Թոմ Հենքսի գիրքն առաջին տեղում է
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է հոկտեմբերի վաճառքների հիման վրա:
Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Թոմ Հենքսի «…Այն, ինչ զգում է իմ սիրտը» պատմվածքների ժողովածուն: Ամերիկացի հանրահայտ դերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թոմ Հենքսը նաև լավ գրող է։ Հենքսի գրական ստեղծագործությանն առաջին անգամ մայրենիով ծանոթանալով՝ հայ ընթերցողը կհամոզվի, որ նա տաղանդավոր է ոչ միայն կինոյի, այլև գրականության բնագավառում։ Նրա հումորով թաթախուն, բարի պատմվածքներն արժանացել են ոչ միայն ամերիկյան, այլև տարբեր երկրների ընթերցողների համակրանքին, դրանցում սարոյանական շունչ են զգում: Գիրքը թարգմանել է Ռուզան Ազիզյանը:
Երկրորդ հորիզոնականում է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը: «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում: Թարգմանությունը՝ Արտաշես Էմինի:
Երրորդ հորիզոնականում է Մարկ Արենի «Քառյակը» վեպը: Վեպի հերոսները չորս ընկերներ են՝ երևանցիներ Խաչատուրը, Տիգրանը, Արտեմը և մոսկվացի Անդրեյը: Մասնակցում են Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացմանը, մարտնչում հանուն Արցախի ազատագրության, այնուհետև՝ համեմատաբար խաղաղ ժամանակներում, պայքարում մոսկովյան ավազակների դեմ՝ նրանց ձեռքից ազատելով ադրբեջանցու՝ պատանդ վերցված անչափահաս տղային… Նրանց կյանքում փորձանքների ու փորձությունների պակաս չկա, սակայն ոչինչ չի կարողանում տրոհել այդ քառյակը: Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:
Չորրորդ հորիզոնականում է Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքը, որի թարգմանությունն իրականացրել է Նարինե Գիժլարյանը: Այն լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված արտասովոր պատմություն է մանկության երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքուշ ու ծիծաղաշարժ դիպվածներով լի մանկություն, որ մարդուն երջանկացնում է ողջ կյանքում: Գիրքն արժանացել է Ռուսաստանի ազգային գրական՝ «Տարվա ձեռագիր» մրցանակին:
Հինգերորդ տեղում է Ալբեր Կամյուի «Անկումը»: Գիշերային Ամստերդամի աղմկոտ գինետներից մեկում մի անծանոթ՝ բաժակը ձեռքին, անանուն զրուցակցին է ներկայացնում իր վերելքների ու վայրէջքների պատմությունը: Մտացածին երկխոսություն, որտեղ ընթերցողին է վիճակված գուշակել պատասխանները: Ալբեր Կամյուի՝ 1956-ին գրված այս վիպակի առանցքում իրական անկման մի պատմություն է. գիշերային Փարիզի կամուրջներից մեկին կռթնած երիտասարդ մի անծանոթուհի, որին չի հաջողվում փրկել: Գլխավոր հերոսի հետագա կյանքը, ինչպես և իրականությունն իր շուրջ դառնում են մի անկման երկարող հետագիծ: Թարգմանիչ՝ Շուշանիկ Թամրազյան:
Լիբանանում ծնված Խալիլ Ջիբրանի «Մարգարեն» գիրքը վեցերորդ տեղում է: Առաջին անգամ հրատարակվել է 1923 թվականին, թարգմանվել է ավելի քան 50 լեզվով: Գրքի բնօրինակն անգլերեն է: Այն ոգեշնչման աղբյուր է հանդիսացել ժամանակի անվանի արվեստագետների՝ Ջոն Լենոնի, Փոլ Մաքարթնիի, ինչպես նաև քաղաքական գործիչներ Ջոն Ֆ. Քենեդու, Ինդիրա Գանդիի և այլոց համար: Գիրքը բաղկացած է 26 ինքնատիպ էսսեներից՝ նվիրված համամարդկային այնպիսի թեմաների, ինչպիսիք են սերը, մահը, ինքնաճանաչողությունը, ազատությունը: Թարգմանել է Սոնա Քյուրքչյանը:
«Երևանյան բեսթսելեր». Թոմ Հենքսի գիրքն առաջին տեղում է. Թարգմանական. հոկտեմբեր, 2019
Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Թոմ Հենքսի «…Այն, ինչ զգում է իմ սիրտը» պատմվածքների ժողովածուն: Ամերիկացի հանրահայտ դերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թոմ Հենքսը նաև լավ գրող է։ Հենքսի գրական ստեղծագործությանն առաջին անգամ մայրենիով ծանոթանալով հայ ընթերցողը կհամոզվի, որ նա տաղանդավոր է ոչ միայն կինոյի, այլև գրականության բնագավառում։ Նրա հումորով թաթախուն, բարի պատմվածքներն արժանացել են ոչ միայն ամերիկյան, այլև տարբեր երկրների ընթերցողների համակրանքին, դրանցում սարոյանական շունչ են զգում: Գիրքը թարգմանել է Ռուզան Ազիզյանը
Gepostet von Armenpress am Donnerstag, 14. November 2019
Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունը յոթերորդ հորիզոնականում է: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: «Աստղերն են մեղավոր»-ը 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից: Թարգմանիչ՝ Ալինա Միրզոյան:
Ութերորդ հորիզոնականում Հերման Հեսսեի «Սիդհարթա» այլաբանական վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է 1922 թվականին։ Այն պատմում է Գաութամա Բուդդայի ժամանակակից բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ճանապարհի մասին։ Հեսսեի 9-րդ վեպն է, որը նա գրել է քնարական ոճով։ Գիրքը տպագրվել է 1951 թվականին Ամերիկայում և մեծ տարածում գտել 1960-ականներին։ Հեսսեն վեպը նվիրել է ֆրանսիացի դրամատուրգ, վիպագիր Ռոմեն Ռոլանին: Թարգմանիչն է Աշոտ Ալեքսանյանը:
Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը» իններորդ տեղում է: Աֆղանստանի լեռները խաղաղ էին մի ժամանակ, և մայրաքաղաք Քաբուլը՝ հարուստ, բարեկեցիկ ու կանչող: Օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթին սպասում էին բոլորը՝ անկախ ծագումից ու դիրքից: Ամիրի համար այդ մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և վերջապես նա հաղթում է իր ընկեր ու սպասավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղթանակն անդառնալիորեն փոխում է տղաների կյանքը՝ բաժանելով նրանց մինչև այն պահը, երբ Ամիրի համար «կրկին լավը դառնալու հնարավորություն կար»: Թարգմանությունն անգլերենից` Մարիա Սադոյանի:
Տասներորդ տեղում Իսահակ Բաբելի «Հատընտիր» ժողովածուն է, որի թարգմանությունն իրականացրել է Արմեն Հովհաննիսյանը: Այն ընդգրկում է պատմվածքներ, հուշեր, պիես, ելույթներ, հոդվածներ, նամակներ: «Հատընտիրը» Բաբելի` 20-րդ դարի ինքնատիպ գրողներից մեկի երկերի հայերեն երրորդ հրատարակությունն է: Այստեղ ընդգրկվել են նախորդ գրքերի նյութը և նոր թարգմանություններ: Կցված են բազմաթիվ ծանոթագրություններ, ներկայացված են 20-րդ դարի առաջին տասնամյակների Ռուսաստանի իրողությունները` բացառիկ շեշտերով, ելևէջներով, ասելիքով:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը