Էրդողանի պատասխանը` Նեթանյահուին
Թուրքիայի նախագահականը կոշտ արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարությանը։
«Իսրայելի վարչապետի գրասենյակի լկտի և զառանցանք հիշեցնող հայտարարությունները, որոնք ուղղված են մեր նախագահի դեմ, զուրկ են թե՛ պատմական փաստերից, թե՛ քաղաքական լրջությունից, և ևս մեկ վկայությունն են այն հուսահատության, որը պատել է պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափող վարչակազմին։
Նեթանյահուի և նրա համախոհների կողմից ձեռնարկված այս էժանագին քաղաքական քայլը, որը նպատակաուղղված է ընտրական առավելություն ստանալուն, որևէ արձագանք չի գտնում ո՛չ սեփական հանրության, ո՛չ մեր տարածաշրջանի, ո՛չ միջազգային հանրության և ո՛չ էլ հենց Թուրքիայի շրջանում։
Ցեղասպանության մեղադրանքով միջազգային արդարադատության մեխանիզմների առջև հնարավոր պատասխանատվության կանչվելու վտանգի տակ գտնվող վարչակազմի կողմից արված այս անարժանապատիվ հայտարարությունները վկայում են այն մասին, թե որքան խորը և ինչ աստիճանի են Թուրքիայի ձայնն ու մեր նախագահի՝ հանուն ճշմարտության որդեգրած անսասան դիրքորոշումն անհանգստացնում որոշակի շրջանակների։
Ինչպես ակնհայտ է դառնում վերջին օրերին, Իսրայելում ընտրական արշավը հայտնվել է անվտանգության հարցերի վրա կենտրոնացած պոպուլիզմի և ահաբեկման գնալով ավելի ագրեսիվ քաղաքականության ազդեցության տակ։
Նեթանյահուի վարչակազմի՝ Թուրքիան որպես նոր սպառնալիք ներկայացնելու փորձը այդ էժանագին քաղաքական ռազմավարության մի մասն է։ Ահաբեկման այս քաղաքականությունը և լարվածությունը սրելու ձգտումը, որոնք իրականացվում են ներքին քաղաքական մրցակցության նպատակով, լուրջ վտանգներ են ստեղծում ոչ միայն իսրայելական հասարակության, այլև տարածաշրջանային ու գլոբալ խաղաղության և կայունության համար։
Ինչպես անցյալում, այնպես էլ այսօր Թուրքիան շարունակելու է հանդես գալ ընդդեմ բռնաճնշողի և ի պաշտպանություն ճնշվածի՝ վճռականորեն պաշտպանելով խաղաղությունը, արդարությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում՝ անկախ ամեն ինչից»։

