
47.150 դոլար՝ ««Ատոմ Էգոյան 65» և հոբելյաններ» ծրագրի համար․ ԿԳՄՍՆ-ի 13-րդ դրամաշնորհը՝ հոգեզավակ հիմնադրամին

Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարությունն իր հերթական՝ 13-րդ դրամաշնորհն է հատկացրել հոգեզավակ «Մշակույթի զարգացման հիմնադրամ»-ին։
Ըստ էլեկտրոնային գնումների կայքում հանրայնացրած՝ պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մայիսի 14-ին կնքված պայմանագրի՝ հիմնադրամը 18 միլիոն 176 400 դրամով իրականացնելու է ««Ատոմ Էգոյան 65» և հոբելյաններ» ծրագիրը։
Հետաքրքրական է, որ ենթադրելի պատճառներով առաջին պլան բերելով Ատոմ Էգոյանին՝ ԿԳՄՍՆ-ն «և հոբելյաններ» ձևակերպման տակ նկատի է ունեցել Հենրիկ Մալյանի, Աղասի Այվազյանի, Հրանտ Մաթևոսյանի, Վիգեն Չալդրանյանի, Գաբրիել Սունդուկյանի հոբելյանական օրերը։
Ծրագրի իրականացման ժամկետ է նշվել ընթացիկ տարվա հուլիսի 13-ից դեկտեմբերի 1-ը․ այս ընթացքում, ըստ պայմանագրի տեխնիկական բնութագրի, նախատեսված է 7 միջոցառման կազմակերպում։
Այս հիմնադրամի ստեղծումից՝ 2024 թվականի փետրվարի 29-ից ի վեր, ԿԳՄՍՆ-ն հիմնադրամին հատկացրել է միլիոնավոր դրամների 13 դրամաշնորհ։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2024 թվականի տարեսկիզբը նշանավորել էր տարբեր նախարարություններին ենթակա հիմնադրամների ստեղծումով, որոնք բոլորը փաթեթավորել ու պայմանավորել էր ստեղծված անհրաժեշտությամբ։ Իսկ այս ընթացքում արդեն տեսանելի դարձավ, թե ինչպես են պետական բյուջեից աստղաբաշխական դրամաշնորհներ ուղղվում նորաստեղծ հիմնադրամներին, ասել է թե՝ հենց նախարարությունների գործառույթներն իրականացնելու համար։
«Մշակույթի զարգացման» հիմնադրամի հարցը դեռ 2024 թվականի փետրվարի 29-ի նիստում զեկուցել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը. «Հիմնադրամի միջոցով բարելավելու ենք ոլորտում կառավարման համակարգը. նախատեսում ենք ունենալ միասնական վարչատնտեսական կառավարման մոդել, որն առաջին փուլում կիրականացնենք թանգարանների համար»,- ասել էր նա։
Իսկ հիմա այն մասին, թե ինչո՞ւ է ԿԳՄՍՆ այս ծրագրում Ատոմ Էգոյանն առաջին պլանում
Հավանաբար այն պատճառով, որ Ատոմ Էգոյան-Արսինե Խանջյան դուետը 2018 թվականից ի վեր՝ պարբերաբար աջակցությունների խոսքեր է ուղղում գործող իշխանություններին։ Ավելին՝ 2018 թվականի խորհրդարանական քվեարկությունից առաջ սփյուռքահայ 5 հայտնի արվեստագետները՝ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, կինոռեժիսորներ Ատոմ Էգոյանը, Էրիկ Նազարյանը, դերասաններ Արսինե Խանջյանը ու Վահե Բերբերյանը, համատեղ ուղերձ էին հղել, որում մասնավորապես նշել էին․ «Ձեր համերաշխությունը և նպատակին հասնելու միասնությունը նոր ճանապարհ են բացել Հայաստանում իրական ժողովրդավարական փոփոխության հասնելու համար»։
Էգոյանն ու Խանջյանը նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո իշխանություններին աջակցեցին իրենց լռությամբ։
Իսկ նախորդ տարի Ատոմ Էգոյանը, արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե ժամանակին ինքը և իր տիկինը՝ Արսինե Խանջյանը, աջակցում էին հեղափոխությանը, հիմա ի՞նչ զգացողություն ունի, երբ հեղափոխությունից հետո իր աջակցությունը վայելած և իշխանության եկած ուժի պաշտոնավարման ժամանակ տարածքային կորուստներ ենք ունեցել, կորցրել ենք Արցախը, Հայաստանը հայտնվել է ծանր և խոցելի վիճակում, նշել էր․
«Պատերազմից հետո եղել են ընտրություններ, մարդիկ մասնակցել են ընտրություններին, քվեարկել են կառավարության համար։ Ես ընդունում եմ այդ ընտրությունների արդյունքները»։