Ինտերնետի հասանելիությունն Իրանում կվերականգնվի առաջիկա օրերին․ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
Իրանի իշխանություններն առաջիկա օրերին ամբողջությամբ կվերացնեն ինտերնետի սահմանափակումները երկրի ներսում, Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ և դեսպան Ալի Բահրեյնին։
Ըստ ՏԱՍՍ-ի՝ Բահրեյնին նշել է, որ Թեհրանը շահագրգռված չէ ինտերնետի երկարաժամկետ անջատմամբ, քանի որ դա խոչընդոտում է տնտեսության լիարժեք գործունեությանը։ Դիվանագետը նշել է, որ համացանցի շատ հատվածներ արդեն հասանելի են դարձել հանրությանը։
«Ես լիովին վստահ եմ, որ համացանցի լիարժեք հասանելիությունը շատ շուտով կվերականգնվի», – լրագրողների հետ զրույցում ասել է նա՝ հավելելով, որ դա կարող է տեղի ունենալ «ընդամենը մի քանի օրից»։
Դիվանագետը պարզաբանել է, որ ինտերնետն անջատելով՝ իշխանությունները հասել են իրենց հիմնական նպատակին՝ դադարեցնել բռնությունն ահաբեկիչների կողմից, որոնք օգտագործում էին երկրում խաղաղ բողոքի ցույցերն իրենց սեփական շահի համար։
Իրանում անկարգությունները սկսվել են դեկտեմբերի վերջին՝ իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և մեծ գնաճի ֆոնին առաջացած բողոքի ցույցերից հետո, որոնք տարածվել են խոշոր քաղաքների մեծ մասում։
