«Գուցե փորձեք «ասֆալտին փռելը» կամ «թաթիկներ կտրելը» արտահայտությունն արդարացնել ու ասել՝ դա բռնության կո՞չ չէ». Անի Սամսոնյանը՝ Մարիա Կարապետյանին

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում քննարկվում է ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հարցը:

Ըստ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ ատելության խոսքը ներսից կրծում է բոլորին, ինչը ոչ միայն վտանգավոր է երկրի ներքաղաքական,  այլև անձնական փոխհարաբերությունների տեսանկյունից:
Խմբակցության մեկ այլ պատգամավոր էլ՝ Մարիա Կարապետյանը, նշեց, որ ՀՀ գործող  Քրեական օրենսգիրքն ատելության խոսքի դեմ որոշակի կարգավորումներ նախատեսում է, ուստի այս նախաձեռնությունը կարող է դրական ազդեցություն ունենալ և, օրինակ, պաշտպանել լրագրողներին, և, եթե հնչեն կարծիքներ, թե լրագրողներն ազգադավ գործունեություն են իրականացնում, ապա դա կորակվի՝ որպես ատելության խոսք:

«Սա գալիս է պաշտպանելու բոլոր այն խմբերին, որոնք, հնարավոր է, ինչ-որ մարդու համար խնդրահարույց գործունեություն են ծավալում: Չգիտես ինչու, երբ խոսում ենք ատելության խոսքից, բոլոր քաղաքական գործիչները սկսում են հիշել իրենց փորձը, թե ինչպես են ատելության խոսքի թիրախ դարձել: Բայց սա հաջողելու դեպքում գալիս է պաշտպանելու ոչ թե հանրային պաշտոնյաներին, այլ խոցելի խմբերին: Ինչ վերաբերում է «սևերին» ու «սպիտակներին», որը Երևանի քաղաքապետի կողմից հնչեցնելու հետո՝ հենց հաջորդ օրը, ՀՀ վարչապետը կարծիք հայտնելով՝ ասաց, որ գուցե ոչ հաջող ձևակերպում էր, բայց կարելի էր գունավոր կերպով ներկայացնել: Ինչ-որ արտահայտություն վերցնել ու այսպես շրջանառել… օրինակ՝ «ասֆալտին փռելը» օգտագործվել է հանցագործների դեպքում: Իսկապես ոստիկանության գործողությունների հետևանքով, եթե հանցագործը փախուստի է դիմում, նրան պառկացնում են ասֆալտին: Ուզում եմ ասել, որ հղում անելիս՝ արտահայտությունը չպետք է կտրենք կոնտեքստից»,- ասաց իշխանական պատգամավորը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ հակադարձելով Մարիա Կարապետյանին, նկատեց՝ ատելության խոսքի դեմ առնելու համար, այն, ինչ կարգավորելու էր, արդեն կարգավորվել է:

«Մենք այստեղ հույս ենք հայտնում, որ ստեղծվելիք աշխատանքային խումբը կլինի անաչառ, սակայն դուք արդեն սկսում եք արդարացենլ «սևն» ու «սպիտակը», ուզում եք արդարացնել «ասֆալտին փռելը»: Ի՞նչ է նշանակում՝ հանցագործներին «ասֆալտին փռել», շատ մարդիկ կան, որոնց մեղքը դեռ ապացուցված չէր, Դուք այդ մարդկանց անմեղության կանխավարկածը խախտում եք և ասում, որ ճիշտ է նրանց դեպքում ասել «ասֆալտին փռելը», կամ «թաթիկներ կտրելը», գուցե փորձեք սա էլ արդարացնել ու ասել, որ դա բռնության կո՞չ չէ, իսկապես չեմ հասկանում Ձեզ»,- շեշտեց Անի Սամսոնյանը:

Ի պատասխան՝ Մարիա Կարապետյանը Անի Սամսոնյանին կոչ արեց կենտրոնանալ այլ գույների վրա՝  «սևից» ու «սպիտակից» զատ, ինչից հետո Անի Սամսոնյանն ընդգծեց, որ այդ արտահայտությունը կոնկրետ հետևանք է ունեցել, ինչի մասին իշխանական պատգամավորը շատ լավ գիտի:

Տեսանյութեր

Լրահոս