Հայաստանի և Հնդկաստանի երկկողմ հարաբերությունները շարունակել են վերելքի հետագիծը, ամրապնդվել են ու դիվերսիֆիկացվել․ Նիլակշի Սահա Սինհա
Երևանում հանդիսավոր պայմաններում նշվեց Հնդկաստանի ազգային տոնը՝ Հանրապետության 77-րդ տարեդարձը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան իր ելույթում նշել է, որ Հնդկաստանն այսօր աշխարհի ամենաարագ զարգացող խոշոր պետություններից մեկն է և կանխատեսումների համաձայն՝ պատրաստվում է մինչև 2028 թվականը չորրորդ խոշորագույն տնտեսությունն ունեցող տերությունից դառնալ երրորդը։
Դեսպանի խոսքով՝ աճը միայն թվերով չի արտահայտվել, այլև լայն ներառական աճով, որը հիմնված է ֆիզիկական, թվային և սոցիալական ենթակառուցվածքների մեջ հսկայական պետական ներդրումների վրա՝ կենտրոնանալով արտադրության և նորարարության, ինչպես նաև օրենքների պարզեցման վրա։ Այդ ամենը պայմանավորված է եղել նաև նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ։
Դիվանագետը հայտնել է, որ Հնդկաստանը փետրվարի 19-20-ը հյուրընկալելու է արհեստական բանականության գագաթնաժողովը, հետևաբար Հնդկաստանի կառավարությունն ակնկալում է շատ բարձր մակարդակի պատվիրակություն Հայաստանից:
«Հնդկաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները շարունակեցին իրենց վերելքի հետագիծը։ Դրանք ամրապնդվել են և դիվերսիֆիկացվել։ Տարվա ընթացքում տեղի ունեցան մի շարք նախարարական այցեր, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի այցերը։ Համապարփակ երկկողմ քաղաքական խորհրդակցությունները տեղի ունեցան 2025 թվականի նոյեմբերին։ Մեր պաշտպանական կապերը, որոնք ներառում են ռազմատեխնիկական համագործակցություն և կարողությունների զարգացում, շարունակեցին զարգանալ։ Կայացան բարձր մակարդակի այլ այցելություններ, սեմինարներ, համագործակցության նախաձեռնություններ, ինչպես նաև ռազմական կրթության և վարժանքների ծրագրեր»,- ասել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։
Նա հավելել է, որ Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի կամ ITEC-ի միջոցով հնդկական կողմը շատ ուրախ է մասնակցել կարողությունների զարգացմանը Հայաստանում:
«Մինչ օրս ավելի քան 400 հայ պաշտոնյաներ և այլոք օգտվել են կրթաթոշակներից, որոնք ամբողջությամբ վճարվում են Հնդկաստանի կառավարության կողմից: Բացի այդ, ինչպես անցյալ տարի, 2026 թվականի փետրվարին Հնդկաստանի Գուջարաթ քաղաքի Դատաբժշկական գիտությունների ազգային համալսարանում կազմակերպվելու է մասնագիտացված դասընթաց Պետական եկամուտների և քննչական կոմիտեների պաշտոնյաների համար»,- նշել է Նիլակշի Սահա Սինհան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
