Տեր Գարեգինի տնային կալանքը 1 ամսով երկաձգվեց, սակայն թույլ տրվեց մասնակցել Պատարագներին
Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Գարեգին քահանա Արսենյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ։ Նիստը նախագահող դատավոր Դավիթ Դաբաղյանը մասնակի բավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունը և տնային կալանքը երկարաձգեց 1 ամսով։
«Միևնույն ժամանակ պարտավորեցնել չլքել բնակության վայրը, արգելել ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ կամ օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքումներից։ Արգելել շփումն այլ անձանց հետ` բացառությամբ մերձավոր ազգականների և փաստաբանների։ Թույլատրել Արմեն Աշոտի Արսենյանին (տեր Գարեգինին) յուրաքանչյուր կիրակի, ժամը 10։00–ից մինչև 14։00–ն մասնակցել իր բնակության վայրում գտնվող Հայ առաքելական սուրբ եկեղեցում մատուցվող պատարագներին՝ բացառելով շփումն այդ ժամանակահատվածում այլ անձանց հետ»,– ասաց Դաբաղյանը։
Դատարանը հստակեցրեց՝ տեր Գարեգինը կարող է մասնակցել ոչ թե իր ծառայության վայրի (Մուղնի), այլ Արմավիրի մարզի եկեղեցիներում մատուցվող պատարագներին։ Դատավորի խոսքով՝ բացառությունների մեջ կնշվի նաև հաղորդություն ստանալու իրավունքը։
Նշենք, որ այսօր նրա գործով դատական առաջին նիստն էր։ Դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 20–ին։



