Փաշինյանի, թուրքական քարոզչության, Հայկական Հարցի ու ԿԳԲ-ի մասին. Հրանտ Միքայելյան

Քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Վերջերս աչքիս ընկավ ռուսալեզու TRT պորտալում երկու ամիսառաջ հրապարակված հրապարակված այս նյութը։

Այստեղ «հրաշալի է» ամեն ինչ։ Ե՛վ այն, որ թուրքական ԶԼՄ-ները պաշտպանում են Փաշինյանին, և՛ այն, որ նրանք հորինում են՝ իբր Հայկական հարցն առաջացել է Խորհրդային ժամանակներում (այն, ի դեպ, համակարգված ձևով ձևակերպվեց 1878 թվականից հետո՝ երբ եվրոպական տերությունները չթույլատրեցին Ռուսական կայսրությանը Սան-Ստեֆանոյի հաշտության պայմանագրի և Բեռլինյան տրակտատի արդյունքներով զբաղեցնել Արևմտյան Հայաստանը, սակայն միաժամանակ ճանաչեցին Օսմանյան կայսրությունում հայերի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը՝ նրանց համատարած ճնշման ֆոնին)։

Հայոց ցեղասպանությունը սկսվել է երիտթուրքերի կողմից 1915 թվականի ապրիլի 24-ին, և արդեն ուղիղ մեկ ամիս անց Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Օսմանյան կառավարության անդամներին և դրա գործակալներին անձամբ պատասխանատու հայտարարելով մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործությունների համար (այդ ժամանակ առաջին անգամ ի հայտ է գալիս այս եզրը)։

1918 թվականին ստորագրվեց Մուդրոսի զինադադարը, իսկ 1919 թ.-ին Թուրքիան ինքն էլ ճանաչեց իր հանցագործությունները․ կայացվեցին բազմաթիվ դատավճիռներ։ 1919–1921 թթ. Բրիտանական կայսրությունը սկսեց Մալթայում իրականացնել թուրք հանցագործների պատժի գործընթացը՝ Հայոց ցեղասպանությանը մասնակցելու համար, սակայն վերջնական պայմանավորվածությունների արդյունքում ընդունվեց քաղաքական որոշում՝ դա չանել։ Իսկ 1921 թվականին Գերմանիայում Թալեաթ փաշային սպանած Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, վերածվեց երիտթուրքերի դատաստանի և դարձավ լուրջ հանրային երևույթ։ Սա Նյուրնբերգի նախապատմությունն էր, բայց ի տարբերություն 1945 թվականի, քաղաքական իրավիճակը արագ փոխվեց, և բոլորը որոշեցին Օսմանյան թուրքերի հանցագործությունները «տեղափոխել» արխիվ, իսկ Լոզանի պայմանագրով (1923) Հայկական հարցը քաղաքական հարթությունից տեղափոխվեց հումանիտար դաշտ։

1920-ական և 1930-ական թվականներին հայերը, լինելով փախստականներ, հնարավորություն չունեին իրենց նոր բնակության երկրներում պահանջելու ցեղասպանության ճանաչումը։ Սակայն ժամանակակից տրամաբանությամբ ցեղասպանության՝ որպես ժողովրդի ոչնչացման, հարցի ձևակերպումը հենց այդ շրջանում ձևավորվեց սփյուռքում։ «Ցեղասպանություն» բառը դեռ չկար․ այն առաջարկեց Ռաֆայել Լեմկինը՝ Հայոց ցեղասպանությունը և Հոլոքոսթը, ինչպես նաև այլ նմանատիպ իրադարձություններ նկարագրելու համար։

Ի դեպ, 1939 թվականին իր Օբերսալցբերգյան ելույթում, որը տեղի է ունեցել Լեհաստանի վրա հարձակումից մեկ շաբաթ առաջ, Հիտլերը հռետորական հարց տվեց․ «Ո՞վ է այսօր դեռ խոսում հայերի ոչնչացման մասին»՝ ցույց տալով, որ, նախ, «ով որ պետք էր» հիշում և հասկանում էին սա որպես ինստիտուցիոնալ ակտ, և, երկրորդ, որ հայերի ոչնչացումն իսկապես դարձավ նախադեպ՝ Հոլոքոսթի և 1939 թվականի ագրեսիվ պատերազմի համար։

Ինչպես արդեն ասվեց, 1944–45 թթ. միջազգային իրավաբան Ռաֆայել Լեմկինը, նախապատրաստելով բոլոր ձևերի ցեղասպանության կանխարգելման կոնվենցիան, հիմնվում էր Հայոց ցեղասպանության վրա՝ որպես այդ երևույթի հիմնարար պատմական օրինակներից մեկը։ Սա ՄԱԿ-ի առաջին կոնվենցիաներից էր և ՄԱԿ-ի ստեղծման գլխավոր պատճառներից մեկը (պատերազմների և ցեղասպանությունների կանխարգելում)։

Եվ ահա այստեղ գործի է անցնում թուրքական քարոզչությունը, ինչպես նաև դրա ռետրասնլյատորներից մեկը՝ ՀՀ վարչապետ Փաշինյանը։ 1945 թվականին, իբր, «ԿԳԲ-ին շատ էր պետք պտտել հայկական հարցը, որպեսզի վերցնի Արևմտյան Հայաստանը»։ ԽՍՀՄ-ը իսկապես ցանկանում էր զբաղեցնել Արևմտյան Հայաստանի և Վրաստանի մի մասը՝ ընդ որում ավելի մեծ շեշտով՝ Վրաստանի օգտին, և Հայոց ցեղասպանությունը դրա լեգիտիմացման համար ընդհանրապես չէր օգտագործվում։ Այդ ժամանակ ԱՄՆ-ը խոչընդոտեց այդ տարածքների զբաղեցմանը, քանի որ սկսվում էր Սառը պատերազմը, և որքան հեռու պահեին ԽՍՀՄ-ին՝ այնքան իրենց համար լավ էր։ Բացի այդ, ամերիկացիները Ստալինին առաջարկել էին ընտրության իրավունք՝ վերցնել Արևմտյան Ուկրաինա/Բելառուսը կամ Արևմտյան Հայաստան/Վրաստանը, և Ստալինը ընտրել էր առաջինը, բայց միևնույն է որոշել էր վերցնել բոլորը։

ԽՍՀՄ-ում Հայոց ցեղասպանության քննարկումը արգելված էր մինչև 1960-ականների կեսերը, երբ հայերի զանգվածային հայրենադարձության (1945–46, 1961–63) և դեստալինիզացիայի երկրորդ ալիքի (22-րդ համագումար, 1961 թ.) արդյունքում ստեղծվեց գոնե ինչ-որ քննարկման տարածք, որից հետո «պատնեշը ճեղքվեց», և Հայաստանում թեման նորմալիզացվեց։ Թուրքական քարոզչության հիվանդ ընկալմամբ՝ եթե ԽՍՀՄ-ում ինչ-որ բան տեղի է ունեցել, ապա դա «ԿԳԲ-ն է արել»։ Սա բացարձակապես այդպես չէ․ հսկայական թվով գործընթացներ զարգանում էին իշխանության կամքից անկախ, և Հայկական հարցը դրա հրաշալի օրինակ է։ Իսկ ներկայիս սուտը պետք է, որպեսզի միաժամանակ խնդրականացվի ռուսական զորքերի դուրսբերումը Թուրքիայի հետ սահմանից, Արցախի հանձնումը և Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը «ցանկացած գնով»՝ որպես «ԿԳԲ-ից ազատվելու» գին»։

Տեսանյութեր

Լրահոս