«Ամանորն ունի կարևորագույն գործառույթ՝ ձերբազատել չարից, վնասաբեր ուժերից». Սվետլանա Պողոսյան

«Ամանորն ունի կարևորագույն գործառույթ՝ մարդկանց լիցքավորել դրական լիցքերով, ձերբազատել չարից, վնասաբեր ուժերից»,- 168 TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը:

Նրա խոսքով՝ տարիների ընթացքում Ամանորը բավականին փոփոխվել է. «Եթե ավանդութային հասարակությունում տոնական սեղանին բացառվում էին մսեղեն կերակուրները, պարտադիր պահքային կերակուրներ էին սեղանը զարդարում, ապա 20-րդ դարից արդեն նախապատվություն են տալիս մսեղեն կերակուրներին, և մի տեսակ մրցավազք է սկսվում: Մարդիկ ավելի շատ ոչ թե տոնում, ուրախանում, միմյանց շնորհավորում են, այլ սպառողական հասարակությանը հատուկ վարքագիծ են ցուցաբերում, այսինքն՝ ուզում են ինչ-որ մեկին զարմացնել: Քանի որ խորհրդային շրջանում եկեղեցին իր դերակատարումը չուներ, աստիճանաբար սկսեցին տոնական սեղանին մսեղեն որևէ կերակրատեսակ դնել: Գնալով այդ մրցավազքն ավելի ու ավելի ահագնացավ և 21-րդ դարի սկզբում արդեն անդրօվկիանոսյան կենդանիների մսով են փորձում զարմացնել: Այսինքն՝ մարդիկ մոռանում են, որ տոնը նրա համար չէ, որ ցույց տան իրենց բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակը, այլ նրա համար է, որ ընտանիքի անդամներով հաղորդակցվեն և իրապես տոնական մթնոլորտում դիմավորեն Նոր տարին: Ավանդութային հասարակությունում տոնը նշելու համար շատ ծախսեր չէր պահանջվում, որովհետև մարդիկ իրենց սեղանին դնում էին այն, ինչ իրենք էին ստեղծել»:

Ավանդութային հասարակությունում, ըստ ազգագրագետի՝ ամանորյա սեղանին մարդիկ դրել են չոր և թարմ մրգեր, քաղցր և թթու շարոցներ և տոնական խմորեղեն. «Քանի որ պաս էր, կենդանական որևէ բան բացառվում էր, դրա համար տարեհաց էին թխում, որը հաճախ քաղցր չէին էլ անում: Տոնական ծիսական փոքրիկ հացեր էին պատրաստում, շատ հաճախ դրանցով գուշակություններ էին անում»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել էր ամանորյա միջոցառումներին՝ նշելով, որ Կառավարությունն այդ միջոցառումների համար տրամադրել է շուրջ 270 մլն դրամ: Ըստ վարչապետի՝ Հանրապետության հրապարակում գործելու են սննդի կետեր, և մարդիկ կարող են ուղղակի իրենց երեխաներին վերցնել ու գնալ Հրապարակ, քանի որ կից այգում վաճառվելու են հոթ-դոգեր, բրդուճներ, և նրանք կարող են ուղղակի մեկ բաժակ գինի վերցնել ու գեղագիտական նոր միջավայրում շրջելով, համերգ լսելով ու թանգարան մտնելով՝ նշել Ամանորը։ Ազգագրագետից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիք ունի Նոր տարին այս տարբերակով նշելու մասին:

