Մեծ Բրիտանիայում գրանցվել է տարվա ամենաշոգ օրը․ ջերմաստիճանը հասել է +38,1-ի
Մեծ Բրիտանիայում օգոստոսի 13-ին գրանցվել է տարվա ամենաշոգ օրը․ Լոնդոնի հարավ-արևմուտքում գտնվող Քյուի Թագավորական բուսաբանական այգիներում ջերմաստիճանը հասել է +38,1-ի, գրում է The Guardian-ը։
Մեծ Բրիտանիայի Օդերևութաբանական ծառայության (Met Office) նախնական տվյալներով՝ դա կարող է դառնալ նաև երկրի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում հինգերորդ ամենաբարձր ցուցանիշը։
Ջերմաստիճանը մինչև 38°C բարձրացել է նաև Վուսթերշիր կոմսության Պերշոր քաղաքում։ Ընդհանուր առմամբ, Անգլիայի կենտրոնական և հարավային հատվածներում 40 օդերևութաբանական կայաններում գրանցվել է առնվազն +36 աստիճան։
Met Office-ի գլխավոր սինոպտիկ Նիլ Արմսթրոնգը ներկայիս ծայրահեղ շոգի ալիքը Մեծ Բրիտանիայում անսովոր շոգ ամռան հերթական դրվագ է որակել։
Լոնդոնում գիշերը ջերմաստիճանը չի իջնի +20-ից ցածր։ Met Office-ը նման գիշերները դասակարգում է որպես «արևադարձային»։
Ուրբաթ սպասվում է ջերմաստիճանի որոշակի նվազում, սակայն Անգլիայի հարավ-արևելքում օդը դեռ կարող է տաքանալ մինչև +34։ Հանգստյան օրերին տարածաշրջանում ջերմաստիճանը կմնա մոտ +30-ի մակարդակում, որից հետո հաջորդ շաբաթ սպասվում է աստիճանական վերադարձ կլիմայական նորմային։

