Ինչո՞վ է սմարթֆոնը սպառնում մինչև 13 տարեկան երեխաների հոգեկան ներաշխարհին
Երկու միլիոն մասնակից և մեկ պարզ հարց
Global Mind Project նախագծի գիտնականները հարցում են անցկացրել 163 երկրների՝ գրեթե 2 միլիոն բնակչի շրջանում։ Նրանց հարցրել են, թե ո՞ր տարիքում են ստացել իրենց առաջին սմարթֆոնը և ինչպե՞ս են գնահատում իրենց հոգեկան վիճակն այսօր։ Ըստ medspecial.ru-ի՝ բարեկեցությունը չափելու համար օգտագործվել է հատուկ թեստ՝ Հոգեկան առողջության ինդեքսը (MHQ): Այն գնահատում է էմոցիոնալ կայունությունը, մտածողության հստակությունը, շփվելու ունակությունը և ընդհանուր ինքնազգացողությունը։
Ի՞նչ է MHQ-ն
MHQ-ն հոգեկան վիճակի պայմանական ցուցանիշ է.
- Դրական արժեքները նշանակում են լավ ինքնազգացողություն, սթրեսակայունություն և զարգացած սոցիալական հմտություններ։
- Զրոյական կամ բացասական միավորներն ազդարարում են լուրջ դժվարությունների մասին՝ էմոցիոնալ փլուզումներ, վարքի վերահսկողության խնդիրներ կամ սուիցիդալ (ինքնասպանության) մտքեր։
Որքան վաղ տարիքում են օգտագործում սմարթֆոնը, այնքան վատ են ցուցանիշները
Որքան վաղ է երեխան ստանում սմարթֆոն, այնքան վատ են նրա արդյունքները չափահաս տարիքում (18-24 տարեկան)։ Այս օրինաչափությունը դրսևորվել է բոլոր երկրներում և մշակույթներում.
- 13 տարեկանից սմարթֆոն գործածողների մոտ MHQ-ի միջինը 30-ից բարձր է, ինչը համապատասխանում է «բարեկեցության գոտուն»։
- 5 տարեկանից՝ ցուցանիշը գրեթե զրոյական է, ինչը մատնանշում է արտահայտված դժվարություններ։
Մռայլ մտքեր, ագրեսիա և կտրվածություն իրականությունից
Հետազոտության արդյունքների համաձայն՝ վաղ տարիքում սմարթֆոն ունեցողների և ծանր ախտանիշների միջև կապն առկա է։ Դրանք են՝
- Մռայլ և սուիցիդալ մտքեր,
- Բարձր ագրեսիվություն և դյուրագրգռություն,
- Իրականությունից կտրվածության զգացում,
- Հազվադեպ, բայց լուրջ երևույթներ, ինչպիսիք են հալյուցինացիաները։
Աղջիկներն ավելի խոցելի են նկատվել. նրանց մոտ ավելի հաճախ տուժել է ինքնագնահատականը և էմոցիոնալ կայունությունը։ Տղաների մոտ ավելի շատ նվազել է հանգստությունը և էմպատիայի (կարեկցանքի) ունակությունը։
Սոցցանցեր, քուն և կիբերբուլինգ. գլխավոր «կասկածյալները»
Գիտնականները կարծում են, որ խնդիրը ոչ թե բուն սարքն է, այլ այն ռիսկերը, որոնց «դռներն» այն բացում է.
- Սոցիալական ցանցեր (40%)- ալգորիթմները (այդ թվում՝ արհեստական բանականության հիմքով) կլանում են ուշադրությունը և ճնշում ստեղծում։
- Քնի խանգարումներ (12%)- էկրանը և ծանուցումները խանգարում են լիարժեք հանգստին։
- Ընտանեկան հարաբերություններ (13%)- սմարթֆոնը կարող է դուրս մղել կենդանի շփումը։
- Կիբերբուլինգ (10%)- երեխաները դառնում են խոցելի թիրախ առցանց հալածանքների համար։
Ի՞նչ կարող են անել ծնողները հենց հիմա
Կարևոր է հիշել, որ հետազոտությունը ցույց է տալիս կապը, այլ ոչ թե ուղղակի պատճառը, սակայն դրա մասշտաբը ստիպում է տվյալներին լուրջ վերաբերվել։
Մասնագետները խորհուրդ են տալիս՝
- Չշտապել անձնական սմարթֆոնի հարցում։ Կապի համար բավական է կոճակավոր հեռախոսը՝ գոնե մինչև 13 տարեկանը։
- Սովորեցնել թվային գրագիտություն. ինչպես անվտանգ վարվել համացանցում և քննադատաբար վերաբերվել տեղեկատվությանը։
- Օգտագործել ծնողական վերահսկողություն և ժամանակային սահմանափակումներ։
- Պահպանել վստահելի հարաբերություններ և հետաքրքրվել երեխայի առցանց կյանքով։
Պետք է սահմանել «Առանց հեռախոսի» գոտիներ և ժամեր
Սահմանեք հստակ ընտանեկան կանոններ, որոնք կվերաբերեն բոլորին (նաև ծնողներին)։
Ճաշասեղանի կանոն. Ոչ մի հեռախոս ուտելու ընթացքում՝ կենդանի շփումը խթանելու համար:
Քնից 1 ժամ առաջ. Բոլոր սարքերը հավաքվում են ընդհանուր վայրում, որպեսզի ուղեղը պատրաստվի լիարժեք քնի:
Օրինակի ուժը. Եթե ծնողը մշտապես հեռախոսով է, երեխան դա ընկալում է՝ որպես նորմալ վարքագիծ:
Ինչո՞ւ են պետք և՛ ընտանեկան, և՛ պետական միջոցառումներ
Գիտնականներն ընդգծում են՝ պատասխանատվությունը միայն ծնողներինը չէ։ Նրանք առաջարկում են սահմանափակել երեխաների մուտքը սոցցանցեր, դպրոցներում ներդնել թվային գրագիտության դասեր և ուժեղացնել տեխնոլոգիական ընկերությունների պատասխանատվությունը։
Կարևոր է հիշել՝
Որքան վաղ է երեխայի մոտ հայտնվում սմարթֆոնը, այնքան մեծ է էմոցիոնալ դժվարությունների ռիսկը չափահաս տարիքում։ Սա սարքերի տոտալ արգելքի առիթ չէ, այլ ազդանշան, որ տեխնոլոգիաների օգտագործման կանոնները պետք է ձևավորվեն ընտանիքում և աջակցություն ստանան հասարակության կողմից։
Պատրաստեց 168.am-ը
