
«Լավրովը մեսիջ փոխանցեց հայ հասարակությանը. ՌԴ-ն Հայաստանին դաշնակից է դիտարկում». Հայկ Խալաթյան
«Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանն այն կարծիքին է, որ Լավրովի այցն ու ռուսական կողմի հայտարարությունները որոշակի մեսիջ էին ոչ միայն Հայաստանի իշխանություններին, այլև հասարակությանը:
«Որոշակի մեսիջ կար ՀՀ իշխանություններին, որ Մոսկվան ցանկանում է պահպանել և նույնիսկ վերադառնալ նախկին մակարդակին՝ երկկողմ հարաբերություններում: Նաև որոշակի զգուշացումներ կային Երևանին. Արտգործնախարարների ասուլիսի վերջին հատվածում Լավրովն ամեն ինչ արեց, որ ռուս լրագրողի հարցը հնչի, իսկ հարցն այն մասին էր, թե Հայաստանում գնահատո՞ւմ են Ռուսաստանի հետ առևտրի անհամեմատ ավելի ծավալները և հնարավոր հետևանքները, եթե եվրաինտեգրացիա լինի: Իմ կարծիքով՝ Լավրովը լավ տեղյակ էր՝ ինչ հարց պետք է հնչի, և չնայած նրան, որ Արարատ Միրզոյանը փորձում էր վստահեցնել, որ որևէ կոնկրետ քայլ կամ հրաժարվել ՌԴ հետ դաշնակցային հարաբերություններից ՀՀ իշխանությունը չի նախատեսում, բայց չգիտես՝ ինչու, Լավրովը գտավ, որ լրատվամիջոցների ներկայությամբ այդ հարցը պետք է հնչի և Արարատ Միրզոյանը պատասխանի այդ հարցին: Դա խոսում է նրա մասին, որ որևէ վստահություն չկա ՀՀ իշխանությունների նկատմամբ»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները կարող են դադար վերցնել, բայց ըստ նրա՝ ռազմավարական նպատակը՝ հրաժարվել ՌԴ հետ դաշնակցային հարաբերություններից և գնալ դեպի Արևմուտք, մնում է ՀՀ իշխանությունների օրակարգում:
Նա վկայակոչում է իշխանության ներկայացուցիչների արած հայտարարությունները՝ Լավրովի այցից առաջ և ՌԴ հասցեին հնչած մեղադրանքները. «Նրանք փորձում են այնպես անել, որ Ռուսաստանը համակերպվի այս իրավիճակի հետ, բայց մենք տեսանք, որ նույն Լավրովի մոտեցումն այսպիսին էր՝ եկեք՝ ավելի չխորացնենք ճգնաժամը, գոնե ստատուս-քվոն որոշակի ժամանակ պահպանենք, հետո արդեն պարզ կլինի»:
Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը նախկինի պես համարում է, որ Հայաստանի համար ռազմավարության հիմնական ուղղություններից մեկը անվտանգությունն է, և պատրաստ են բոլոր հնարավոր տարբերակներով համագործակցել Հայաստանի հետ` հատկապես նրա սուվերեն տարածքի պաշտպանության հարցում:
Հայկ Խալաթյանի դիտարկմամբ՝ վերոնշյալ հայտարարությամբ ռուսական կողմը ցույց է տալիս, որ շարունակում է Հայաստանին որպես դաշնակից դիտարկել. «Շատ հայտարարություններ առաջին հերթին ուղղված էին հայ հասարակությանը և ոչ թե՝ ՀՀ իշխանություններին: Հայ հասարակությանն էր ուղղված, որ Ռուսաստանը, միևնույն է՝ ՀՀ-ին որպես դաշնակից է դիտարկում, և Հայաստանի իշխանություններն իրենք պետք է որոշեն՝ ուզո՞ւմ են այդ դաշնակցային հարաբերությունները պահպանվեն, թե՞ ոչ»:
Հայկ Խալաթյանի կարծիքով՝ Հայաստանին կարող են օգնել և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը, և՛ Արևմուտքը, բայց դրա համար նախ պետք է իշխանությունները ցույց տան, որ ունեն կարմիր գծեր, պատրաստ են հայկական շահերի համար պայքարել. «Երբ քո գործընկերները տեսնում են, որ պատրաստ չես պայքարել՝ քո շահերը պաշտպանելու համար, հակառակը՝ մի թեթև զիջում, և պատրաստ ես զիջել, որդեգրել ես խաղաղություն ցանկացած գնով և այլն, հասկանալի է, որ ամեն երկիր առաջին հերթին իր շահերն է առաջ տանում: Այնպես չէ, որ Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան կամ ԱՄՆ-ը մեզ օգնելու համար այդքան մտածում են հայ ժողովրդի մասին: Ավելի շուտ դիտարկում են, որ համընկնում են շահերը: Եթե տեսնեն, որ պատրաստ ես քո շահերը պաշտպանել, քեզ համար էլ տեղ կգտնեն»:
Մանրամասները՝ տեսանյութում