Թուրքիան իր փոքրամասնություններին սնանկացրել էր ահռելի մեծ հարկեր պարտադրելով
1915-23 թթ․ Օսմանյան կայսրությունից փոքրամասնությունների գրեթե ամբողջական ֆիզիկական ոչնչացումից հետո, Թուրքիայի կառավարությունը 1941-ին ձեռնամուխ եղավ մնացած հայերի, հույների, հրեաների և որոշ թուրք մահմեդականների ֆինանսական կործանմանը:
Նախկինում Անկարայում բնակվող թուրք լրագրող և քաղաքագետ Ուզեյ Բուլութը համապարփակ հոդված է տեղադրել greekcitytimes.com կայքում՝ «Ունեցվածքի հարկի մասին» օրենքը․ ինչպես է Թուրքիան հեռացրել ոչ մահմեդականներին տնտեսությունից» խորագրով։
Այն ժամանակվա վարչապետ Շուքրու Սարաչօղլուի ազգայնամոլական կառավարությունը 1942 թ․ նոյեմբերի 11-ին ընդունեց «Ունեցվածքի հարկի մասին» օրենքը։ Թեև փոքրամասնությունների ցեղասպանությունը Թուրքիայում վերջին տասնամյակների ընթացքում մեծ ուշադրության է արժանացել միջազգային հանրության կողմից, սակայն հարկերի միջոցով նրանց ունեցվածքի բռնագրավումն այդքան էլ լավ չի լուսաբանվել։ Ստամբուլում բնակվող փոքրամասնությունները զանգվածային տեղահանությունների չեն ենթարկվել Օսմանյան իշխանությունների կողմից՝ այդ քաղաքում օտարերկրյա դեսպանությունների ներկայության պատճառով, որն այն ժամանակ Օսմանյան կայսրության մայրաքաղաքն էր:
Թուրք մտավորական Բաշաք Ինչեն գրել է, որ հայտարարված նպատակն էր` «հարկել նախկինում չհարկվող առևտրային ունեցվածքը և զսպել Երկրորդ աշխարհամարտի գնաճը։ Սակայն, դրա հիմնական պատճառը փոքրամասնություններին տնտեսությունից հեռացնելն էր և ոչ մահմեդական բուրժուազիայի փոխարինումը իր թուրք գործընկերներով»։
Թուրք ուսումնասիրող Ռիդվան Աքարը, որը գիրք է գրել չափազանց մեծ «Ունեցվածքի հարկի» մասին, այն անվանելով «տնտեսական ցեղասպանություն փոքրամասնությունների դեմ»:
Ահա չորս խմբերը և նրանց նկատմամբ կիրառված հարկերի տոկոսները 1941 թ․ հարկային օրենսդրության համաձայն` հայեր (232 տոկոս), հրեաներ (179 տոկոս), հույներ (156 տոկոս) և մահմեդականներ (4,94 տոկոս):
«Օրենքի կիրառման եղանակը խայտառակություն էր», գրել է քաղաքագիտական գիտությունների դասախոս Ինչեն։ «Հավատափոխները վճարում էին մոտավորապես երկու անգամ ավելի, քան մահմեդականները, մինչդեռ ոչ մահմեդականները՝ տասն անգամ ավելի շատ։ Բացի այդ, ոչ մահմեդականները պարտավոր էին 15 օրվա ընթացքում իրենց հարկերը վճարել կանխիկ գումարով. ինչի հետևանքով նրանք ստիպված էին ցածր գներով վաճառել իրենց բիզնեսները կամ ունեցվածքը մահմեդական գործարարներին՝ պարտքը փակելու համար։ Օրենքը կիրառվում էր նաև շատ աղքատ ոչ մահմեդականների նկատմամբ (26 000 հոգի), ինչպիսիք էին վարորդները, բանվորները և նույնիսկ մուրացկանները, մինչդեռ նրանց մահմեդական գործընկերները պարտավոր չէին վճարել որևէ հարկ»:
Նրանք, ովքեր չէին կարողանում վճարել հարկերը, ուղարկվում էին Էրզրումի մոտակայքում գտնվող Ասկալե քաղաքի աշխատանքային ճամբարները, արտաքսվում էին կամ նրանց ունեցվածքը առգրավվում էր կառավարության կողմից», գրել է Բուլութը։
Հեղինակ Սիդնի Նովիլն նկարագրել է աշխատանքային ճամբարը որպես «մի տարածք, ուր ձմեռն ավելի դաժան է, քան Մոսկվայում»։ Հարկային պարտապաններին ստիպել են քարեր կոտրել, սակայն ողբերգությունը դրանով չի ավարտվել․․․
Ինչեն գրել է՝ «40 հազար հարկային պարտապաններից մոտ 5 հազարին ուղարկեցին այս ճամբարները, և բոլորն էլ ոչ մահմեդական համայնքների անդամներ էին։ Դժբախտաբար, 21 մարդ մահացավ այդ ճամբարներում, իսկ կառավարությունը յուրացրեց նրանց ունեցվածքը և այն ցածր գնով վաճառեց թուրք մահմեդականներին»։
Բացի այդ, «Կառավարությունը բռնագրավեց նաև հարկային պարտապանների մերձավոր հարազատների ունեցվածքը, նույնիսկ եթե նրանք ուղարկվել էին աշխատանքային ծառայության»:
Բուլութը մեջբերել է նաև պատմաբան Քորի Գուդշտադին, որն իր՝ «Թուրքիան, հրեաները և Հոլոքոստը» գրքում գրել է Թուրքիայի փոքրամասնությունների ոչ մահմեդական քաղաքացիների՝ «Ունեցվածքի հարկի» պատճառած ֆինանսական և հոգեբանական կործանման մասին։ «Մարդիկ, որոնք ի վիճակի չէին վճարել, դիմումի դեպքում ստանում էին երկշաբաթյա երկարաձգում, սակայն տոկոսադրույքը գանձվում էր նաև այս ժամանակահատվածի համար։ Բազմաթիվ ընտանիքներ ստիպված էին վաճառել իրենց խանութներն ու բիզնեսները, իրենց տները, նույնիսկ գորգերը, կահույքը և կենցաղային այլ իրեր, որպեսզի հավաքեն հարկերի գումարները… Որոշ մարդիկ հուսահատությունից ինքնասպան էին լինում։ Արտասովոր հարկեր էին գանձվում նաև օտարերկրյա հրեաներից, և եթե նրանք ի վիճակի չէին վճարել, նրանց ունեցվածքը բռնագրավվում էր մինչև մահճակալներն ու պահարանները: Չնայած օրենքը սահմանում էր, որ 55-ից բարձր տարիքի մարդիկ ազատված են աշխատանքային ծառայությունից, սակայն 75 և 80 տարեկան տղամարդկանց և նույնիսկ հիվանդ մարդկանց քարշ էին տալիս երկաթուղային կայարան և արտաքսում»։
Թուրքիայի վարչապետ Սարաչօղլուն այն ժամանակ հայտարարել էր. «Այս կերպ մենք վերացնելու ենք օտարերկրացիների խիստ վերահսկողությունը մեր շուկայում և թուրքական փողերը դնելու ենք թուրքերի ձեռքը»։
Թուրք ուսումնասիրող Սայիթ Չեթինօղլուն շատ է ուսումնասիրել և գրել Թուրքիայի կառավարության «Ունեցվածքի հարկի» քաղաքականության մասին՝ պատմական փաստաթղթերի և զոհերի վկայությունների հիման վրա: Հունական ծագմամբ մի թուրք կնոջ՝ Մարիկա Շիշմանօղլուի խոսքերով, նրա հայրը հարկադրված էր վճարել ահռելի մեծ հարկ՝ 30 հազար թուրքական լիրա, և ստիպված է եղել վաճառել ինչպես իր երկու տները, այնպես էլ խանութը, և դեռ չի կարողացել վճարել ամբողջ գանձվող գումարը։ Ուստի, նրան արտաքսել են Ասկալեի աշխատանքային ճամբար։ Նրա հորեղբոր վրա ևս աննախադեպ մեծ հարկային բեռ է դրվել և նրան հասցրել են ֆինանսական կործանման։ Նրան ևս արտաքսել են Ասկալե։ Նրա հայրը սրտի կաթվածից մահացել է Սիվրիհիսարի աշխատանքային ճամբարում, 57 տարեկան հասակում:
««Ունեցվածքի հարկը» չեղյալ հայտարարվեց 1944-ի մարտին՝ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների քննադատության ճնշման ներքո», գրել է Բուլութը: «Դա, այսպես կոչված, «աշխարհիկ» Հանրապետական ժողովրդական կուսակցությունն էր (CHP), որը սահմանեց այս «ջիզիա-kafir [անհավատ] հարկը» Թուրքիայի ոչ մահմեդական քաղաքացիների վրա»:
Թուրք լրագրող Բյուլթը եզրափակել է. «Թուրքիայի հիմնադիրներն ու գաղափարախոսները, 1923-ին Թուրքիայի Հանրապետությունը հիմնելուց ի վեր, քարոզել են խտրական և թուրքական գերազանցության մտածողություն, որը բացահայտել է իրեն՝ «Թուրքիան՝ թուրքերի համար» կարգախոսի ներքո: Բոլոր հաջորդ կառավարությունները գիտակցաբար փորձել են կյանքի կոչել այս կարգախոսը՝ կրոնական փոքրամասնությունների կյանքը վերածելով դժոխքի երկրի վրա։ Իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության կառավարության ագրեսիվ քաղաքականությունն ընդդեմ ոչ մահմեդականների՝ պարզապես այս մտածելակերպի շարունակությունն է»։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի