«Կախվածություն»-ն առաջին տեղում է
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հոկտեմբերի վաճառքի տվյալների:
Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Սյունե Սևադայի «Կախվածություն» գիրքը: «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն ներառում է գրողի վերջին երեք տարվա աշխատանքները, չնայած, որ Սյունեն գրում է արդեն ութ տարի։ Ներկայացված են կայքում հրապարակված, ամսագրերում տպագրված և այլ լեզուներով թարգմանված որոշ պատմվածքներ, և դեռևս չհրապարակված գործեր։ Պատմվածքի թեմաները չունեն ուղղվածություն, որոշները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, մի մասում մարդու ներսի պայքարն է՝ բռնության, սեփական ցանկությունները զսպելու, անհաշտ լինելու հետ, կամ էլ դրսի պայքարը․ որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։
Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» երկրորդ հորիզոնականում է: Ոմանք նրան տեսել են Եվայի մերկությամբ, ոմանք՝ ծովափնյա, ինչ կա որ: Ոչինչ չէր լինի, եթե այդ պահին դուռը չբացվեր և անակնկալ ներս չնայեր քիմիայի ուսուցիչ Սոնա Միքայելյանը: Տեսածը տեսած էր, որ նշանակում է հաջորդ պահին այդ մասին պետք է իմանար տնօրենը, հետո ուսուցչանոցը, հետո ամբողջ դպրոցը…
Երրորդ տեղում է Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը: Գործը գրվել է 2008-2009 թթ. ընթացքում, երբ հեղինակը քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով գտնվում էր ընդհատակում: Վեպի է վերածվել հոդվածաշարը, որը տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում: «2018 թվականի հունվարին ինձ մոտեցավ մի սկսնակ հրատարակիչ և առաջարկեց կազմակերպել «Երկրի հակառակ կողմը» վեպի տպագրությունը՝ առանձին գրքով։ Ես թերահավատությամբ վերաբերվեցի այդ գործը կազմակերպելու նրա հմտությանը, այնուամենայնիվ, ժամանակ խնդրեցի վեպը կարդալ-խմբագրելու համար։ Վեպի ընթերցումը 10 տարի անց ինձ տակնուվրա արեց պարզապես։ Իմ ներսում մի իսկական փոթորիկ սկսվեց, մի իսկական հեղափոխություն։ Ես հասկացա, որ ժողովրդի հաղթանակի ժամը եկել է…»,- գրում է Նիկոլ Փաշինյանը:
Չորրորդ հորիզոնականում Արամ Ավետիսի «Ճարտարապետական մուտացիա» վեպն է: Արամ Ավետիսն իր «Ճարտարապետական մուտացիա» գրքում ձգտում է հավատարմորեն ներկայացնել արդի՝ ապամարդկայնացող աշխարհի ճշմարիտ արտացոլումը: Մեղավո՞ր է արդյոք այդ գիրք-հայելին, որ իր՝ անխաթար ներկայացրած աշխարհը չի ենթարկվում ոչ մի տրամաբանության և միայն սոսկում է պատճառում: Երազն ու իրականությունն իրար են խառնվել այդտեղ: Մի աշխարհ, ուր մարդը դարձել է կատարելապես ավելորդ և միայն ցնորքներով կարող է ապրել:
Հինգերորդ տեղում է Լևոն Նեսի (Հովհաննիսյան) «Բալզակ. մի շան պատմություն» գիրքը: Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու`շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյո՞ք կենդանին երբեմն ավելի բանական չէ, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, արդյոք թույլ տալի՞ս է անվերապահորեն արժանանալու մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը:
Վեցերորդ տեղում է Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» : Այն ներառում է պատմվածքներ, էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, շատերի հիշողություններում դեռ թարմ «մութ ու ցուրտ» և, միաժամանակ, հերոսական տարիները, այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։
Յոթերորդ հորիզոնականն է զբաղեցնում Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց սովորաբար նրանց «մոռանում են»:
Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» վեպի հերոսը այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ «Ջոն Հանիսյանը», որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում:
Էդգար Կոստանդյանի «Միլոշ» վեպը ութերորդ տեղում է: Գրող, դրամատուրգ, միջազգային «Ինտերրայթ» և «Եվրոփեն» մրցույթների հաղթող, «Որբանոց» բեսթսելերի, «Ձմռան վերջին օրը», «Կուկու», «Սովորական երկիր» և այլ գրքերի հեղինակ Կոստանդյանի այս վեպը բավականին պարզ ծանոթագրություն ունի. «Վեպ անցած-գնացած ուրախությունների մասին»:
Իններորդ հորիզոնականում է Պարույր Սևակի «Ամանեջ» անավարտ վեպը: Այն մոտ տասը տարի մնացել է անհայտության մեջ: Արխիվային նյութերը վկայում են, որ վեպ, արձակ գրելու ցանկություն Սևակն իր նամակներից մեկում հայտնել է դեռևս 1942 թ.-ին: 1948-1949 թվականներին որոշել է թեման, նույնիսկ շարադրել 14 էջ, ընտրել է վերնագիրը՝ «Ամանեջ», ապա միայն 1954-ից սկսել լրջորեն աշխատել վեպի վրա: 1955-ին նույնիսկ մշակել-մաքրագրել է վեպի սկիզբը, շուրջ 150 էջ, հետո շարունակել է սևագրել: 1957-ից հետո միայն նյութեր է հավաքել, բայց այլևս չի շարադրել: Եվ ահա մաքրագիր այդ էջերը ու ևս սևագիր մի քանի գլուխներ մեկտեղված են գրքում:
Տասներորդ հորիզոնականում է Արամ Պաչյանի «Ռոբինզոն և 13 պատմվածք» գիրքը: Պատմվածքների այս ժողովածուն համաշխարհային «ռոբինզոնադի» ավանդույթների յուրօրինակ շարունակությունն է՝ Արամ Պաչյանի գրողական ինքնատիպության դրոշմով: Երբեք չթուլացող զգայականությամբ, կառուցվածքային նուրբ խաղարկումներով հատկանշվող այդ պատմվածքներում յուրաքանչյուր հերոս յուրովի է փնտրում ու գտնում մարդկային նախաստեղծ պարզ ու անկեղծ կեցության իր վերջին կղզին:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը