Բաժիններ՝

BepiColombo տիեզերական ապարատը սկսել է պտտվել Մերկուրիի շուրջ

Ութ տարի ճանապարհորդությունից հետո եվրոպա-ճապոնական BepiColombo տիեզերական ապարատը սկսել է պտույտն Արեգակնային համակարգի ամենափոքր և Արեգակին ամենամոտ մոլորակի՝ Մերկուրիի շուրջը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Մերկուրին, որը մի փոքր մեծ է Լուսնից, Արեգակնային համակարգի ներքին չորս մոլորակներից ամենաքիչ ուսումնասիրվածն է։ BepiColombo-ն երրորդ տիեզերական սարքն է, որն այցելում է այդ մոլորակ, և երկրորդը, որը սկսել է պտտվել նրա շուրջը։

Առաքելությունն իրականացվում է Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) և Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալության (JAXA) համատեղ ջանքերով։

ESA-ն շաբաթ օրը հաստատել էր, որ BepiColombo-ն սկսել է պտտվել Մերկուրիի շուրջը։ Նոյեմբերի 22-ին սոցիալական ցանցերում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ուղեծիր դուրս գալու մանևրը հաջողությամբ է իրականացվել, թեև ծրագրային ապահովման հետ կապված խնդրի պատճառով շարժիչների աշխատանքը նախատեսվածից կարճ է տևել։ «Տիեզերական ապարատին վտանգ չի սպառնում, իսկ ESOC-ի (Եվրոպական տիեզերական գործառնությունների կենտրոն) մասնագետները փորձում են պարզել տեղի ունեցածի պատճառը», – հայտնել է գործակալությունը՝ հավելելով, որ կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։

2018 թվականին արձակված ապարատը բաղկացած է ESA-ի մշակած մոլորակային ուղեծրային սարքից ու JAXA-ի ստեղծած մագնիսոլորտի հետազոտման սարքից։ Դրանք ունեն տարբեր գիտական նպատակներ և նախատեսվում է, որ իրարից կառանձնանան դեկտեմբերի 9-ին և 10-ին։ Գիտական հետազոտությունների կանոնավոր փուլը նախատեսվում է սկսել ապրիլին։

Առաքելության նպատակն է պատասխանել Մերկուրիի վերաբերյալ մի շարք հարցերի, այդ թվում՝ պարզել, թե ինչու է մոլորակն օժտված մագնիսական դաշտով, ինչպես է սաստիկ տաքացող մոլորակի բևեռային խառնարաններում սառույց գոյացել, և ինչ բնույթ ունեն նրա մակերևույթի խոռոչանման գոյացությունները։ Մերկուրիի մակերևույթը նման է Լուսնին․ այն պատված է բազմաթիվ հարվածային խառնարաններով։ Մոլորակի վրա կան նաև հարթ տարածքներ ու ժայռային զառիթափեր, որոնց բարձրությունը որոշ հատվածներում հասնում է 1.6 կիլոմետրի։

Արեգակ-Մերկուրի հեռավորությունը կազմում է Արեգակ-Երկիր հեռավորության 40 տոկոսը։ Այդ պատճառով մոլորակի մակերևույթից Արեգակը երևում է ավելի քան երեք անգամ մեծ և յոթ անգամ ավելի պայծառ, քան Երկրից։

Մերկուրիի տրամագիծը 4880 կիլոմետր է՝ Երկրի տրամագծի 40 տոկոսից էլ պակաս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30