
Ժողովրդի հաշվին փող են աշխատում. Հերթերը վերացնելու փոխարեն՝ փողով ուզում են հերթերն առաջ տալ

Ժողովրդի հաշվին փող աշխատելու ՔՊ-ականների իշխանության մարմաջը հասել է մարազմի։ Ամեն ինչից ուզում են փող քերել։ Հիմա էլ անցել են վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունների վրա փող աշխատելուն։ Փոխարենը լուծեն այն խնդիրները, որոնք առաջացել են այս գործընթացում, Ներքին գործերի նախարարության անկազմակերպ աշխատանքի հետևանքով՝ փողով արտահերթ քննություններ հանձնելու մեխանիզմ են պատրաստվում ներդնել։
Ով փող ունի՝ կարող է լրացուցիչ վճարել ու հերթից դուրս քննություն հանձնել, իսկ ով չունի, ստիպված է լինելու ամիսներով սպասել, ավելի շատ սպասել, քան հիմա է սպասում, մինչև իր հերթը կհասնի։
«Եթե անձը թե՛ տեսական, թե՛ գործնական քննություններից ստանում է բացասական գնահատական, ապա նա միայն մեկ շաբաթ անց ունի վերահանձնման հնարավորություն»,- ասում է փող աշխատելու հերթական նորմուծության հեղինակ՝ ՆԳ նախարարը Արփինե Սարգսյանը՝ առաջարկելով փող վճարել ու 1 շաբաթվա փոխարեն քննությունը վերահանձնել 1 օր հետո։
Քննության անհաջող փորձից հետո, քաղաքացին տեսականորեն իրավունք ունի միայն 1 շաբաթ հետո կրկին այն վերահանձնել։ Բայց խնդիրները բոլորովին էլ այդ 1 շաբաթը սպասելու մեջ չեն, ինչպես փորձ է արվում ներկայացնել։ Գործնականում դա ուղղակի անհնարին է՝ զուտ այն պատճառով, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու թե՛ տեսական, և թե՛ գործնական քննությունների հերթերն ամիսներ են ձգվում։ Այսօր արդեն օգոստոսից շուտ հնարավոր չէ հերթագրվել։
Առնվազն 2,5 ամիս քաղաքացին պիտի սպասի, որպեսզի իր հերթը հասնի։ Մեծագույն ցանկության դեպքում անգամ նա չի կարող օգտվել իր իրավունքից ու առաջին անհաջող փորձից 7 օր անց քննությունը վերահանձնելու հնարավորություն ստանալ։
Սրա մեղավորը Ներքին գործերի նախարարությունն ու ճանապարհային ոստիկանությունն են, որոնք իրենց փնթի աշխատանքի հետևանքով մարդկանց զրկում են ժամանակին վարորդական իրավունքի քննությունները հանձնելուց ու վարորդական վկայական ստանալուց։
Փոխարենն այս խնդիրը լուծեն, որպեսզի մարդիկ ամիսներով չսպասեն իրենց հերթին ու կարողանան օգտվել սահմանված ժամկետում քննությունները վերահանձնելու իրենց իրավունքից, ՆԳ նախարարությունը որոշել է հերթերի վրա փող աշխատել։ Փողով պատրաստվում են փող ունեցող քաղաքացիների հերթերն առաջ տալ։ Այնպիսի մի արդարացում են հորինել, որ ուղղակի ծիծաղելի է. Ներքին գործերի նախարարն ասում է՝ ստացել ենք բազմաթիվ դիմումներ, որտեղ նշվում է, որ քննություններն ավելի շուտ վերահանձնելու դիմաց՝ քաղաքացիները պատրաստ են հավելյալ գումար վճարել։
Հետաքրքիր է, իսկ դիմումներ չե՞ք ստացել ձեր պարտականությունները պատշաճ կատարելու, հերթերի հետ կապված խնդիրները լուծելու վերաբերյալ, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն նման առաջարկով դիմել։
Եթե վարորդական վկայականների ստացման քննական գործընթացը պատշաճ կազմակերպված լիներ, հաստատ նման անհրաժեշտություն չէր առաջանա։ Այդպիսի անհրաժեշտություն առաջացել է այն պարզ պատճառով, որ մարդիկ 1 շաբաթվա փոխարեն՝ ստիպված են 2-3 ամիս սպասել, մինչև կհասնի իրենց հերթը։
Իր իսկ ստեղծած այս իրավիճակից էլ փորձում է օգտվել Ներքին գործերի նախարարությունը։ Բնականաբար, դրան դեմ չէ նաև կառավարությունը։ Փողի նոր աղբյուր են գտել։ Առաջարկում են, որ եթե քաղաքացին առաջին անհաջող փորձի հաջորդ օրն է ուզում վերահանձնել քննությունը, ապա հավելյալ պետք է վճարի 45 հազար դրամ, եթե ուզում է հանձնել 3-րդ օրը, ապա պետք է վճարի 30 հազար դրամ։
«Սա հավելյալ հնարավորություն է ՀՀ քաղաքացիների համար, այսինքն` վերահանձնման ստանդարտ սպասելաժամանակը, որ 7 օր անց է, պահպանում ենք, սակայն, եթե անձն ունի հնարավորություն հավելյալ վճարի դիմաց ստանալու հավելյալ ծառայություն, ապա այս դեպքում թողնում ենք իրավական այս նոր հնարավորությունը»,- փորձում է քաղաքացիներից հավելյալ գումարներ կորզելու իրենց մարմաջը հիմնավորել ՆԳ նախարարը։
Այս տրամաբանությամբ ցանկացած տեղերում էլ կարելի է քաոսային իրավիճակ ստեղծել, իսկ հետո դրա վրա փող աշխատել։ Առանց այդ էլ ամեն ինչ բերել-հասցրել են նրան, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացում քաղաքացիներին բացահայտ «ռեկետի» են ենթարկում։ Պրակտիկա են դարձրել գործնական քննություններից պարբերաբար կտրելը։
Բոլորն էլ գիտեն, որ գործնական քննությունը հիմնականում 3-4 փորձից հետո է հնարավոր հաղթահարել՝ անկախ նրանից, թե որքանով ես պատրաստ։ Միշտ էլ մի պատճառ կարող են բերել, որպեսզի չանցկացնեն։ Ու այդ ընթացքում քաղաքացին ամեն անգամ ստիպված է լինում պետական տուրք վճարել՝ հերթական քննությանը մասնակցելու համար։
Դա էլ քիչ է՝ հիմա էլ որոշել են հավելյալ 75 հազար դրամ պոկել։
Կարծում եք՝ պատահակա՞ն էին Նիկոլ Փաշինյանի վերջին հարձակումները, երբ ասում էր՝ քաղաքացիների վարորդական իրավունքները համատարած կեղծ են, մարդիկ վարել չգիտեն, բայց վարորդական վկայական ունեն։
Այնպես որ, առաջիկայում այս գործընթացում դեռ շատ անակնկալների պետք է սպասել։
Ի դեպ՝ շուտով ևս մեկ նորամուծություն կմտցնեն ու կրկին փողով։ Քաղաքացին ստիպված կլինի վճարել, որպեսզի վարորդական իրավունքի վկայականի պլաստիկ տարբերակից բացի, նաև էլեկտրոնային կամ թվային տարբերակն ունենա։ Ու երբ պլաստիկ տարբերակն այդ պահին չլինի ձեռքի տակ՝ ճանապարհային ոստիկանը թվային տարբերակով կարողանա նույնականացնել նրան։
Թվում է, թե մեծ բան չէ քաղաքացիների վարորդական վկայականները ոստիկանության կողմից թվային տիրույթում պահելը՝ անհրաժեշտության դեպքում նույնականացնելու համար, ինչպես, օրինակ՝ ԱՊՊԱ պայմանագրերի պարագայում է։ Բայց ՆԳ նախարարությունը որոշել է, որ վարորդական իրավունքի թվային վկայական ունենալու համար քաղաքացին պիտի վճարի, վճարի ճիշտ այնքան, ինչքան վճարում է պլաստիկի դեպքում։
Պլաստիկի պարագայում դեռ կարելի է համակերպվել այն մտքի հետ, որ քարտը փող արժե, էլեկտրոնայինի պարագայում քաղաքացուց փող պահանջելը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Ճանապարհային ոստիկանն ընդամենը հասանելիություն է ստանում ոստիկանության մոտ եղած այն տեղեկատվական բազային, որտեղ կուտակված են վարորդական վկայական ունեցող քաղաքացիների տվյալները։
Ընդամենը սա է, բայց այստեղ էլ չեն ուզում բավարարվել՝ առանց քաղաքացուց փող պոկելու։ Ժողովրդի հաշվին փող աշխատելը, մարդկանց նեղություն տալը դարձրել են կյանքի նպատակ ու թալանում են քաղաքացուն։ Որտեղ մի փոքր հնարավորություն են տեսնում՝ չեն ուզում ձեռքներից բաց թողնել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
Հ.Գ. Եվ ընդհանրապես՝ լիցենզավորված ավտոդպրոցների պարագայում որևէ հիմնավորում չկա նրանում, որ ճանապարհային ոստիկանությունը պիտի անցկացնի վարորդական իրավունքի տրամադրման քննությունները։ Նույնն է թե՝ դպրոցի կամ բուհի ավարտական վկայականներ տալու համար՝ քննությունները պիտի անցկացնի կրթության նախարարությունը կամ նրա ենթակա կառույցներից մեկը։