«Ռուսական կողմն իր հայտը պետք է հետ վերցնի, հակառակ պարագայում՝ ՀԾԿՀ-ն այն պետք է մերժի». Էդմոն Մարուքյանը՝ գազի սակագնի մասին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ և Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, պետք է գազի համար ունենա հնարավորինս էժան գներ:
«Գազի գնի մասով ռուսական կողմի հայտի հետ կապված՝ հենց հաջորդ օրը հայտարարել եմ, որ Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը պետք է մերժի՝ ելնելով այն իրավիճակից, որ նախ՝ միջազգային շուկայում նավթագազային մթերքն էժանացել է, նաև այն հանգամանքից, որ մենք խորը ճգնաժամի մեջ ենք: Եթե մենք գտնվում ենք մեկ գործընկերային հարթությունում, խոսքը ԵԱՏՄ-ի մասին է, ապա մենք չենք կարող մեր գործընկերների նկատմամբ, այն էլ՝ ճգնաժամի պայմաններում, նման մոտեցումներ դրսևորել: Այո, ռուսական կողմն իր հայտը պետք է վերցնի և տանի, եթե չտանի, Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովն այն պետք է մերժի»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Անդրադառնալով արտակարգ դրությանը և հարցին՝ ի՞նչ կարծիքի է՝ արդյո՞ք արտակարգ դրությունը պետք է հանվի, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ արտակարգ դրությունը երկարացնողներն իրենք չեն, քանի որ շարունակում է մնալ այն կարծիքին, որ արտակարգ դրությունը երկարաձգելու կարիք չկար, և սահմանափակումները պետք է պահպանվեին կրթական հաստատություններում և ժամանցի վայրերում՝ հավաքների հետ կապված:
«Օրինակ, այսօր 72 վարակակիր է արձանագրվել, և ունենք իրավիճակ, երբ տնտեսությունն ենք կործանում և առողջապահական իմաստով կանգ չունենք, այսինքն՝ վարակը շարունակվում է, հետևաբար՝ պետք է սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում: Հիմա հարց, Դատախազությունից հայտարարել են, որ իրենց մոտ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել, այն փակե՞լ են, չեն փակել, չէ՞, աշխատում են: Հիմա նույնն էլ պետք է մյուս հիմնարկներում անենք: Ինչպե՞ս է ստացվում, որ մի տեղում կարելի է նման պայմաններում աշխատել, մեկ այլ վայրում՝ ոչ: Մեկ ամիս արդեն անցել է, մեր առողջապահական համակարգն այս ընթացքում բավականին պատրաստվել է, երբ նայում ենք մեր թվերին, մենք գտնվում ենք լավ վիճակում, ուստի այդ լավ վիճակից օգտվելով՝ կարելի է քիչ-քիչ տնտեսությունը բացել: Մենք այլընտրանք չունենք, քանի որ մենք հարուստ երկիր չենք, չունենք բարձիկներ, որոնք կարող ենք օգտագործել»,- շեշտեց նա:
Ըստ նրա, դեռ հարց է՝ մարդիկ, որոնք այսօր տանը նստած սպասում են, որ դուրս գան աշխատելու, այդ աշխատատեղերը կա՞ն, թե՞ ոչ:
Դրա հետ կապված էլ Կառավարությունը ստեղծել է 14 ծրագիր, որոնք, Մարուքյանի կարծիքով՝ հնարավորինս բարդացված են, որ հանկարծ մի ունևոր այդ գումարներից չստանա, բայց դրա փոխարեն՝ հազարավոր աղքատներ չեն ստանում:
«Խոսակցություններ կան, որ մեր քաղաքացիներից փող են ուզում, որ Սոցապի դիմում լրացնեն, նաև խոսակցություններ կան, որ ընկերություններ կան, որոնք աշխատողներին ասում են՝ եթե այդ գումարներից ստացել են, ուրեմն աշխատավարձից պահումներ կանեն, ընկերություններ էլ կան, ասել են, որ այդ գումարը հետ տան»,- հավելեց Էդմոն Մարուքյանը: