«Ադրբեջանի ՄԻՊ-ը ռեժիմի սպասարկուն է՝ ցեղասպան քաղաքականությունը պաշտպանող. Ադրբեջանը գերիների հարցը վերածել է քաղաքական շահարկման թեմայի». Գեղամ Ստեփանյան
Մարտի 13-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է։ Այս մասին ասված է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի կողմից տարածված հայտարարության մեջ:
«Ռուբեն Վարդանյանը ստիպված է եղել դիմել այս քայլին, քանի որ նախորդ 10 օրերին օմբուդսմենի հետ փաստաբանի միջոցով, գրավոր դիմումներով և հեռախոսազանգերով կապ հաստատելու փորձերը որևէ արդյունք չեն տվել: Դատավարություններն ավարտվել են մեկ ամիս առաջ, սակայն ո՛չ Ռուբենը, ո՛չ էլ, մեր տեղեկություններով, մյուս հայ բանտարկյալներն իրենց պաշտոնական դատավճիռների տեքստերը որևէ լեզվով՝ ռուսերեն, հայերեն կամ ադրբեջաներեն, դեռ չեն ստացել: Նրանք չգիտեն, թե ինչ հոդվածներով են դատապարտվել, երբ կամ ուր են նրանց տեղափոխելու։
Մենք խորապես մտահոգված ենք ստեղծված իրավիճակով: Նրա և մյուս հայ գերիների կացության մասին արժանահավատ տեղեկությունների բացակայությունը և Ադրբեջանում մարդու իրավունքների անկախ մեխանիզմների վերացումը, այդ թվում՝ երկրից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հեռացումը, բոլոր գերիներին զրկում են ինստիտուցիոնալ որևէ պաշտպանությունից»,- նշված է հայտարարությունում։
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ Ադրբեջանի ՄԻՊ-ի պահվածքն առհասարակ զարմանալի չէ, ավելին՝ վստահ է, որ Ռուբեն Վարդանյանը դիմելուց առաջ շատ լավ հասկացել է, թե ում է դիմում։
«Այդ անձը որևէ առնչություն չունի Մարու իրավունքների պաշտպանի կամ իրավունքների պաշտպանության հետ, նա ընդամենը ռեժիմի սպասարկուն է և ռեժիմի իրականացրած ոճրագործություններն ու մարդու իրավունքների մասսայական խախտումներն արդարացնողը տարբեր միջազգային հարթակներում։ Հետաբար, ինձ համար ամեն ինչ շատ պարզ է, որովհետև դեռ Արցախի բլոկադայի ժամանակահատվածում, երբ 120 հազար մարդ գտնվում էր սովի մեջ, այդ անձն ուղղակի պաշտպանում էր Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղամ Ստեփանյանը։
Հարցին՝ այս իրավիճակում ինչպե՞ս պետք է իրականացվի Բաքվի բանտերում ապօրինի դատապարտված հայ պատանդների ու գերիների գոնե տարրական իրավունքների պաշտպանությունը, Գեղամ Ստեփանյանը պատասխանեց՝ միջազգային իրավունքով կան բազմաթիվ մեխանիզմներ, այդ թվում՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, հումանիտար կազմակերպությունների հասանելիություն։
«Այլ հարց է, որ մենք գործ ունենք մի պետության հետ, որն այդ կազմակերպություններին որևէ հասանելիություն չի տալիս, և սա նորություն չեմ ասում։ Բազմիցս են եղել հայտարարություններ այս կամ այն կազմակերպությունների կողմից, որ փորձել են դիմել՝ իրավիճակին, պատանդների առողջական վիճակի հետ ծանոթանալու համար, բայց այդպես էլ հասանելիություն չեն ստացել։
Բայց նաև եղել են դեպքեր, երբ ՄԱԿ-ի որոշակի կառույցներ կարողացել են հասանելիություն ունենալ։ Եղել է Կարմիր խաչը, որն ունեցել է հասանելիություն՝ առնվազն ծանրոցներ փոխանցելու կամ կոմունիկացիա ապահովելու տեսանկյունից»,- հավելեց Գեղամ Ստեփանյանը։
Նրա դիտարկմամբ՝ այս իրավիճակում հնարավորությունը խիստ սահմանափակ է, բայց պետք է փորձել օգտագործել բոլոր նման մեխանիզմները։ Նա կարծում է՝ անդադար աշխատելու դեպքում գոնե մինիմալ առաջընթաց կարող է լինել, գոնե Ադրբեջանի իշխանությունը կզգա, որ այս թեմայով զբաղվող ու այն առաջ մղող ուժ կա, ինչը պարտադիր պետք է ապահովել։
Հարցին՝ իրատեսակա՞ն է, որ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու պարագայում հնարավոր կլինի Բաքվում պահվող գերիներին ու պատանդներին հայրենիք վերադարձնել, Գեղամ Ստեփանյանը պատասխանեց.
«Կարծում եմ՝ Ադրբեջանն այս թեման ամբողջովին վերածել է քաղաքական շահարկման թեմայի, և դրա վառ ապացույցներից է նաև Ալիևի հարցազրույցը «France 24»-ին: Նույն վստահությամբ չէի խոսի, որ այս գործընթացը կհանգեցնի պատանդների վերադարձին, որովհետև դրան ուղղված ազդակներ Ադրբեջանից չենք ստանում։ Երբ մի կողմից՝ խոսում են խաղաղության մասին, բայց Ադրբեջանը հայ պատանդներին համեմատում է նացիստների ու ֆաշիստների հետ, և «Նյուրնբերգյան դատավարության» մասին են խոսում, ես չեմ կարող լավատես լինել, որ խաղաղության գործընթացը հանգեցնելու է այդ անձանց վերադարձին»։
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին հայտնի դարձավ, որ Բաքվի ռազմական դատարանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, բացի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանից և Բակո Սահակյանից, բոլորը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման՝ հաշվի առնելով նրանց տարիքը։
Հիշեցնենք նաև, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։



