Տիրադավների մուրազը փորները մնաց
Օրերս հայտնի դարձավ, որ Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանի փոխանցմամբ՝ ժողովը գումարվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով։ Մայր Աթոռից նշում են, որ նախկինում ևս եղել են Եպիսկոպոսաց ժողովի, ինչպես նաև Գերագույն հոգևոր խորհրդի արտագնա նիստերի նախադեպեր։
Հիշեցնենք`Ժողովն ի սկզբանե նախատեսված էր 2025 թվականի դեկտեմբերի 10-12-ը, սակայն Մայր Աթոռը հայտարարել էր դրա հետաձգման մասին։ Որոշման հիմքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, «Հայաստանում տիրող իրավիճակն էր, մասնավորապես՝ եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներն ու կալանավորումները»։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 1-ին, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնել էր, որ Գարեգին Երկրորդի տնօրինությամբ և Գերագույն հոգևոր խորհրդի նոյեմբերյան քննարկումների արդյունքում հրավիրվող ժողովի օրակարգում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումներն ու ներեկեղեցական կյանքին առնչվող հարցերն են։
168.am-ի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանին միացած տիրադավ եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ամեն ինչ անում էին, որ Եպիսկոպոսաց ժողովը տեղի ունենա Մոսկվայում:
Կհարցնեք՝ ինչո՞ւ:
Նախ, դա կօգտագործեին Վեհափառ Հայրապետի դեմ՝ փորձելով հանրությանը համոզել, որ ինչպես Փաշինյանն է ասում, Ամենայն Հայոց կաթողիկոսը КГБ-ի գործակալ է, և հակառուսական իրենց աղմուկին նոր թափ կհաղորդեին:
Եվ, ամենակարևորը. եթե Եպիսկոպոսաց ժողովը տեղի ունենար Մոսկվայում, ապա Ռուսաստանի Դաշնությունում, ի տարբերություն Ավստրիայի, ՀՀ ուժային կառույցների ներկայացուցիչները (կամ այլ «բարեկիրթ մարդիկ») կարող էին առանց վիզայի և լրացուցիչ թույլատրության, ազատորեն ուղեկցել նրանց, այդ թվում՝ կազմակերպված սադրիչների խմբեր ուղարկելով:
