Հայկական կողմը բարձր է գնահատում Հնդկաստանի դերը տարածաշրջանային և համաշխարհային կայունության ապահովման գործում․ ՀՀ փոխվարչապետ

Հայաստանի ու հայ ժողովրդի համար Հնդկաստանը միայն գերտերություն չէ, այլև վստահելի բարեկամ, որի հետ մեզ կապում են դարավոր պատմական առնչությունները, քաղաքական ընդհանրությունները, փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները. այդ կարծիքը Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության հիմնադրման 77-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«77 տարի առաջ Սահմանադրության ընդունմամբ՝ Հնդկաստանի ժողովուրդը արտահայտել է իր կամքը և անկախության համար մղված պայքարում ընտրել է անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական պետություն կառուցելու ուղին։ Հայաստանն ունենալով հազարամյակների քաղաքակրթական ժառանգություն՝ օրինակելի կերպով հիմնադրում է ավանդույթը և նորարարությունը։ Նրա դինամիկ տնտեսությունը և գիտատեխնիկական առաջընթացն ու աճող դերակատարումը միջազգային հարաբերություններում կարևոր  ներդրում են ունենում համաշխարհային առաջընթացում»,- նշել է Գրիգորյանը։

Նա վստահեցրել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Հնդկաստանի դերը տարածաշրջանային և համաշխարհային կայունության ապահովման գործում։

«Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների համակողմանի խորացումը մենք դիտարկում ենք որպես երկարաժամկետ ռազմավարական ուղղություն՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների։  Այսօր արդեն գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ վերջին տարիներին մեզ հաջողվել է նոր հանգրվանի հասցնել հայ- հնդկական համագործակցությունը գրեթե բոլոր ուղղություններով։ Մենք վճռական ենք չիրացված ներուժը լավագույնս իրացնելու տեխնոլոգիաների, առողջապահության և դեղագործության, վերականգնվող էներգիայի, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում՝ բարձրացնելով մեր երկրների միջև բարեկամությունը որակապես նոր մակարդակի»,- ասել է ՀՀ փոխվարչապետը։

Տեսանյութեր

Լրահոս