
Սիրիայի նախագահն ԱՄՆ հատուկ բանագնացի հետ քննարկել է երկրում վերջին զարգացումները

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հոկտեմբերի 7-ին Դամասկոսում ընդունել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքին և ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար, ծովակալ Բրեդ Քուփերին։
Կողմերը քննարկել են Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և մարտի 10-ին «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) հետ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման մեխանիզմները։ Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Սիրիայի արտաքին գործերի, պաշտպանության նախարարները, հետախուզության ղեկավարը։ «Հանդիպման առանցքում են եղել Սիրիայում վերջին զարգացումները, քաղաքական գործընթացին աջակցելու ուղիները և անվտանգության ու կայունության ամրապնդման ջանքերը», – հայտարարել է Սիրիայի նախագահի գրասենյակը։
Ըստ հաղորդագրության՝ քննարկումների ժամանակ անդրադարձ է կատարվել մարտի 10-ին Սիրիայի կառավարության և ՍԴՈւ-ի միջև կնքված համաձայնագրի իրականացման մեխանիզմներին այնպես, որ պաշտպանվի երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Կողմերի միջև կնքված համաձայնագրով նախատեսվում է քաղաքական գործընթացում Սիրիայի փոքրամասնությունների հավասար ներկայացվածություն, ինչպես նաև ՍԴՈւ-ի ինտեգրում երկրի ռազմական և քաղաքացիական կառույցներում։
Ավելի վաղ Հալեպում բախումներ էին տեղի ունեցել կառավարական ուժերի և ՍԴՈւ-ի միջև։ Այնուհետև կողմերի միջև հրադադար է ձեռք բերվել։