Հավատքն ու հավատարմությունը փոխկապակցված են. ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի մեսիջը
Այս օրերին տարբեր լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, թե բարձրաստիճան զինվորականները փորձում են բանակում ծառայող հոգևորականներին՝ գնդերեցներին էլ բերել Նիկոլ Փաշինյանի և Վեհափառի հեռացումը պահանջող տասը տիրադավ եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների ու քահանաների շարքերը։
Այս տեղեկությունները ՀՀ պաշտպանության նախարարությունը փորձել է հերքել, բայց նման նոր դրվագներ են հայտնվել մամուլի էջերում՝ թիրախում պահելով ՀՀ զինված ուժերը: Եվ անկախ նրանից, թե կողմերից ով ինչ չափով է սխալ կամ ճիշտ, սա չի կարող լարված մթնոլորտ չստեղծել բանակում, ինչի մասին գրել ենք դեռ 2025 թվականի հոկտեմբերին, երբ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հովհաննավանքում կարգալույծ հոգևորականի մատուցած «պատարագին» էր մասնակցել, ընդ որում, սրա վտանգները մեկ տեսանկյունից չէ, որ դիտարկել ենք:
Արդյո՞ք լինելով պաշտպանական կառույցի ղեկավար, որին ենթարկվում են զինված ուժերը, որտեղ յուրաքանչյուր քայլ կարգավորվում է հստակ կանոնադրությամբ, կանոններով և օրենքներով, Սուրեն Պապիկյանը դրանով վտանգավոր մեսիջ չի հղում, հատկապես, երբ կա դրա շատ վատ նախադեպը։
Հիշեցրել էինք նաև, որ 2018-ի ապրիլի 23-ին Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնության իշխանափոխության ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ՝ համազգեստներով. խոսքն ավելի քան 200 զինծառայողի մասին է:
Բացի այս, նաև մտահոգություն էինք հայտնել, որ եթե հանկարծ որոշվի օբյեկտիվ պատճառներով ինչ-որ մեկին կոչումազրկել, կոչումն իջեցնել, և տվյալ անձը հայտարարի՝ բանակից և ռազմական գործից հեռու մարդիկ չեն կարող իրեն կոչումազրկել, կոչումն իջեցնել: Պատկերացնո՞ւմ են, արդյոք, թե ինչ նախադեպ են ստեղծում իշխանությունները։
Այնպես որ, Սուրեն Պապիկյանի՝ Հովհաննավանքը շատ վտանգավոր մեսիջ և նախադեպ կարող է լինել:
Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու «բարենորոգման» կրոնաքաղաքական գործողությունների ծրագրի համատեքստում դարձյալ թիրախում բանակն էր, հատկապես զինվորականները, ռազմական ղեկավարությունը, քանի որ «փաշինյանական» պատարագներին, ուխտերթին մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության, ռազմական ոստիկանության աշխատակիցներ, պաշտոնյաներ, սպաներ՝ համազգեստով և առանց համազգեստի, կամ՝ ծպտյալ և ոչ ծպտյալ:
Հետո արդեն այս թեման դարձավ հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ասուլիսի հիմնական թեմաներից մեկը։
Եվ ինչպես արդեն նշեցինք, այս օրերին օրակարգում գնդերեցների վրա բարձրաստիճան զինվորականության կողմից ճնշումների մասին տեղեկություններն էին, որի համատեքստում հիշատակվում էր անձամբ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունը, և այն, որ գնդերեցներն իբր չեն տրվել ճնշումների: Չցանկանալով մտնել այս մանրամասնությունների մեջ,
կառանձնացնենք մեկ այլ դրվագ. հունվարի 25-ին Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ, պատարագիչն էր ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանը։

Այս փաստը, թերևս, ոչ թե ըմբոստություն է և ՀՀ պաշտպանության նախարարի նկատմամբ անհնազանդության քայլ, այլ՝ որ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանը հավատարիմ է մնացել իր հոգևոր առաջնորդին և նպաստել ՀՀ պաշտպանության նախարարի հեղինակությանը, ով ասում էր՝ բանակը չպետք է մասնակից լինի քաղաքական գործընթացներին: Տվյալ դեպքում բանակը ԶՈւ հոգևոր առաջնորդն է ներկայացնում, ով ունի նաև հոգևոր վերադաս, և եթե նույնիսկ ինչ-որ լարվածություն էլ առաջացել է, ապա դա պետք է կարգավորվի բանակի ներսում՝ զերծ մնալով քաղաքականացվելուց: Հնարավոր չէ զինվորից պահանջել հարգել իր վերադասին, երբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդից պահանջեն չհարգել իր հոգևոր առաջնորդին:
Նշենք, որ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանը ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ է նշանակվել 2021 թվականի փետվարին, ում հոգևոր ծառայության բավականին հատված կապվում է Հայոց բանակի հետ, այդ թվում՝ օկուպացված Արցախի պաշտպանության բանակի:
Ի դեպ, armenianchurch.org-ից տեղեկանում ենք, որ 2010 թվականին Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանը կուսակրոն քահանա է ձեռնադրվել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կողմից, ով այսօր իշխանությունների կողմից անհիմն քրեական հետապնդման է ենթարկվում և գտնվում է անազատության մեջ:
Իսկ տարիներ առաջ լույս էր ընծայվել ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանի «Արդարացի պատերազմի տեսությունը» գիրքը: Նա այն կարծիքին է, որ «չնայած թշնամուն ոչնչացնելու ժամանակակից «խելացի» զենքերին ու միջոցներին` պատերազմի և ռազմական գործողությունների ամենակարևոր տարրը միշտ կլինի անձը, և մարտի հաջողությունը մեծապես կախված կլինի նրա հոգեվիճակից»:
Ինչ վերաբերում է խաղաղ պայմաններին և բանակում հոգևոր ծառայության նշանակությանը, ապա ըստ ԶՈՒ հոգևոր առաջնորդի, գնդերեցները նպաստում են զինծառայողների հոգևոր ու բարոյական դաստիարակությանը, քրիստոնեության տեսանկյունից ցույց են տալիս նրանց զինվորական ծառայության արժեքն ու վեհությունը՝ բարձրացնելով նրանց կարգապահության մակարդակը ու մարտական ոգին։ Այսինքն, իրենց ամենօրյա գործունեությամբ գնդերեցները փորձում են զինծառայողներին զերծ պահել քայքայիչ գաղափարախոսություններից, արատավոր փողոցային բարքերից, վարքի ինքնասպանական (սուիցիդալ) դրսևորումներից, վնասակար սովորույթներից (թմրամոլություն, խաղամոլություն, հարբեցողություն, հայհոյախոսություն և այլն)։ Նրանք նպաստում են ԶՈՒ-ի անձնակազմի ներքին խաղաղությանը, համերաշխությանը, հանդուրժողականությանը, փոխզորակցությանը, կարգապահությանը, մարտունակ ոգու կայացմանն ու պահպանմանը։ Արդյո՞ք պետք է ֆիզիկական և հոգևոր անվտանգություն ապահովողների միջև բաժանարար գծեր դնել և խաթարել նրանց հիմնական ծառայությունը…
Հ.Գ. Ճակատագրի հեգնանքով ՀՀ ԶՈւ նախկին հոգևոր առաջնորդ, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Վեհափառի հեռացումը պահանջողների թիմում է:
