Բաժիններ՝

Պարզվում են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունից գողության փորձ կատարելու հանգամանքները

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունից գողության փորձ կատարելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2019 թվականի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11:44-ին, «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագրից ահազանգ է ստացվել այն մասին, որ խմբագրությունը տակնուվրա է արվել:

Նախնական տվյալներով՝ նշված օրը՝ ժամը 00:30-ից մինչև 10:20-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել է խմբագրության պատշգամբի լուսամուտը, ապօրինի մուտք գործել ներս և փորձել գողություն կատարել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Դեպքի առթիվ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս