Լավ մոռացված հինը. ինչու են տարիներով ձգձգվում Իրանի հետ ռազմավարական ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես են նախագծերը մնացել թղթի վրա
Օրերս տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի Իրան կատարած այցից հետո, տպավորություն ստեղծվեց, թե Հայաստանն ու Իրանը համագործակցության նոր փուլ են սկսում՝ նոր ծրագրերով։ Բայց իրականում այն բոլորը ծրագրերը, որոնց մասին խոսվում է, վաղուց կային։ Դրանց հիմքերը դրել էին նախորդ իշխանությունները, որոնք, սակայն, վերջին տարիներին հաջողությամբ ձախողել կամ սառեցրել են գործող իշխանությունները։
Խոսքն ամենևին էլ միայն բարձրավոլտ երրորդ գծի կառուցման մասին չէ, որը վաղուց արդեն պատրաստ պիտի լիներ, բայց մինչև հիմա էլ կառուցվում է։ Հիմա էլ հույս են տալիս, որ գիծը պատրաստ կլինի այս տարվա վերջին։ Թեև էլի հույսեր չկան, որ այդ ժամկետն էլ կպահպանվի։ Մեկ անգամ չէ, որ հայտարարել են գծի կառուցման վերջնաժամկետի մասին, բայց այդ հայտարարությունները մնացել են օդում կախված։
Հիշեցնենք, որ երրորդ բարձավոլտ գծի կառուցումը, որը սկսել էին նախկին իշխանությունները, նախատեսվում էր ավարտել 2020թ. վերջին։ Արդեն 2026 թվականն է մոտենում ավարտին, սակայն այն դեռ շարունակում են կառուցել։
Այս գծի կառուցման կարևորության մասին բազմիցս է խոսվել։ Դա պիտի հնարավորություն տար կրկնապատկելու Հայաստանի ու Իրանի միջև իրականացվող գազի դիմաց էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալները։
Ծրագիրը գործում է՝ սկսած 2009թ., բայց ենթակառուցվածքների թողունակության խնդիրների պատճառով այն լիարժեք չի աշխատում։ Դրա համար էլ նախատեսվեց կառուցել երրորդ գիծը, ինչը էապես պիտի բարձրացներ ծրագրի արդյունավետությունը։ Սակայն գծի կառուցումն այնքան ձգձգեցին, որ գազի դիմաց էլեկտրաէներգիայի մատակարարման ծրագրի պայմանագրային ժամկետները գրեթե ավարտվեցին։
Անցած տարի այն ևս մի քանի տարով երկարացրեցին, բայց փոխվեցին նաև նախկինում հաստատված փոխանակումների չափաբաժինները։ Փոխվեց ի վնաս Հայաստանի։ Հիմա Հայաստանին այդ ծրագրի իրականացումից անհամեմատ ավելի քիչ գազ է մնում, քան ծրագրի մեկնարկին էր։
Սպասվում է, որ առաջիկայում այն էլի կարող է փոխվել։ Չնայած առանց դրա էլ գազի այն ծավալը, որը գործարքի արդյունքում այսօր մնում է Հայաստանին, երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումից ու փոխանակումների ավելացումից հետո էլ կմնա, շոշափելի ծավալ չի կազմի ներքին սպառման կառուցվածում։ Դրա հետ անիմաստ է մեծ հույսեր կապել։
Նույն կերպ անիմաստ է հույսեր կապել իրական գազի ուղիղ գնման հետ։ Իրանական գազը տեսականորեն կարող է այլընտրանք լինել Հայաստանի համար, բայց դրա գինը կլինի կրկնակի-եռակի բարձր, ինչը ոչ մի կերպ չի տեղավորվում Հայաստանի տնտեսության ու սպառողների վճարունակության մեջ։ Զարմանալի չէ, որ Հայաստանի իշխանություններն իրական գազն այլընտրանք չեն համարում ռուսականին։
Լավագույնը, որը կարող է լինել՝ գազի դիմաց էլեկտրաէներգիայի մատակարարման ընդլայնում է, որը տարեկան մի քանի տասնյակ միլիոն խորանարդ մետր լրացուցիչ գազ կարող է ապահովել Հայաստանի սպառողների համար, ուրիշ ոչինչ։
Ինչ մնում է Հայաստանով իրանական գազի տարանցմանը, ապա այս պահին դրա ոչ անհրաժեշտ ենթակառուցվածքը կա, ոչ էլ մոտ ապագայում կարող է լինել։
