Շմոլ գազի պատճառով ընտանիքի 4 անդամների մահվան դեպքի առթիվ քրեական գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Ալավերդի քաղաքում շմոլ գազի պատճառով ընտանիքի չորս անդամների մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Մինչդատական վարույթում իարկանացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ընտանիքի չորս անդամների մահվան պատճառը:
Նախաքննության ընթացքում նշանակված դատաճարտարագիտատեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մահվան պատճառ է հանդիսացել բնակարանում տեղադրված գազի ջեռուցման վառարանի սխալ տեղադրման և անվտանգության սահմանված նորմերի խախտումների արդյունքում բնակարան արտանետված շմոլ գազից թունավորումը:
Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ «Էյ-Ի-ՋԻ Սերվիս» ՍՊ ընկերության Լոռու ԳՀՏՍ ծառայության Ալավերդու տեղամասի փականագործը, պատասխանատու լինելով հիշյալ ընկերության պաշտոնական հրահանգով սահմանված իր աշխատանքային պարտականությունների և դրանց ոչ պատշաճ կատարման համար, իր կողմից սպասարկվող Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի 2/2-րդ շենքի 38-րդ հասցեում իրականացրել է գազասպառման համակարգերի ոչ պատշաճ և սպառողների կյանքի ու առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ներտնային տեխնիկական սպասարկման ծառայություն:
Այդ ընթացքում խախտելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության Լոռու ԳԳՄ-ի և բաժանորդի միջև վերակնքված «Բնական գազի մատակարարման» պայմանագրի պահանջները, ամբողջ ծավալով սպասարկում չիրականացնելու պատճառով չի հայտնաբերել գազի ջեռուցման վառարանի անվտանգ շահագործման համար շինարարական նորմերի պահանջներով նախատեսված առկա խախտումները տվյալ բնակարանում, չի կազմել համապատասխան ակտ ու չի արգելել հիշյալ խախտումով գազասպառման սարքավորման շահագործումը:
Արդյունքում՝ 2019 թվականի դեկտեմբերի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման սարքավորման շահագործման ժամանակ վառարանի ծխահեռացման անցուղու բացակայության, ծխագազերի քարշի արհեստական սահմանափակման պայմաններում այրման արգասիքները դուրս չեն մղվել մթնոլորտ, ամբողջությամբ լցվել են հյուրասենյակ, որի արդյունքում առաջացել է մարդու առողջության համար վտանգավոր քանակի ածխածնի մոնօքսիդի՝ շմոլ գազի թույլատրելի սահմանաքանակը գերազանցող կոնցենտրացիայի կուտակում հյուրասենյակում և հարակից տարածքներում, որի հետևանքով տեղի է ունեցել ընտանիքի չորս անդամների՝ ծնված 1971թ., 1972թ., 2004թ. և 2002թ., օրգանիզմի թունավորում, ինչն անզգուշությամբ առաջացրել է վերջիններիս մահը:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ տեղամասի փականագործին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,- ասված է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: