Ֆինանսների նախարարությունը վերանայում է իր աշխատանքը՝ 2031-ի տեսլականի համար
Ֆինանսների նախարարությունը հաղորդագրություն է տարածել․
«Ինչպե՞ս ենք ուզում, որ ֆինանսների նախարարությունն աշխատի 2031 թվականին։ Ի՞նչն արժե զարգացնել արդեն այսօր, իսկ ի՞նչը՝ փոխել։
Այս հարցերով հանգստյան օրերին Դիլիջանում անցկացվեց ՀՀ ֆինանսների նախարարության ռազմավարական աշխատաժողովը։ Այն կազմակերպել էր նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման թիմը։ Աշխատաժողովին մասնակցել են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, նախարարի տեղակալները և ստորաբաժանումների ղեկավարները։
Աշխատաժողովը վարել է բիզնեսի զարգացման փորձագետ Մեթ Բարթելսյանը:
Քննարկումը սկսեցինք անցած տարիների փորձից։ Առանձնացրինք այն ձեռքբերումները, որոնք արժե զարգացնել, և բացահայտեցինք, թե ինչն է խանգարում ավելի արդյունավետ աշխատել։ Դրա հիման վրա ձևակերպեցինք նախարարության աշխատանքի՝ 2031 թվականի տեսլականը և համաձայնեցրինք ղեկավար թիմի հաջորդ գործնական քայլերը։
Դիլիջանում քննարկեցինք, թե որտեղ ենք ուզում լինել 2031-ին, և պայմանավորվեցինք, թե ինչից ենք սկսելու հիմա։ Հաջորդ քայլը այդ պայմանավորվածությունները մեր ամենօրյա աշխատանքի մաս դարձնելն է»,- նշվում է հաղորդագրության մեջ։