Վեց տարի առաջ պիտի գործեր Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գիծը, սակայն այսօր էլ չի գործում։ Ձախողել են ոչ միայն այդ, այլև Իրանի հետ նախատեսված մյուս ծրագրերը, որոնց հիմքերն էլի նախկինների ժամանակ են դրվել։
Այդպիսի ծրագրերից մեկն էլ Արաքս գետի վրա հէկ-ի կառուցումն էր։ Խոսքն այն նույն Մեղի հէկ-ի մասին է, որը շատ վաղուց համաձայնեցված էր Իրանի հետ։ Դեռևս 2007թ. մարտի 19-ին Մեղրիում Հայաստանը և Իրանը ստորագրեցին միջկառավարական համաձայնագիր, որով նախատեսվում էր կառուցել երկու փոխկապակցված հէկ՝ Մեղրի հէկ-ը՝ հայկական կողմում, և Ղարաչիլար հէկ-ը՝ իրանական կողմում։
Հետագայում հայկական կողմում տեղի ունեցավ նաև հէկ-ի կառուցման հիմնարկեքի արարողություն։ Բայց կառուցումը հետաձգվեց, իսկ ՔՊ-ականների իշխանության գալուց հետո, կարելի է ասել, հանվեց օրակարգից։
Մի պահ որոշվեց, որ պետք է փոխել հէկ-ի կառուցման պարամետրերը, նվազեցնել հզորությունը։ Բայց դա էլ չիրականացվեց։ Վերջին 6-7 տարիներին իշխանություններն այդ մասին երբևէ չեն էլ հիշատակել, ու այնպես է ստացվել, որ նախկինների օրոք նախաձեռնված ծրագիրը մնաց թղթի վրա։
Նույնը վերաբերում է նաև Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկական միջանցքի ստեղծմանը, որի հիմքերը դրվել են 10-11 տարի առաջ։ Այդ միջանցքի ստեղծման գործում մեծ աշխատանքներ էին իրականացրել այն ժամանակվա իշխանությունները։ Հայաստանի նախաձեռնությամբ Երևանում 2015թ. կայացավ քառակողմ հանդիպում, ստորագրվեց փոխընմբռնման հուշագիր։ 2016թ. տեղի ունեցավ երկրորդ հանդիպումը, որի ընթացքում ստորագրվեց նաև Հյուսիս-Հարավ միջանցքի ստեղծման ճանապարհային քարտեզը։
Իշխանափոխությունից հետո այս ռազմավարական ծրագիրն էլ անցավ պատմության գիրկը։ Դրա իրականացման համար նախատեսվող կարևոր ենթակառուցվածքային ծրագրերից մեկը՝ քաղաքական դրդապատճառներով, բախվեց իշխանությունների հարուցած խոչընդոտների հետ։
Խոսքը Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ գծի կառուցման ծրագրի մասին է, որը պիտի դառնար Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շարունակությունը՝ ապահովելու միջանցքի թողունակությունը։
Այս հանգույցը նախատեսվում էր գործարկել 2020-2021թթ.։ Այդ ժամանակ պիտի կառուցված լինեին ինչպես Իրան-Հայաստան երրորդ, այնպես էլ՝ Հայաստան-Վրաստան նոր գծերը։ Տարիներ հետո ունենք այն, որ երկուսն էլ չեն գործում։
Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումը նույնիսկ չի էլ մեկնարկել։ Չնայած ժամանակին դրա իրականացման համար արդեն բավական մեծ ծավալի աշխատանքներ կատարվել էին։ Լուծվել էին նաև ֆինանսավորման, առնվազն առաջին փուլի ֆինանսավորման հետ կապված հարցերը։
Ընտրվել էր ծրագրի իրականացման խորհրդատու, հայտարարվել էր մրցույթ կապալառուների ընտրության համար։ Սակայն հետագայում այդ ամենը չեղարկեցին ու ծրագրի իրականացումը կանգնեցրին փաստի առաջ։ Վերջին տարիներին մի քանի անգամ մրցույթներ են հայտարարել կապալառու ընկերություններ ընտրելու համար, սակայն բոլոր փորձերը ձախողվել են։
Այսօր էլ ծրագրի իրականացումը գտնվում է այն նույն փուլում, ինչ 8 տարի առաջ։ Չհաշված, որ այս ընթացքում Հայաստանը հասցրել է տույժ-տուգանքների տեսքով զգալի գումարներ վճարել վերցրած վարկերը չիրացնելու դիմաց։
Այսքանից հետո, Իրանի հետ ինչ-որ անհավանական պայմանավորվածություններից են խոսում, երբ դրանք շատ վաղուց արդեն կային ու ձգձգվեցին, հետաձգվեցին կամ սառեցվեցին ՔՊ իշխանության տարիներին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

