Թեհրանից զանգ է եղել. Իրանն ու ՌԴ-ն առաջարկել են զորք ուղարկել Արցախ. Դավիթ Ջամալյան

Հայ-ադրբեջանական սահմանին ժամանակավոր անդորր է՝ մեծ փոթորկից առաջ։ Ադրբեջանական բոլոր առաջխաղացումներն ու դիրքային բարելավումները ՀՀ ինքնիշխան տարածքում, ըստ էության, ռազմական պլացդարմներ են Հայաստանի դեմ հետագա ագրեսիան զարգացնելու նպատակով։ Այսպիսի գնահատական տվեց 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ խոսելով Հայաստանի դեմ ադրբեջանական նոր ագրեսիայի սպառնալիքների և ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի ազդեցությունների թեմայի շուրջ։

Ռազմական փորձագետը ներկա ռազմաքաղաքական իրավիճակը համեմատում է մինչև 2020 թվականի Քառասունչորսօրյա աղետալի պատերազմը տիրող իրավիճակի հետ։

«Հիշո՞ւմ եք՝ 2018-ին այս աղետը որ մեր գլխին եկավ, ադրբեջանցիները զորավարժություններ էին անցկացնում նախիջևանյան ուղղությամբ, Երասխ-Արենի հատվածում չեզոք գոտին կրճատեցին և զգալիորեն առաջ եկան, հետո, կարծես թե, ամեն ինչ հանդարտվեց, խաղաղության ֆոն, և պայթեց Քառասունչորսօրյան։ Հիմա կրկին մեծ աղետից առաջ ժամանակավոր դադար է, որպեսզի բրիտանա-թուրքա-ադրբեջանական խամաճիկը կարողանա վերարտադրել իր իշխանությունը Հայաստանում, և այդ խաղաղության պատրանքն աշխատի»,- մեկնաբանում է Դավիթ Ջամալյանը։

Կարդացեք նաև

Ջամալյանն ընդգծում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության և հարմար պահի է սպասում իրանական պատերազմի համատեքստում հարվածելու Հայաստանին։ Ռազմական փորձագետը կանխատեսում է Ադրբեջանի նոր ռազմական ագրեսիա Հայաստանի դեմ և առավել հավանական է համարում, որ դա տեղի ունենա հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք ԱԺ ընտրություններից հետո, եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի վերարտադրել իր իշխանությունը։

«Հիմա դեռ չեն կրակում, բայց որ Ադրբեջանը խաղաղության պատրաստ չէ, նա հարմար պահի է սպասում հենց այս իրանական կոնտեքստում, թե երբ է Իրանը թուլանալու, որ հարվածի ու նախ և առաջ՝ մեզ հարվածի, Սյունիքը վերցնի՝ ունենալով Արևմուտքի, Թուրքիայի, Իսրայելի աներկբա աջակցությունը, և այս պահի դրությամբ մեզ այդ աղետալի սցենարից փրկում է այն, որ իրանական պետականությունը կանգնուն է»,- նշում է ռազմական փորձագետը։

Ջամալյանի խոսքով՝ ՀՀ սահմանի մեջ սեպաձև մխրճումներով թշնամին նախապատրաստում է պլացդարմ՝ տարբեր հատվածներից առաջխաղացում ապահովելու և Սյունիքի, Վայոց ձորի տարածքները մասնատելու համար։ Ըստ փորձագետի՝ պլացդարմը պատրաստվել է Ներքին Հանդի, Սև լճի, Ջերմուկի և այլ ուղղություններով։ Փորձագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրության պարագայում ոչ միայն Ալիևը, այլև Թուրքիան, Բրիտանիան, Եվրամիությունը, Թրամփի վարչակազմն առավելագույն նպատակ ունեն Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների, և զուգահեռաբար՝ Ալիևը ԹՐԻՓՓ-ի անվան տակ ստանում է միջանցքը։

Այս համատեքստում նա ուշադրություն է հրավիրում Ալիևի այն հայտարարության վրա, որ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սակայն կես տարի անց կարող է փոխել իր դիրքորոշումը։

Դավիթ Ջամալյանի վերլուծությամբ՝ Ադրբեջանն իր վերոնշյալ ծրագրով ստրատեգիական երկու խնդիր է փորձում լուծել.