«Նախ՝ ուզում եմ մենք հիշենք, որ սա շատ տիպական ընտանեկան միջավայրում նշվող տոն է: Այդ ամանորյա տոնակատարությանը շատերը չեն կարողանալու մասնակցել, եթե հաշվի առնենք տարիքը, սոցիալական վիճակը, այսինքն՝ նույնիսկ Երևանի ծայրամասերից կենտրոն հասնելը շատերի համար խնդիր է լինելու: Մենք կարող ենք ամեն օր բրդուճ ուտել, և տարվա մեջ մեկ անգամ կարող ենք սեղան գցել: Տիկին Աննայի կոչը՝ եկեք ձերբազատվենք բլինչիկից, խոզի բդից և այլն, կարող էր ասել՝ եկեք՝ անցնենք մեր եկեղեցու պատգամներին և պասուց կերակրատեսակներով դիմավորենք, եթե, իհարկե, մենք ուզում ենք այնպես անել, որ բոլորի համար դա հասանելի լինի: Սոցիալական տեսանկյունից պետք է այնպես անել, որ մեր միայնակ թոշակառուները, ընդհանրապես, տարեց մարդիկ, սոցիալապես անապահով մարդիկ կարողանան հավուր պատշաճի դիմավորել, ոչ թե՝ բրդուճ կամ հոթ-դոգ ուտել: Ի դեպ, այդ ֆաստ-ֆուդի, ոտքի վրա ուտելու մշակույթի մասին էլ պետք է մտածենք. մենք այն ժողովուրդն ենք, որ սիրում ենք սեղանի շուրջ նստել, զրուցել, վայելել մեր ունեցածը: Չենք ասում՝ գերծախսեր անել, վարկեր վերցնել տոնը նշելու համար: Փոխայցելությունները ևս որոշակի խորհուրդ ունեն, հիմա, եթե դա որպես պարտականություն է, կամ մի տեսակ չցանկանալով են անում, ուրեմն՝ դրա շուրջ պետք է մտածել: Պետք է մտածենք՝ տոնն ինչ խորհուրդ ունի մեզ համար 21-րդ դարում»,- ի պատասխան՝ ասաց նա:

Սվետլանա Պողոսյանը նկատեց՝ ավանդութային հասարակությունում Նոր տարվա հետ վերջ էին դնում բոլոր տեսակի չար բամբասանքներին, հայհոյանքներին. «Մարդիկ հոգեպես և ֆիզիկապես նորոգված՝ ուզում էին դիմավորել Նոր տարին: Դրա կարիքը մենք հատկապես 21-րդ դարում ունենք: Սոցիալական ցանցերը նայելիս՝ երբեմն սարսռում ես այդ հայհոյախառն գրություններից: Սա լուրջ խնդիր է, և սրա մասին պետք է մտածել: Նույնիսկ մեր հասարակության մեջ չի խրախուսվում, երբ տղամարդն է հայհոյում, իսկ հիմա սոցիալական ցանցերում շատ հաճախ ուղղակի զարմանում ենք, որ կինն իրեն կարող է թույլ տալ հայերենով նման բան գրել: Իսկ եթե հիշեր մեր ավանդույթը, որ ցանկացած պարագայում պետք է զերծ մնալ բացասական բաներից, որովհետև բացասական լիցքերը բացասական լիցքեր են բերում, մենք պետք է կենտրոնանանք դրականի վրա և դրական լիցքեր փոխանցենք… Նոր տարին հնարավորություն է, որ կարողանանք մեկտեղվել և երկխոսության միջոցով կարգավորենք խնդիրները. դա իսկապես տոն կլինի: Հայոց ավանդութային հասարակությունում մարդիկ միայն իրենց անձի մասին չէին մտածում, այլ հոգ էին տանում շրջապատի մարդկանց նկատմամբ: Յուրաքանչյուր հայ ընտանիք իր պարտքն էր համարում իր տոնական սեղանից բաժին հանել կարիքավորներին և դրանով իրեն ավելի լավ էր զգում, հասկանում էր, որ անում է աստվածահաճո գործ»:

Ազգագրագետը շեշտեց՝ պետությունը պետք է հոգ տանի սոցիալապես կարիքավոր մարդկանց մասին. «Տոնածառը կարող է մի քիչ ավելի համեստ լինել, այդ արարողակարգը մի փոքր ավելի համեստ բյուջեի սահմաններում լինել, բայց պետությունը պետք է իրեն առավել արժևորված համարի, եթե հոգ է տանում մի ստվար բանակի մասին: Թե չէ՝ հիմա մենք մեր տոնածառներով աշխարհին չենք զարմացնի: Եթե կա կայացած և արժևորված ավանդույթ, դա պետք է պահպանել, ավելի կատարելագործել, համահունչ դարձնել նոր ժամանակներին, բայց ասել՝ եկեք միայն բրդուճ ուտենք… գուցե սա նաև պատճառաբանվում է նրանով, որ պետք է ելույթը լինի Հանրապետության հրապարակից, բայց դա համազգային ու համահայկական բնույթ չի կարող ապահովել: Դա չի դառնալու մարդակենտրոն, որովհետև բոլորը չէ, որ կարողանալու են օգտվել այդ հնարավորությունից»:

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս