Ջոն Լենոնի դաշնամուրը գրեթե 3,3 միլիոն դոլարով վաճառվել է աճուրդում
The Beatles խմբի անդամ Ջոն Լենոնի դաշնամուրը գրեթե 3,3 միլիոն դոլարով վաճառվել է Նյու Յորքում՝ բրիտանական Christie’s աճուրդում: Այս մասին հաղորդում է Sky News-ը։
Նշվում է, որ երաժշտական գործիքը սահմանել է ռեկորդ՝ որպես աճուրդում վաճառված ամենաթանկ առարկա՝ կապված The Beatles խմբի հետ։
Նշվում է, որ բացի դաշնամուրից, աճուրդի էր հանվել նաև խմբի հետ կապված ևս մի քանի իր ամերիկացի միլիարդատեր Ջիմ Իրսեյի հավաքածուից։ Վաճառված իրերի թվում է Ludwig հարվածային գործիքների համալիրը, որն օգտագործել է խմբի թմբկահար սըր Ռինգո Սթարը: Այն վաճառվել է գրեթե 2,4 միլիոն դոլարով։ Նրա երկրորդ Ludwig հավաքածուի թմբուկի գլխիկը վաճառվել է 2,9 միլիոն դոլարով։
Ամերիկյան Rolling Stone երաժշտական հանդեսի տվյալներով՝ The Beatles-ը զբաղեցնում է առաջին տեղը բոլոր ժամանակների մեծագույն կատարողների ցանկում։ «Լիվերպուլյան քառյակը» պատմության մեջ ամենաշատ վաճառվող երաժշտական խումբն է. աշխարհում վաճառված նրանց ալբոմների պատճենների թիվը գերազանցում է 600 միլիոնը։
Խումբը գոյություն է ունեցել 1960-ից մինչև 1970 թվականը, ինչից հետո ցրվել է, իսկ չորս երաժիշտներից յուրաքանչյուրն սկսել է սեփական կարիերան։ Այս պահին «բիթլներից» ողջ են Փոլ ՄաքՔարթնին (83 տարեկան) և Ռինգո Սթարը (85 տարեկան): Ջոն Լենոնին 1980 թվականին Նյու Յորքում գնդակահարել է մոլի երկրպագուն, իսկ Ջորջ Հարիսոնը մահացել է 2001 թվականին՝ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո:



