Բաժիններ՝

Մեյը հայտարարել է, որ համաձայն չէ Brexit-ի չեղարկմանը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ համաձայն չէ Եվրամիությունից իր երկրի դուրս գալը չեղարկելու գաղափարին: Իր կարծիքը նա հայտնել է Brexit-ի շուրջ ԵՄ-ի գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։ Մինչդեռ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը հետ կանչելու ճանապարհով չեղարկելու հանրագիրը ավելի քան 2 մլն մարդու ստորագրություն է հավաքել՝ սահմանելով ստորագրությունների հավաքման արագության բացարձակ ռեկորդ:

«Ես չեմ կարծում, որ մենք պետք է հետ կանչենք Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը: Մենք ընտրության հնարավորություն ենք տվել բրիտանացիներին՝ մնալ ԵՄ-ում կամ դուրս գալ դրանից: Նրանք 2016 թվականին քվեարկեցին դուրս գալու օգտին, եւ մենք ասացինք, որ հարգելու ենք այդ որոշումը»,- ասել է վարչապետը:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Եվրամիությունում մնացող պետությունների ու կառավարությունների բոլոր 27 ղեկավարները ԵՄ-ի գագաթնաժողովում միաձայն որոշում են ընդունել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթվի հետաձգման վերաբերյալ՝ հնարավոր երկու սցենարի հիման դրա»:

«Brexit-ը կհետաձգվի մինչեւ մայիսի 22-ը այն պայմանով, որ բրիտանական խորհրդարանը մինչեւ մարտի վերջը հավանություն կտա դուրս գալու համաձայնագրին, կամ մինչեւ ապրիլի 12-ը, եթե այդ համաձայնագրին հավանություն չտրվի»,- հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ամփոփելով գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքները:

Գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի համաձայն՝ «եթե հաջորդ շաբաթ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը հավանություն չտա դուրս գալու համաձայնագրին, Եվրախորհուրդը համաձայն է հետաձգմանը մինչեւ 2019 թվականի ապրիլի 12-ը եւ ակնկալում է, որ Միացյալ Թագավորությունը մինչեւ այդ օրը Եվրախորհրդին կտեղեկացնի հետագա առաջշարժման իր տեսլականի մասին»:

Ինչպես պարզաբանել է Տուսկը, Մեծ Բրիտանիան այդ դեպքում կարող է նախընտրել դուրս գալն առանց համաձայնագրի, ավելի երկար հետաձգում խնդրելը կամ Brexit-ից հրաժարվելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս