Վրաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիների 18.8%-ը համարվում է Վրաստանի ռեզիդենտ
Ըստ Ազգային բանկի հրապարակած միջազգային ճանապարհորդություններից ստացված եկամուտների վերաբերյալ տվյալների` Վրաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիների 18,8%-ը համարվում է Վրաստանի ռեզիդենտ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
«2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ Վրաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիների 18,8%-ը գնահատվում է որպես 1 տարուց ավելի ժամկետով բնակվող կամ մտադիր է Վրաստանում մնալ 1 տարուց ավելի ժամկետով (ռեզիդենտ)։ Համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի մեթոդաբանության՝ նրանք Վրաստանի ռեզիդենտներ են, և նրանց կատարած ծախսերը չեն ներառվում միջազգային ճանապարհորդություններից ստացված եկամուտների մեջ»,- ասված է Ազգային բանկի հրապարակած փաստաթղթում։
Հարկ է նշել նաև, որ անցյալ տարի Վրաստանը միջազգային ճանապարհորդություններից ընդհանուր առմամբ ստացել է 4,690 մլրդ ԱՄՆ դոլարի եկամուտ։ Դրա գրեթե 3,4%-ը բաժին է ընկնում Ուկրաինայից ժամանած ճանապարհորդներին։
Մասնավորապես, ըստ վիճակագրության, անցյալ տարի ուկրաինացիները Վրաստանում ծախսել են ընդհանուր առմամբ 157,6 մլն դոլար։
Նույն վիճակագրության համաձայն՝ զբոսաշրջությունից ստացված եկամուտներով առաջատարը ռուսներն են՝ 694 մլն դոլարով։ Երկրորդ տեղում Թուրքիայի քաղաքացիներն են՝ 605,9 մլն ԱՄՆ դոլարի ծախսերով, իսկ երրորդում՝ Իսրայելից ժամանած ճանապարհորդները, որոնք Վրաստանում ծախսել են 586,3 մլն դոլար։
