Վեճ և ընտանիք․ սիրո ու հավատքի ամենօրյա ընտրությունը
Երբ ընտանիք ենք կազմում, թվում է՝ ամենամեծ գործն արդեն արված է. գտել ենք մեր կյանքի սիրուն և հիմա միասին պիտի ապրենք Տիրոջ կողմից մեզ տրված կյանքը: Սակայն արդյո՞ք իրականում այդպես է:
Իրականում դեռ նոր է սկսվում ամենօրյա, մշտական մեր աշխատանքը, որ կոչվում է ընտանիքի պահպանում: Իսկապես, հեշտ է կայացնել որոշումը և դադարել ընտանիք համարվել մի մարդու հետ, որին նախկինում սիրել ես, սակայն բարդ է ամեն օր մեր քայլերով արժանանալ ընտանիք ունենալու բերկրանքին: Անշուշտ, լինում են նաև բացառություններ և դեպքեր, երբ այլևս անիմաստ է պայքարել սոսկ ընտանիք ունենալու համար, երբ այլևս չեք նայում նույն ուղղությամբ նախկինում սիրելի համարվող մարդու հետ:
Ընտանիքն ամեն օր միմյանց ընտրելու, ներելու և սիրելու ճանապարհ է։ Երբ մեր սիրելիի հետ վեճից հետո առանց երկար մտածելու ասում ենք «ներողություն» բառը, այդ ժամանակ ոչ միայն հարաբերությունները վեր ենք դասում մեր «ես»-ից, այլև ընտրում ենք Աստծուն:
Երբ վեճի պահին կարողանում ենք լռել և չասել այն խոսքերը, որոնք գիտենք՝ կվիրավորեն մեր սիրելիին, այդ ժամանակ ոչ միայն պահպանում ենք նրա արժանապատվությունը, այլև ընտրում ենք սերը՝ մեր բարկությունից վեր դասելով Աստծո պատվիրանը։
Երբ մեր սիրելիի հետ տարաձայնության պահին փորձում ենք ոչ թե ապացուցել, որ մենք ճիշտ ենք, այլ իսկապես լսել և հասկանալ նրան, այդ ժամանակ ոչ միայն մեր «ես»-ը մի կողմ ենք դնում, այլև ընտրում ենք Աստծուն՝ սեփական ճշմարտությունը հարաբերությունների խաղաղությունից վեր չդասելով։
«Ուրեմն` ոչ թե երկու, այլ մեկ մարմին են: Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթեոս 19:6): Ընտանիքը պահելը ամեն օր միմյանց ընտրելու մասին է։ Այն մասին է, որ հավատարիմ ենք Աստծուն տված մեր խոստմանը և մեր հարաբերություններում փորձում ենք ապրել Նրա պատգամների համաձայն։ Չէ՞ որ ընտանիքի ամրապնդման յուրաքանչյուր փոքր քայլ իրականում սիրո, հավատքի և Աստծուն ընտրելու քայլ է։

