Բարգավաճ Ազգային կոնգրես

Խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ Հայ ազգային կոնգրեսը` իր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ,  ստանձնեց «Բարգավաճ Հայաստանի» քարոզչամեքենայի դերը: Սկզբում «քաղաքագիտական վերլուծության» շրջանակներում ԲՀԿ-ն ներկայացվեց՝ որպես «հայաստանակենտրոն ուժ», որի հետ Լ. Տեր-Պետրոսյանը պայմանավորեց Հայաստանում «սահմանադրական կարգի վերականգնումը»: Թե ինչ եղավ հետո` հայտնի է. «Բարգավաճ Հայաստանն» ավելի քան 30 պատգամավորական մանդատ ստացավ` դառնալով խորհրդարանի` մեծությամբ երկրորդ խմբակցությունը: Սակայն դա չվհատեցրեց Հայ ազգային կոնգրեսին, վերջինս չդադարեցրեց ԲՀԿ-ի քարոզչությունն ու «ընդդիմադիրացումը»՝  անգամ այն բանից հետո, երբ «Բարգավաճ Հայաստանը» խուսափեց ներկայանալ որպես ընդդիմադիր խմբակցություն և իրեն հռչակեց այլընտրանք:

Նույնը տեղի է ունենում նաև այսօր. նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ «Բարգավաճ Հայաստանը» ՀՀԿ-ի համար հակառակորդ ու թշնամի կուսակցություն չէ, և, որ Սամվել Բալասանյանին ինքն է հորդորել առաջադրել թեկնածությունը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում: Այլ կերպ ասած, Ս. Սարգսյանն ասում է` «ԲՀԿ-ի հետ պրոբլեմ չկա, Բալասանյանն էլ օտար մարդ չէ»: ԲՀԿ-ից, մեղմ ասած, ոչ այնքան հաճելի այս հայտարարություններին դեռևս որևէ մեկը, ըստ էության, չի պատասխանել: ԲՀԿ-ականների պատասխանը սահմանափակվել է միայն նրանով, որ Բալասանյանի թեկնածությունն առաջադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, քանի որ նպատակահարմար է գտել հենց նրան: Ս. Սարգսյանին ուղղակի որևէ մեկը դեռ չի պատասխանել, քանի որ պատասխանելու շատ տարբերակներ, ըստ էության, չկան: ԲՀԿ-ականները կամ պետք է հակադարձեն Ս. Սարգսյանին ու հայտարարեն, որ «հակառակորդ ու թշնամի» կուսակցություն են, ինչը, մեղմ ասած, գեղեցիկ չէ ու կարող է վատ հետևանքներ ունենալ, կամ պետք է լռեն, ինչը և անում են արդեն մի քանի օր: Սակայն, ԲՀԿ-ի փոխարեն, Ս. Սարգսյանին պատասխանելու գործառույթը կարծես ստանձնել է ՀԱԿ-ը: Մասնավորապես, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն արդեն երկու օր ցիտում է Ս. Բալասանյանին, ով իբրև թե հերքել է Ս. Սարգսյանի ասածը: Իրականում Ս. Բալասանյանն ընդամենն ասել է, որ իր թեկնածությունն առաջադրել է ԲՀԿ-ի խորհուրդը, ինչի համար ինքը շնորհակալ և երախտապարտ է Գագիկ Ծառուկյանին: Բալասանյանը, սակայն, չի ասել, որ Ս. Սարգսյանն իրեն չի հորդորել առաջադրվել: Կարևորն, իհարկե, Բալասանյանի ասածը չէ, այլ այն, որ դրանից կառչելով` ՀԱԿ-ը կատարվածը ներկայացնում է՝ որպես ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության սրման հերթական դրսևորում: «Այս երկու գործիչների ասածների մեջ ակնհայտ հակասություն կա: Այն, որ Բալասանյանը հերքեց Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը, կարելի է նաև ապտակ որակել գործող նախագահին: Հարց է ծագում` ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նման հայտարարություն արեց: Տեսանելի է, որ ԲՀԿ-ի ու  Սարգսյանի միջև ինչ-որ լարվածություն կա, որը գնալով ավելի է խորանում: Մնում է միայն բացատրել, թե ինչպես եղավ, որ Սերժ Սարգսյանն ու Հանրապետական կուսակցությունը ցանկացել են պաշտպանել Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Ես մեկ բացատրություն եմ տեսնում. ԱԺ ընտրությունների արդյունքներից հետո Սերժ Սարգսյանը հասկացել է, որ Գյումրիում նույն սցենարն էր կրկնվելու, ինչ Իջևանում: Բնականաբար, եթե պայքար գնար Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուների միջև, հնարավոր է` ընդդիմությունը միավորվեր և պաշտպաներ ԲՀԿ-ի թեկնածուին` իշխանության դիրքերը թուլացնելու նպատակով: Այս սցենարը կանխելու նպատակով, ըստ էության, Սերժ Սարգսյանը նախընտրել է առանց ճակատամարտի հանձնել Գյումրին, բայց միաժամանակ ներկայացնել այնպես, որ դա իր պարտությունը չէ»,- լրատվամիջոցներից մեկին ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Հետաքրքիր է, որ նույնիսկ ԲՀԿ-ականներից որևէ մեկը կատարվածը որպես ԲՀԿ-ի հաղթանակ ներկայացնելու այնպիսի փորձ չի արել, ինչպես Լ. Զուրաբյանը, ով Բալասանյանին ՀՀԿ-ի կողմից պաշտպանելու սեփական բացատրության հիման վրա համարյա եզրակացնում է, որ Ս. Սարգսյանը հանձնեց Գյումրին` վախենալով, որ ՀԱԿ-ը կարող էր պաշտպանել Ս. Բալասանյանին: Զավեշտալին այն է, որ, փաստորեն, եթե ՀՀԿ-ն չպաշտպաներ Բալասանյանի թեկնածությունը, դա անելու էր ՀԱԿ-ը:
Մի քանի օր հետո Գյումրիում ընտրությունները կավարտվեն, Ս. Բալասանյանը, բնականաբար, կդառնա քաղաքապետ, ինչը, փաստորեն, կլինի ոչ միայն ու ոչ այնքան ԲՀԿ-ի կամ ՀՀԿ-ի, որքան «ՀԱԿ-ի հաղթանակը»: Առջևում նախագահական ընտրություններ են, և ՀԱԿ-ի այս մարտավարությունը կարող է բավական ծիծաղելի վիճակ ստեղծել: Պատկերացրեք, նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրում է, ասենք, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ընտրություններից կարճ ժամանակ առաջ Ս. Սարգսյանը «հարևանցիորեն» հայտարարում է, որ ինքն է Ծառուկյանին հորդորել առաջադրել թեկնածությունը: Դրանից հետո Լևոն Զուրաբյանը հայտարարում է, որ Ս. Սարգսյանը հանձնում է Հայաստանը: Սակայն ընտրություններում հաղթում է Ս. Սարգսյանը, Գ. Ծառուկյանն էլ  շնորհավորում է նրան: Մնում է մտածել միայն, թե ինչպես է ՀԱԿ-ը դա ներկայացնելու՝ որպես «ավազակապետության դեմ պայքարի հերթական հանգրվան»: Չնայած ՀԱԿ-ում մեղմասացության  վարպետների պակաս չկա ու հաստատ «համոզիչ հիմնավորում» կգտնեն: Կարելի է, օրինակ, հայտարարել, որ ԲՀԿ-ն թույլ է տվել Սերժ Սարգսյանին վերընտրվել նախագահի պաշտոնում` ավազակապետությունը ներսից կազմաքանդելու և իշխանությունը ԲՀԿ-ՀԱԿ այլընտրանքին փոխանցելու համար:

 

Տեսանյութեր

Լրահոս