեւոր է կոնֆիդենցիալության սկզբունքը, ինչը վստահաբար կշտամբանք էր Լավրովի հասցեին, ով «համարձակվեց» անել հայտարարություններ, որոնք հերքելու խիզախություն հայկական իշխանությունները չունեցան։ Թե ինչու է հայկական կողմն այս փուլում այդքան կարեւորում կոնֆիդենցիալությունը, այլեւս պարզ է. փորձ է արվում հայ ժողովրդից կրկին թաքուն պահել բանակցությունների բովանդակությունը «Լավրով, դու սուս» օպերացիայի շրջանակներում։

Այսպիսով, առաջնահերթ է դառնում կամ օր առաջ ստիպել Նիկոլ Փաշինյանին բացահայտել այս պահին քննարկվող բանակցային սկզբունքները եւ տարրերը, կամ հեռացնել նրան բանակցային սեղանից։

Իհարկե, մանրամասները եւ դետալները հրապարակելու կարիք չկա։ Սակայն հայ ժողովրդին հուզում է երկու կարեւորագույն հարցի պատասխան՝

1. Քննարկվող լուծումը փուլայի՞ն է թե փաթեթայի՞ն։
2. Բացառվու՞մ է Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում թե ո՞չ»։

Այդքան հեռու եւ այդքան մոտիկ Ժնեւը. ի՞նչ են քննարկել Մնացականյանն ու ԼավրովըԵրեկ տեղի է ունեցել Հայաստանի եւ…

Gepostet von Armen Ashotyan am Freitag, 15. Mai 2020

Տեսանյութեր

Լրահոս