
Աստղաբաշխական թվեր, արժեթղթեր, կանխիկ միջոցներ․ ի՞նչ են հայտարարագրել Զարեհ Սինանյանն ու նրա տիկինը

Հակառակ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում արձանագրած հետընթացի՝ Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շարունակում է անձնական առաջընթացը։
Վերջինի մասին տեղեկանում ենք 2025 թվականի մայիսի 14-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրից, որտեղ 2024 թվականի դրությամբ պաշտոնյայի գույքի, եկամուտների ու ծախսերի մասին տեղեկություններն են։
Ինչպես նախորդ տարի ներկայացրած հայտարարագրում, այնպես էլ՝ այս, Զարեհ Սինանյանը նշել է 2021 թվականին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գնած և համատեղ տնօրինվող 1 անշարժ գույքի՝ բնակարանի մասին։
Նա, այս տարի ևս, շարունակել է պահպանել 2004 թվականին «Նեյշնլ Լայֆ Գրուպ» ընկերությունից ձեռք բերած արժեթղթերը, բայցև ունեցել հավելում՝ ՀՀ Կենտրոնական բանկից (ԿԲ) գնված պարտատոմսերի տեսքով։
Այսպիսով, ԿԲ դեպքում առկա պարտքային և այլ արժեթղթերի արժեքը՝ ինչպես տարեսկզբին, այնպես էլ՝ տարեվերջին կազմել է 4,000,000 միլիոն դրամ, «Նեյշնլ Լայֆ Գրուպ»-ի արժեթղթերը գրանցել են աճեր․ տարեսկզբի 123 հազար 599 դոլարը տարեվերջին կազմել է 127 հազար 656 դոլար, 140,114 դոլարը՝ 145,232 դոլար։
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Զարեհ Սինանյանը հայտարարագրել է նաև տպավորիչ դրամական միջոցներ։
Պաշտոնյայի բանկային հաշիվների մնացորդները բաշխվել են հետևյալ կերպ․
Տարեսկզբի 200 դոլարը տարեվերջին պահպանվել է նույն չափով, 8,412 դոլար հաշվի մնացորդը ևս տարեվերջին պահպանվել է նույնությամբ,
1,317,639 դրամը նվազել է՝ կազմելով 867,470 դրամ,
4,650,452 դրամն աճել է՝ տարեվերջին դառնալով 7,909,000 դրամ,
109,443 դրամը՝ 112,941 դրամ,
3,509 դոլարը՝ 4,600 դոլար,
1,387 դոլարը՝ 1,388 դոլար,
43,558 դոլարը նվազել է՝ կազմելով 27,312.78 դոլար, նվազել է նաև 56,393 դոլար հաշվի մնացորդը՝ տարեվերջին կազմելով 38,952.94 դոլար։
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի կանխիկ միջոցները տարվա ընթացքում աճել են․ տարեսկզբի 32,000 դոլարը տարեվերջին արդեն կազմել է 38,000 դոլար։
Զարեհ Սինանյանի՝ հաշվետու տարվա 16 միլիոն 362,434 դրամ եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են ԿԲ-ից ստացած 276,000 դրամ այլ եկամուտներից և վարչապետի աշխատակազմից ստացած 16,086,434 դրամ աշխատանքային վարձատրությունից և/ կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։
Պաշտոնյայի ու նրա ընտանիքի անդամների հանգստի համար կատարած ճանապարհածախսը 2024 թվականին կազմել է 40,000 դոլար և 15,523,200 դրամ, իսկ ուսման, դասընթացների համար վարձավճարը՝ 8 միլիոն 225,539 դրամ։
2024 թվականին ներկայացրած հայտարարագրում, որն ամփոփում էր 2023 թվականը, նա հանգստի համար կատարած ճանապարհածախս էր հայտարարագրել 14 միլիոն 337,500 դրամ և ուսման կամ այլ դասընթացների համար վճարված վարձ՝ 8 միլիոն 649,000 դրամի չափով։
Զարեհ Սինանյանի իրավաբան տիկնոջ՝ Լորի Սինանյանի հայտարարագիրն իր ճոխությամբ գերազանցում է ամուսնու հայտարարագրին։
Պաշտոնյայի տիկինը հայտարարագրել է 2021 թվականին գնված 3 անշարժ գույք՝ միանձնյա տնօրինվող 2 ավտոտնակներ Կենտրոն վարչական շրջանում և համատեղության իրավունքով տնօրինվող մեկ բնակարան։
2019 թվականին նա գնել է 2019 թվականի արտադրության «Հոնդա» մակնիշի մեքենա։
Լորի Սինանյանը, ինչպես և Զարեհ Սինանյանն արժեթղթեր ունի «Նեյշնլ լայֆ գրուպ»-ից, որոնց արժեքը տարեվերջին կազմել է մի դեպքում՝ 213,813.11 դոլար, մյուս դեպքում՝ 202,335.86 դոլար։ Նրա՝ 16,000 դոլար և 20,000 եվրո բանկային ավանդները տարվա ընթացքում փոփոխություն չեն կրել, ըստ հայտարարագրի։
Բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են՝ 50,732 դոլար, 7,866,866.4 դրամ, 6,523.5 եվրո, 3,415.31 դոլար, 129,750 դոլար, 26,510 դոլար, 4,613 դոլար, 648,319.7 դրամ, 24,512,500 դրամ, 36,000 դոլար, 381,931 դոլար։
Զարեհ Սինանյանի տիկինը նաև նշել է 44,000 դոլար կանխիկ միջոցների մասին, որոնք տարեվերջին արդեն կազմել են 60,000 դոլար։
Պաշտոնյայի տիկնոջ՝ հաշվետու տարվա 105 մլն 226.385 դրամ եկամուտը գոյացել է Munich Ventures-ից ստացած աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից, ACX Solutions-ից և Foundation Law Group-ի ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտներից։
Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի ծախսեր սյունակում նա նշել է 3,718,000 դրամ ուսման, կամ այլ դասընթացի վարձավճարի մասին, ինչպես նաև՝ 6800 եվրո և 2 միլիոն 962,352 դրամ միանվագ ծախսի, որի բովանդակությունը չի հանրայնացրել։