Ներծերունական հոգեկան խնդիրները լուծելի են՝ ժամանակին հոգեկան առողջության մասնագետին դիմելու դեպքում․ մասնագետ

Ուշ հասակի ֆունկցիոնալ խանգարումներն առաջին անգամ նախածերունական (45-60) տարիքում ի հայտ եկող հոգեկան առողջության խնդիրներ են, որոնք կապված են ծերացումով պայմանավորված գործոններով և չեն հանգեցնում թուլամտության։ Այս մասին հայտնում է հոգեբույժ Սյուզաննա Բարսեղյանը։

Տարբերում են հիվանդության 2 կլինիկական ձև՝ ուշ հասակի դեպրեսիա, ուշ հասակի պարանոիդ:

Ուշ հասակի դեպրեսիան դրսևորվում է աստիճանաբար ի հայտ եկող հոգնածությամբ, սեփական կյանքի, հարազատների առողջության, ֆինանսական վիճակի համար անբացատրելի և չափազանցված անհանգստությամբ: Ժամանակի հետ նշված երևույթները խորանում են և վերածվում արտահայտված տագնապային դեպրեսիայի։

Անընդհատ առկա է լարվածություն, մտահոգություն՝ դժբախության և կործանման սպասումով։ Առավել ծանր դեպքերում հիվանդությունը կարող է ուղեկցվել տարատեսակ զառանցական մտքերով՝ հետապնդման, վնասի, թունավորման կամ դեպրեսիվ-ֆանտաստիկական բնույթի զառանցանքներով։

Վերջին դեպքում հիվանդը պնդում է, որ իր մոտ բացակայում են կարևոր օրգանները կամ չեն գործում, որ կործանվել է աշխարհը, կամ ինքը այլևս գոյություն չունի։

Հաջորդ կլինիկական ձևը ուշ հասակի պարանոիդն է, որի ժամանակ հիվանդի մոտ աստիճանաբար ձևավորվում են կասկածամտություն, անվստահություն շրջապատի և նույնիսկ` հարազատների նկատմամբ։

Հարևանների, հարազատների խոսքերը հիվանդները վերագրում են որպես իրենց ուղղված անբարյացակամ վերաբերմունքի, թշնամության դրսևորում։

Ի հայտ են գալիս վնասի, թունավորման զառանցական մտքեր։ Հիվանդները վստահ են, որ հարևանները կամ իրենց հարազատները գաղտնի սողոսկում են իրենց տուն, վնասում են կահույքը, պատռում են հագուստը, գողանում են գումար, թունավորում են իրենց սնունդը։ Այդ պատճառով դիմում են ոստիկանություն, ադմինիստրատիվ մարմիններ, հասարակական կազմակերպություններ, պահանջում են պատժել հանցագործներին։

Հիվանդությունն ունի քրոնիկական ընթացք և զգալիորեն վատացնում է անձի կյանքի որակը։

Նշված խնդիրները բուժելի են, և ժամանակին հոգեկան առողջության մասնագետին դիմելու դեպքում մեծամասամբ կարելի է հասնել կայուն և երկարատև լավացման։

Տեսանյութեր

Լրահոս