«ԹՐԻՓՓ-ը բերելու է Մեղրու հատվածի թրքացմանը ենթակառուցվածքների անվան տակ, բնակեցնելու են նախ և առաջ ԹՐԻՓՓ-ին հարակից հատվածները թուրքերով. դիմադրության իսպառ բացակայության պայմաններում ներխուժման իմաստ չկա. կգան-կհաստատվեն, մի 5 տարի հետո ինքնավարություն կպահանջեն, դրանից հետո փորձի մերժել, էդ ժամանակ կամ ինքնավարություն ես տալու արդեն եկած թուրքերին, կամ կռիվ ես անելու։

Եթե կռիվ ես անելու, արդեն քո գործը հարյուրապատիկ անգամ բարդանում է, որովհետև ոչ միայն սեպաձև ճեղքումներով պլացդարմն արդեն պատրաստ է, այլև թիկունքն ամուր չէ, որովհետև արդեն տարբեր տեղերում եկել-հաստատվել են։ Ադրբեջանն էլ կհիմնավորի, որ «իր սահմանադրությամբ Հայաստանի տարածքների 60 տոկոսն իրենն է, և ինքը հակաահաբեկչական գործողություն է իրականացնում՝ իր տարածքն ազատագրելու համար», ու մենք ոչինչ չենք կարող ասել, որովհետև ըստ խաղաղության պայմանագրի՝ Նիկոլ Փաշինյանը չի պահանջել, որ Ադրբեջանն իր սահմանադրության մեջ փոփոխություններ անի։

Բացահայտ ասել է, որ մենք գիտենք, որ Ադրբեջանի սահմանադրության համաձայն՝ մեր տարածքի մոտ 60 տոկոսն Ադրբեջան է, բայց մենք չենք պահանջում, որ իրենք փոխեն, որովհետև Ալիևը հայտարարում է, որ ընդունում է տարածքային ամբողջականությունը։ Սա նշանակում է մեզ բոլորին հիմարի տեղ դնել։ Եթե դա չես պահանջում, ուրեմն լեգիտիմացնում ես իր ապագա հարվածը, դրա համար Նիկոլի իշխանությունը պատերազմ բերող իշխանություն է։ Նախ, թուրքերին բերելով՝ էդ կռիվը մեր փողոցներն է բերելու, հետո էլ էդ թուրքերը որ ուզենան ինքնավարություն՝ արդեն Ադրբեջանն, իր սահմանադրությունը դրոշակ դարձրած, հարվածելու է։ Սա առավելագույն նպատակն է»։

Սակայն, ըստ փորձագետի, եթե Ալիևը տեսնի, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում վերարտադրվել, չի բացառվում, որ Ադրբեջանը հարված հասցնի առաջիկայում՝ մինչև ընտրությունները՝ այն հույսով, որ Հայաստանում ռազմական դրություն կմտցնեն և ընտրությունները կչեղարկեն։

«Հետո պիտի հասկանանք, որ եթե Նիկոլը չի վերարտադրվում, չի ստացվում իր վերարտադրությունը, ինքը կորցնում է հետաքրքրությունն իր անգլո-թուրքական տերերի, Ալիևի համար։ Իրենք կարող են ինչ-որ երաշխիքներ տալ, բայց այդ դեպքում Նիկոլն իրենց պետք է մի բանի համար՝ քանի դեռ դու ես իշխանության, ինչ հնարավոր է՝ վերցնենք, և Ալիևի երեկվա հայտարարությունը, որ մենք կարող ենք կես տարի անց մեր դիրքորոշումը փոխել, հուշում է այն մասին, որ իրենք ավելի շատ հակված են այն մտքին, որ Նիկոլի իշխանությունը չի վերարտադրվի, և ինքը դրանով նախապատրաստում է նոր ագրեսիայի ինֆորմացիոն-դիվանագիտական ֆոնը»,- շարունակում է փորձագետը։

Դավիթ Ջամալյանի կարծիքով՝ «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունը Վարդենիսի ու Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական նոր ներխուժումների մասին ոչ միայն համապատասխանում է իրականությանը, այլ այն հանրահայտ ճշմարտությունն է, որ գիտեն բոլորը, և եթե Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ՊՆ-ն հերքում է ինչ-որ բան, նշանակում է՝ ինչ-որ բան կա, և կասկածները պետք է ավելի խորանան։

Ռազմական փորձագետը մեծ կարևորություն է տալիս հզոր դաշնակից ունենալուն՝ նշելով, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական շահերը համընկնում են։ Ջամալյանի խոսքով՝ Ռուսաստանի շահերից է բխում, որ մասնավորապես՝ Սյունիքը և Արցախը լինեն հայապատկան։

«Ռեվյու»-ի հարցին ի պատասխան, թե այդ դեպքում ինչո՞ւ ռուսական խաղաղապահ զորախումբը թույլ տվեց Արցախի ամբողջական զավթումն Ադրբեջանի կողմից, ռազմական փորձագետը պատմեց ուշագրավ մանրամասներ Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական ագրեսիայի օրերին՝ 2023 թվականի սեպտեմբերին, տեղի ունեցած իրադարձություններից։ Նրա խոսքով՝ Արցախի բլոկադան «նիկոլա-ալիևյան համատեղ ակցիան էր հայկական շահի դեմ»։

Դավիթ Ջամալյանի պատմելով՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ի կեսօրին Իրանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանին (կամ գլխավոր շտաբի պետ Մոհամադ Հոսեյն Բաղերին) այդ ժամանակ Թեհրանում գտնվող ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ներկայությամբ կապվել է ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ առաջարկելով Իրանի և Ռուսաստանի օգնությունը բլոկադան ճեղքելու և Արցախ մտնելու համար։ Դավիթ Ջամալյանը հղում է անում ռուսաստանահայ արևելագետ Կարինե Գևորգյանի հրապարակած տվյալներին։

«Մեր հայրենակից, արևելագետ Կարինե Գևորգյանը սեպտեմբերի 20-ին «Գոլոս Մոսկվի» ռադիոընկերության եթերում հայտարարել է, որ եղել զանգ իրանական կողմից, որտեղ նաև Շոյգուն էր գտնվում, և առաջարկվել է «Հայաստանի տարածքն իբրև հիմք օգտագործել՝ իրավիճակն Արցախում կայունացնելու համար»։ Այս ձևակերպումն իրենն է։ Եթե բացենք այս դիվանագիտական ձևակերպումը, սա նշանակում է, որ ինչ-որ ուժեր պետք է մտնեին ՀՀ տարածք Իրանից, ճեղքեին բլոկադան, հասնեին Արցախ։ Բայց հիշեք՝ ինչ է տեղի ունեցել։ Անվտանգության խորհրդի նիստ տեղի ունեցավ այդ պահին, և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ԱԽ-ն որոշեց չմիջամտել, քաշվել մի կողմ։ Եվ հիշենք, որ մինչ Արցախի դեմ 2023-ի սեպտեմբերյան ագրեսիան տեղի էր ունեցել հեռախոսազրույց Էրդողանի և Փաշինյանի միջև»,- նշեց փորձագետը։

Դավիթ Ջամալյանի խոսքով՝ ընդ որում, այդ զանգը Թեհրանից երկու անգամ է եղել՝ ոչ միայն սեպտեմբերի 19-ի կեսօրին, այլև ուշ երեկոյան։ Նա նաև հավելեց, որ Փաշինյանը խոստովանել է դա՝ հայտարարելով, որ մեզ փորձում էին ներքաշել պատերազմի մեջ։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս