Ալի Լարիջանիի գործոնը. Իրանը կգնա՞ տոտալ էսկալացիայի, թե՞ կնահանջի

Մերձավորարևելյան ճգնաժամը թևակոխել է լարվածության նոր և անկանխատեսելի փուլ։ Իսրայելի Պաշտպանության նախարար Իսրայել Կացի սենսացիոն հայտարարությունն այն մասին, թե ՑԱԽԱԼ-ի վերջին հարվածների արդյունքում սպանվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար և երկրի հոգևոր առաջնորդի հատուկ խորհրդական Ալի Լարիջանին, ցնցել է միջազգային հանրությունը։

Մինչ Թեհրանը դեռևս պաշտոնապես չի հաստատում այս լուրը, իսկ սոցիալական ցանցերում հայտնվում են Լարիջանիի անունից հրապարակված հնարավոր հայտարարություններ, տեղեկությունները, մամուլում ու համացանցում ամենատարբեր են։

Ալի Լարիջանիի կերպարը պարզապես պետական պաշտոնյայի կերպար չէ. նա Իրանի քաղաքական վերնախավի ամենաազդեցիկ և փորձառու դեմքերից մեկն է, ով տասնամյակներ շարունակ եղել է երկրի ռազմավարական որոշումների կայացման կենտրոնում։ Նման մակարդակի գործչի հնարավոր կորուստը կարող է դիտարկվել՝ որպես Իսրայելի կողմից իրականացված «գլխատման ռազմավարության» գագաթնակետ։ Եթե տեղեկությունը հաստատվի, ապա սա կլինի Կասեմ Սոլեյմանիի, Ալի Խամենեիի սպանությունից հետո հերթական ամենածանր հարվածը Թեհրանին, որը կստիպի Թեհրանին կամ շարունակել պատերազմը, կամ նահանջել։

Այս իրադարձության առանցքայնությունը պատերազմի ընթացքի համար դժվար է գերագնահատել։ Այն առաջին հերթին հոգեբանական  ճնշում է Իրանի ժողովրդի, ԻՀՊԿ-ի և Իրանի դաշնակիցների վրա։  Հակամարտությունը, որն ի սկզբանե նախատեսված էր, որպես սահմանափակ հարվածների շարք, այժմ վերածվում է գոյաբանական պայքարի, որտեղ կողմերը հատել են բոլոր «կարմիր գծերը»։ Լարիջանիի գործոնը կարող է դառնալ այն կայծը, որը կկանխորոշի՝ արդյո՞ք տարածաշրջանը կգնա դեպի տոտալ էսկալացիայի, թե՞ կողմերից մեկը, այս դեպքում՝ Իրանը, կնահանջի։

Կարդացեք նաև

Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե լուրերը հաստատվեն, ապա դա իսկապես մեծ կորուստ կլինի պատերազմի ընթացքում Իրանի համար, որտեղ նույնիսկ այաթոլլահ Ալի Խամենեիի կենդանության օրոք Ալի Լարիջանին ուներ բացառիկ դեր ու կշիռ որոշումների կայացման, իշխանության թևերի միջև կապերը պահպանելու և կայունություն ապահովելու գործում։

Եթե այդ լուրը հաստատվի, նրա որակմամբ, ապա Իրանը դա պետք է հաղթահարի, քանի որ այս դեպքում խոսքը ոչ միայն պաշտոնյայի, այլ անձնական որակների ու դրանով պայմանավորված հստակ դերի մասին է։

«Ալի Լարիջանիի հայտարարություններն ավելի ծանրակշիռ են, քան նախագահի հայտարարությունները, սովորաբար ավելի սուր, հստակ, արտահայտելով Իրան պետության իրական տրամադրությունները։ Ուստի այս ամենը հաշվի առնելով՝ սա բարդ հանգրվան կարող է լինել։

Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ Իրանում այս պատերազմի սկզբից պատրաստ էին ցանկացած սցենարի։ Դրա շնորհիվ պատերազմը չգնաց այնպես, ինչպես պլանավորել էր հատկապես ԱՄՆ-ը, և ում շահերից չի բխում պատերազմի այսչափ երկարաձգումը։ Եթե Իսրայելը շահագրգռված է ավելի երկարատև սցենարներով, ապա նույնն ԱՄՆ-ի մասին ասել հնարավոր չէ»,- պարզաբանեց վերլուծաբանը։

Այս ամենը և Իրանի հաշվարկները հաշվի առնելով, նրա կարծիքով, միանշանակ ասել, թե Իրանը չի հաղթահարի նման կորուստը, հնարավոր չէ։

«Հարցն այն է, որ Իրանը կանխատեսել էր նման ընթացք, քանի որ դեռևս 12-օրյա պատերազմից ակնհայտ դարձավ, որ ԱՄՆ-Իսրայել դաշինքի նպատակը Իրանի ղեկավարության գլխատման եղանակով Իրանի դիմադրությունը կոտրելն է։ Ուստի մշակվեց համակարգ, որպեսզի Իրանն արագ նշանակումներով, պաշտոնյաների փոխարինումներով կարողանա պահպանել համակարգի կայուն աշխատանքը»,- ասաց Ռաևսկին։

Նրա խոսքով, այնուամենայնիվ նման իրադարձությունը հաստատման դեպքում թերևս կդառնա ջրբաժան և մեծ ցուցիչ, թե ինչպիսի դիմադրության է պատրաստ Իրանը։

Նա գտնում է, որ այս հակամարտությունն այլևս չունի բանակցային լուծում, քանի որ ԱՄՆ-ը ու Իսրայելը ցանկանում են պարտության մատնել, ոչ թե բանակցել ու փոխզիջումային լուծումների հասնել։

«Եթե իրավիճակը թեքվի ի օգուտ Իրանի, այդ դեպքում էլ Իրանը նախապայմաններ կառաջադրի։ Ընդհանուր առմամբ ներկայումս այսպիսին են տրամադրությունները։ Դատելով միջազգային մամուլի հրապարակումներից, միջազգային միջնորդական ջանքերը ևս լուրջ արդյունքներ չեն տալիս»,- նկատեց Ռաևսկին։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա նա գտնում է, որ քանի դեռ Իրանը դիմադրում է արդյունավետ, շատ երկրներ պահպանում են չեզոքությունը, ունենալով նույնիսկ լավ կապեր ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ։ «Ես կարծում եմ, որ եթե իրավիճակը շրջվի ի օգուտ ԱՄՆ-ի, Իսրայելի, Թուրքիան ու Ադրբեջանը ևս իրենց ներկայիս դիրքավորումը կփոխեն Իրանի նկատմամբ՝ էլ ավելի ամրապնդվելով հարևան գոտիներում։ Քանի դեռ Իրանը դիմադրում է, ունի հավասարակշռող և կայունացնող դերակատարություն, ինչպես նաև զսպում է մի շարք հավակնություններ»,- նկատեց նա։

Հիշեցնենք, որ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին օրերս մեկնաբանել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները X սոցիալական ցանցում։

«Թրամփն ասում է, որ ձգտում է արագ հաղթանակի։ Չնայած պատերազմ սկսելը հեշտ է, այն մի քանի թվիթով հնարավոր չէ հաղթել։ Մենք չենք նահանջի, մինչև չստիպենք ձեզ զղջալ այդ լուրջ սխալ հաշվարկի համար»,- գրել էր Լարիջանին։

Նրա բոլոր ելույթներում  կարմիր թելի նման անցնում է հայտարարությունը, որ Իրանը չի նահանջի։ Նա նաև իր հայտարարություններում  բավականին կոշտ էր անդրադառնում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» պրոյեկտին և ԹՐԻՓՓ-ին, նշելով, որ Իրանը չի ընդունելու հայ-իրանական սահմանի փոփոխություն, աշխարհաքաղաքական փոփոխություններ Հարավային Կովկասում։ Եվս մեկ անգամ շեշտենք, որ Իրանը պաշտոնապես չի հաստատել  Լարիջանիի սպանության լուրը։

Տեսանյութեր

Լրահոս