Մերձավոր Արևելք. նոր «առանցքի» ծնունդը. Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքը կարող է փոխել ուժերի դասավորվածությունը Մերձավոր Արևելքում. Անդրեյ Արեշև
Օգոստոսի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը Մեքքայում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ստորագրել են «հավաքական պաշտպանության մասին համաձայնագիր», որն ուղղված է «ագրեսիայի ցանկացած ձևերի հավաքական զսպման ամրապնդմանը», որը նախատեսում է, որ երեք պետություններից որևէ մեկի վրա զինված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում բոլորի վրա:
Կողմերի կոնկրետ պարտավորությունները, սակայն, դեռ չեն բացահայտվել։ Ընդ որում, նկատվում է որոշակի անալոգիա ՆԱՏՕ-ի պայմանագրի տխրահռչակ 5-րդ հոդվածի հետ։ Իրավիճակի նրբությունն այն է, որ Պակիստանը, հայտնի է, միջուկային զենք ունի։ Համաձայնագիրը նախատեսում է նաև երեք պետությունների միջև պաշտպանական համագործակցության զարգացում բոլոր ուղղություններով, նշվում է երեք երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ: Բացի համաձայնագրի ստորագրման վայրից, խորհրդանշական է թվում նաև ուրբաթը՝ մուսուլմանների համար հատուկ հավաքական աղոթքի օրը:
Համաձայնագրի շուրջ բարդ աշխատանքը տարվել է ավելի քան մեկ տարի՝ հենվելով նախկինում ձեռք բերված փաստաթղթերի և ոչ պաշտոնական պայմանավորվածությունների վրա, որոնք կոչված էին կարգավորելու և վերականգնելու թուրք-սաուդական փոխըմբռնումը։ Հիշեցնենք՝ 2011 թվականին Ռեջեփ Էրդողանը սատարեց զանգվածային բողոքի ցույցերը, որոնք հայտնի դարձան՝ որպես «Արաբական գարուն», այնինչ Ռիադը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բազմաթիվ երկրներ ընդգրկած ելույթները դիտարկում էր որպես սպառնալիք միապետական կառավարման համակարգին։ 2015-2016 թվականներին Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն միավորեցին ջանքերը՝ Լիբիայում Թուրքիային հակազդելու համար։ Նրանք նաև աջակցում էին ռազմական հեղաշրջման արդյունքում Եգիպտոսում իշխանության եկած նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիին, ում Էրդողանը սկզբում խստորեն քննադատում էր։
Այնուամենայնիվ, թուրք-սաուդական (ինչպես նաև թուրք-եգիպտական) փոխհարաբերություններում նախկին անվստահությունն աստիճանաբար հաղթահարվում էր բոլոր վերջին տարիներին՝ ամրապնդվելով պաշտպանական խոշոր պայմանագրերով։ Ավելի սերտ կապեր են ստեղծվել Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև, որոնք 2025 թվականի սեպտեմբերին ստորագրել են փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը։ 2026 թվականի մարտին Թուրքիայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բանակցություններ էին վարում Հավաքական անվտանգության համատեղ համակարգի ձևավորման շուրջ, որն առավել քան պահանջված էր մերձավորարևելյան ճգնաժամի ներկայիս միտումների հետ կապված:
Թվում է, թե ստորագրող պետություններից յուրաքանչյուրն առանձին-առանձին կարելի է դիտարկել՝ որպես ԱՄՆ-ի դաշնակից, թեկուզև պատրաստ չէ ամեն առիթով լսել տխրահռչակ «քեռի Սեմին»։ Այնուամենայնիվ, կարելի է վստահորեն պնդել, որ «Մեքքայի համաձայնագիրն» իսլամական աշխարհի երեք առաջատար պետությունների դիվանագիտական ջանքերի արդյունքն է՝ Մերձավոր Արևելքում ինչպես ամերիկյան ռազմական ներկայության, այնպես էլ՝ ընդհանրապես ռազմավարական պլանավորման տեսանելի դեգրադացիայի համապատկերին։
Ինչ արժե թեկուզ միայն Իրանի դեմ ագրեսիան, որը ստիպեց Թեհրանին պատասխանել Միացյալ Նահանգներին ու Իսրայելին՝ հարվածներ հասցնելով նաև Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի կազմի մեջ մտնող մի շարք արաբական միապետությունների տարածքում գտնվող տարբեր օբյեկտների: Ակնհայտորեն պատահական չէ, որ որոշ չարակամներ փորձեցին «Մեքքայի համաձայնագրին» յուրահատուկ մեկնաբանություն տալ՝ սկսելով դատողություններ անել առաջատար սուննի պետությունների դաշինքի մասին, որն իբր ուղղված է շիա Իրանի «զսպմանը»։ Սակայն հազիվ թե դա այդպես լինի. Անկարայում հայտարարել են, որ համաձայնագիրը կրում է բացառապես պաշտպանական բնույթ, ուղղված չէ որևէ կոնկրետ պետության դեմ և բաց է տարածաշրջանի այլ երկրների միանալու համար:
Կարելի է ենթադրել, որ առաջին հերթին խոսքը Եգիպտոսի Արաբական Հանրապետության մասին է. Էրդողանն ու աս-Սիսին մերձեցնում են դիրքորոշումները Գազայում Իսրայելի պատերազմի ընդհանուր մտահոգության համապատկերին, որը ՄԱԿ-ը ճանաչել է որպես ցեղասպանություն, ինչպես նաև ՑԱԽԱԼ-ի կողմից հարևան երկրների վրա պարբերական հարձակումների խորապատկերին: Ավելին, 2026 թվականի փետրվարին վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր «արմատական իսլամի երկու առանցքներին դիմակայող պետությունների սեփական առանցքը ստեղծելու մտադրության մասին։ Այս պետությունները հանդես են գալիս արմատական շիական առանցքի դեմ, որին մենք արդեն զգալի հարված ենք հասցրել, և ձևավորվող արմատական սուննիական առանցքի դեմ։ Հեռանկարում… մենք կստեղծենք մի ամբողջ համակարգ՝ յուրօրինակ դաշինքների վեցանկյուն, որը ներառում է Հնդկաստանը, արաբական երկրները, աֆրիկյան պետությունները, Հունաստանը և Կիպրոսը»։
Իսրայելում թուրք-սաուդա-պակիստանյան համաձայնագիրն ընկալում են որպես իրական սպառնալիք Անկարայի հետ հետևողականորեն վատթարացող հարաբերությունների համապատկերին։ Ոչ Պակիստանը, ոչ էլ Սաուդյան Արաբիան, չնայած կուլիսային որոշ շարժումներին, չեն ճանաչում «սիոնիստական ռեժիմը» և հազիվ թե դա անեն տեսանելի ապագայում, չնայած Սպիտակ տան և արտասահմանյան լոբբիստների փորձերին՝ առաջ տանելու, այսպես կոչված, «Աբրահամի համաձայնագրերը», որոնք ուղղված են Իսրայելին տարածաշրջանային մեկուսացումից դուրս բերելուն։
Պետք է ենթադրել, որ Մեքքայում ձևավորված պայմանավորվածությունները կնպաստեն Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև քաղաքական-դիվանագիտական սերտ համակարգմանը, ինչպես նաև լրացուցիչ խթան կհաղորդեն եռակողմ ռազմատեխնիկական միջոցառումներին, ներառյալ՝ սպառազինության արտահանման հնարավորության ընդլայնումը, ինչը հատկապես կարևոր է Թուրքիայի համար:
Պակիստանը մուսուլմանական աշխարհի միակ պետությունն է, որն ունի միջուկային զենք, և ամենևին էլ գաղտնիք չէ, որ համապատասխան տեխնոլոգիաներով ակտիվորեն հետաքրքրվում են և Էր Ռիադում, և Անկարայում։ Էներգառեսուրսներով հարուստ Սաուդյան Արաբիան G20 խմբի մեջ մտնող միակ արաբական երկիրն է, որի տարածքում են գտնվում Մեքքան և Մեդինան՝ մուսուլմանների ավանդական ուխտավայրերն ամբողջ աշխարհից:
Թուրքիայի Հանրապետությունը, որը գտնվում է միաժամանակ Ասիայում և Եվրոպայում, տնօրինում է ՆԱՏՕ-ի երկրների շարքում մեծությամբ երկրորդ բանակը և ունի սեփական ձայնը Ալյանսի ներսում, ինչը նույնպես կարող է հետաքրքրություն ներկայացնել գործընկերների համար։ Այսպիսով, ստորագրող կողմերից յուրաքանչյուրն օժտված է իր հատուկ առավելություններով, ինչը շահեկանորեն տարբերում է նորահայտ պաշտպանական դաշինքն այնպիսի կազմակերպություններից, ինչպիսիք են Արաբական պետությունների լիգան, վերոհիշյալ Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը կամ նույնիսկ Իսլամական համագործակցության կազմակերպությունը, որոնք ամեն քայլափոխի ցուցադրում են իրենց, մեղմ ասած, անբավարար գործունակությունը:
Ինչպես Մեքքայի իրադարձությունների վայրից ռեպորտաժում հայտարարել է Al-Jazeera-ի թղթակիցը, պայմանագիրն «ըստ էության միավորում է երեք խոշորագույն մուսուլմանական երկրները՝ ազդարարելով Մերձավոր Արևելքում անվտանգության այլ ճարտարապետության ձևավորման սկիզբը»: Թերևս, «միավորման» մասին խոսելը դեռ վաղաժամ է, քանի որ համաձայնագիրը դեռ պետք է անցնի ժամանակի փորձությունը։ Ընդդիմախոսներն ակնհայտորեն չեն պատրաստվում պարապ նստել, և այս կամ այն կոնֆլիկտային սյուժեների շուրջ նախկին տարաձայնությունները կարող են կրկին մտնել ակտուալ օրակարգ։ Այնուամենայնիվ, «Մեքքայի համաձայնագիրը» վկայում է տարածաշրջանային տերությունների՝ հավաքական անվտանգության սեփական համակարգը ձևավորելու ձգտման մասին՝ Մերձավոր Արևելքում անկայունության երկարաժամկետ մեծացման և անվերադարձ անցյալում մնացող ամերիկյան հեգեմոնիայի համապատկերին։
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի
Աղբյուրը՝ infoshos.ru

