«Քննարկվող փաստաթուղթ սեղանի վրա չկա». Նիկոլ Փաշինյանը՝ պաշտոնական Բաքվի հրապարակած դիրքորոշման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուսափեց անդրադառնալ այսօր հայաստանյան և ադրբեջանական մամուլում շրջանառության մեջ դրված ԼՂ հակամարտության կարգավորման Ադրբեջանի համար ընդունելի տարբերակին: Այսօր ՀՀ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին այս հռչակագրի մասին:

Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 5-ին, Բրատիսլավայում մեկնարկող ԵԱՀԿ Նախարարական խորհրդի նիստի մասնակիցներին ներկայացրել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ, փաստաթուղթը շրջանառության մեջ է դրվել Ավստրիայում, Սլովակիայում ու Սլովենիայում ադրբեջանական դեսպանատան Twitter-ում և ադրբեջանական պրոիշխանական ԶԼՄ-ներում:

Ադրբեջանական կողմը նշում է, որ կողմ է կոնֆլիկտի լուծման փուլային ճանապարհին, որը հիմնված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի, մասնավորապես՝ 1994թ. Բուդապեշտի գագաթաժողովի որոշման վրա: Փաստաթղթում ասվում է, որ առաջին քայլը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի մնացած այլ զավթած տարածքներից հայկական զինված ուժերի լիակատար ու անվերապահ դուրսբերումը, որին պետք է հետևի ադրբեջանական բռնի տեղահանված ազգաբնակչության վերադարձն անվտանգության բոլոր միջոցառումների կիրառմամբ, ինչպես նաև տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը: Հռչակագրում նաև ամրագրված է, որ հաջորդ փուլում Ադրբեջանը տեսնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի Սահմանադրության ու օրենսդրության համապատասխանությամբ, այդպիսի կարգավիճակը պետք է ապահովի տարածաշրջանի հայ և ադրբեջանցի համայնքների խաղաղ համակեցությունը, պետք է երաշխավորի մարդու իրավունքների ու ազատությունների լրիվ իրացումը հավասար ու ոչ խտրական հիմքերի վրա:

«Կարգավիճակի հստակեցումը պետք է տեղի ունենա խաղաղ պայմաններում, օրինական գործընթացի շրջանակներում, Ադրբեջանի Ղարաբաղյան ռեգիոնի ազգաբնակչության մասնակցությամբ, այն է՝ հայ և ադրբեջանցի համայնքների՝ բացառապես օրինական ու ժողովրդավարական գործընթացի շրջանակներում Ադրբեջանի կառավարության հետ փոխգործակցության արդյունքում»,- նշված է հռչակագրում: Որպես եզրափակում՝ փաստվում է, որ Ադրբեջանը չի տեսնում կոնֆլիկտի քաղաքական լուծումը վերը գծագրված սահմաններից դուրս:

Ի պատասխան Բաբաջանյանի այն դիտարկմանը, թե կցանկանար, որպեսզի պաշտոնական Երևանն իր շրջանակը ֆիքսեր այս փաստաթղթի շրջանառության մեջ դրվելուց հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, Ղարաբաղի հարցն այն հարցն է, որտեղ երբեմն ցանկացած նախադասություն մեծադղորդ հնչելու հատկություն ունի: ՀՀ վարչապետը չանդրադարձավ կոնկրետ այս հռչակագրում ներկայացված ադրբեջանական մոտեցումների անընդունելիությանը, չդատապարտեց դրանք:

Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե այսօր Բրատիսլավայում տեղի ունենալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո ինչպիսի հայտարարություն կարող է ընդունվել, և ինչ ասել է՝ հնգակողմ հայտարարություն:

«Ես Ձեզ ուզում եմ նախապես ասել, թե ընդհանրապես ինչի մասին կարող է խոսք լինել: Ընդհանրապես նման ֆորմատի հանդիպումներից հետո սովորաբար կամ հնչում են, կամ չեն հնչում հայտարարություններ: Հայտարարությունների երեք ռեժիմ կա, ընդհանրապես հայտարարություններ չեն հնչում, հետո են մեկնաբանություններ հնչում, երկրորդը՝ հայտարարություններով հանդես են գալիս համանախագահները, որը եռակողմ ֆորմատն է, այսինքն՝ հայտարարում են, որ հանդիպեցին-քննարկեցին այս, այս, այս հարցերը, և հնգակողմ տարբերակն է, երբ համանախագահները և կողմերի ներկայացուցիչները որևէ հայտարարություն են անում՝ ներկայացնելով իրենց խոսակցության բովանդակությունը:

Նախ ասեմ, որ քննարկվող փաստաթուղթ սեղանի վրա չկա, ինչո՞ւ չկա, որովհետև մենք նախորդ հարցուպատասխանի ժամանակ ասել ենք, որ մենք նախ պետք է հասկանանք ամպլիտուդը, երբ ասել ենք, որ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ մեր պարզաբանումները պետք է ստանանք: Իհարկե, այդ գործընթացն ընթանում է, բայց մենք դեռևս չենք ստացել, ոչ միայն կարևոր է այդ պարզաբանումները ստանալ, այլև այդ պատկերացումների շուրջ ընդհանուր համաձայնության գալը, որ մենք այ այս բաժակին նայելով՝ նույն առարկան ենք տեսնում, նույն պատկերն ենք տեսնում: Ղարաբաղի հարցի հետ կապված՝ ներկայումս կարող եմ արձանագրել հետևյալը, որ ես կարծում եմ, որ մենք մեկուկես տարվա ընթացքում լուծել ենք մեր առաջ դրված խնդիրը: Մենք ձևակերպել ենք Հայաստանի նոր ասելիքը ԼՂ հարցում, ՀՀ-ի և Արցախի նոր ասելիքը, արձանագրել ենք, որ ՀՀ-ի և ԼՂՀ-ի կառավարությունների և, հետևաբար՝ ժողովուրդների պատկերացումները նույնական են, սա նշանակում է՝ 100 տոկոսով մենք նույն կերպ ենք պատկերացնում հարցի կարգավորումը, և երրորդ՝ արձանագրել ենք, որ մեր ասելիքն առավել լսելի և հասկանալի է դարձել միջազգային հանրության կողմից: Սրա վկայությունն այն է, որ շատ բանաձևեր, որոնք մենք առաջարկում ենք, արդեն իսկ պաշտոնապես համանախագահող երկրները կամ առնվազն մի մասն արձանագրել են, որ դա մի բանաձև է, որի հետ դժվար է վիճել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս