Սահմանվել են կառուցապատողների կողմից բնակարանը շահագործման հանձնելու նվազագույն չափորոշիչներ. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Բնակարան ձեռք բերողների շահերի պաշտպանության նկատառությամբ սահմանվել են բնակարանը շահագործման հանձնելու նվազագույն չափորոշիչներ, որոնք պարտադիր պետք է պահպանվեն բոլոր կառուցապատողների կողմից։
Այդ մասին մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։
«Նախկինում կառուցապատողն ինքն էր որոշում շինաշխատանքների ավարտվածության, շենքերի ներքին հարդարման ինչ աստիճանով պետք է շենքը հանձներ գնորդներին։ Այժմ սահմանվել է միասնական մոտեցում նվազագույն չափորոշիչների վերաբերյալ, որոնք պարտադիր են բոլոր կառուցապատողների համար, այլապես տվյալ կառույցն ավարտական ակտ չի ստանա»,- ասաց Վարդանյանը։
Նրա տեղեկացմամբ՝ երբ Քաղաքաշինության կոմիտեն սահմանում է որոշակի նորմեր, հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ տեխնոլոգիաներն արագ զարգանում են, հետևաբար կոմիտեն փորձում է հնարավորինս զարգացման դինամիկային համընթաց ցուցաբերել ճկունություն և այդ նորմերն անընդհատ ադապտացնել իրականությանը։
«Մեզ դիմել էին կապի ծառայություններ մատուցող օպերատորները։ Քանի որ Հայաստանն ամբողջությամբ անցնելու է 5G ցանցի ծածկույթի, ուստի կապի կայանների, աշտարակների տեղադրման, հողերի նշանակային օգտագործման ընթացակարգերը նույնպես համապատասխան որոշումներով պարզեցրել ենք, նորմերն ավելի հստակեցրել, որպեսզի այդ տեխնոլոգիաները հնարավորիս արագ ներդրվեն Հայաստանում։ Մյուսը վերաբերում է էլեկտրամոբիլներին, որոնց քանակի աճին զուգահեռ՝ սահմանեցինք էլեկտրալիցքավորման կայանների տեղադրման հնարավորությունները։ Մենք այդպես փորձում ենք արագ և ճկուն գործել բոլոր ուղղություններով, որպեսզի չկարգավորված որևէ ոլորտ չմնա»,- ասաց Վարդանյանը։
Քաղաքաշինության կոմիտեի պատվերով ՀՀ-ում մշակվել ու հաստատվել են նաև 88 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթեր, որոնք առնչվում են գլխավոր հատակագծերին և գոտևորման նախագծերին։ Դրանցից որոշները գտնվում են լրամշակման փուլում՝ կախված շուկայում առկա պահանջարկի փոփոխություններից։
«Մեզ համար կարևոր փաստաթուղթ է նաև տարաբնակեցման գլխավոր նախագիծը, որը նախանշելու է Հայաստանի ամբողջ տարածքում զարգացման հնարավորություններն ու ուղղությունները՝ հաշվի առնելով բոլոր ռեսուրսները, որոնք առկա են մեր երկրում։ Ըստ էության, լինելու է հեռանկարային զարգացման նախագիծ, որը կապելու է բոլոր ոլորտները։ Տեխնիկական առաջադրանքն արդեն մշակված ու հաստատված է, իսկ ֆինանսավորումը ներառված է 2026 թվականի բյուջեի առաջնահերթությունների մեջ։ Մեր համակարգմամբ մշակվել է նաև Հարսնաքար հանգստի գոտուց մինչև Սևանի թերակղզի հատվածի շուրջ 2,8 կիլոմետր երկարությամբ և 6,5 մետր լայնությամբ ճեմուղու նախագիծը, որի շինաշխատանքները կմեկնարկեն այս տարի, և կունենանք բավականին գեղեցիկ ու հարմարավետ ճեմուղի, իսկ դրա հարակից հատվածում կունենաք համայնապատկերային վերելակ, որն այցելուներին հնարավորություն կտա ավելի մատչելի եղանակով հասնել Սևանավանք, ինչը կլինի նաև խթան տարածքի զարգացման համար»,- տեղեկացրեց Վարդանյանը։
Ինչ վերաբերում շինթույլտվությունների ընթացակարգերի պարզեցմանը, կոմիտեի նախագահն ընդգծեց, որ այդ ուղղությամբ իրենք նույնպես աշխատում են։ 2025 թվականի դեկտեմբերին ընդունվել է Կառավարության որոշումը, որով առավելագույն չափով պարզեցվել է մինչև 300 քռ/մ մեկ ստորգետնյա, երկու վերգետնյա բնակելի տան կառուցապատման թույլտվության գործընթացը։ Իսկ ինչ վերաբերում է տնամերձ մակերեսներին կառուցապատում իրականացնելուն, Վարդանյանը հայտնեց, որ ՀՀ-ում առկա է 50 հազար հողակտոր՝ 400 քռ/մ-ից պակաս մակերեսով, որտեղ նախկինում շինարարական նորմերով արգելված էր իրականացնել կառուցապատում, հետևաբար այդ առումով նույնպես սահմանվելու է լրացուցիչ ընթացակարգ։
«Նորմերի մեջ համապատասխան փոփոխություն իրականացնելով՝ թույլատրելու ենք, որպեսզի քաղաքացիներն իրականացնեն կառուցապատում 200 քռ/մ-ից ավել հողակտորների վրա։ Փոփոխությունները կլինեն փետրվարին»,- տեղեկացրեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։



