Թուրքմենստանից մինչև Մոսկվա. ինչո՞ւ Փաշինյան-Պուտին հանդիպում չի նախատեսվում Թուրքմենստանում, և ի՞նչ է նախապատրաստում Կրեմլը

Հայ-ռուսական ճգնաժամային հարաբերությունների ֆոնին հոկտեմբերի 7-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 74-ամյակի օրը, տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Պուտինի հետ:

ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, Փաշինյանը Պուտինին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ «Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ»,- ասված էր հաղորդագրությունում:

Թուրքմենստանում հոկտեմբերի 8-9-ը տեղի է ունենալու ԱՊՀ գագաթնաժողովը, որին մասնակցելու են ինչպես Պուտինը, այնպես էլ Փաշինյանն ու Ալիևը: ԱՊՀ գագաթնաժողովն անցկացվելու է Թուրքմենաստանի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում: Անդամ պետությունների ղեկավարները, ըստ Կրեմլի, ամփոփելու են կազմակերպության 35 տարվա փոխգործակցության արդյունքները և կարծիքներ են փոխանակելու միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Կրեմլի փոխանցմամբ՝ Թուրքմենստանում Պուտինը մասնակցելու է նաև Կասպյան բնապահպանական գագաթնաժողովին, որի ընթացքում Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահները կքննարկեն բնապահպանության ոլորտում համագործակցության հարցերը:

Սակայն Վլադիմիր Պուտինի օգնականն ասել է, որ դրա շրջանակներում Պուտին-Փաշինյան առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ:  «Հայտնի է, որ Փաշինյանը պլանավորում է մեկնել Մոսկվա կամ որևէ այլ քաղաք՝ մեր նախագահի հետ հանդիպելու համար, սակայն կոնկրետ պայմանավորվածություններ դեռևս ձեռք չեն բերվել: Եվ, անկեղծ ասած, այս հարցի շուրջ դեռևս որևէ դիվանագիտական շփում չի եղել»,- լրագրողներին ասել է Ուշակովը՝ պատասխանելով Մոսկվա Փաշինյանի հնարավոր այցի մասին «Ինտերֆաքս»-ի հարցին:

Կարդացեք նաև

Նախագահի օգնականը նշել է, որ Թուրքմենստանում կայանալիք միջոցառումների շրջանակում հանդիպում նախատեսված չէ, սակայն շփումը չի կարելի բացառել:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը սեպտեմբերի 24-ին ասել էր, որ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ, սակայն Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև նախկինի պես կա ըմբռնում և պայմանավորվածություն, որ այցը տեղի կունենա առաջիկայում:

Ավելի վաղ էլ Պեսկովն ասել էր, որ Մոսկվայում կայանալիք բարձր մակարդակի ռուս-հայկական բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու Հայաստանի ապագա կողմնորոշումը և այս հարցի շուրջ հանրաքվեի անցկացումը։ «Պետությունների ղեկավարները հնարավորություն կունենան կրկին բոլոր տեսանկյուններից քննարկել մեր երկկողմ հարաբերությունների հիմնական թեման, այն է՝ զարգացման ուղու ընտրությունը և Հայաստանի կողմնորոշումը, ինչպես նաև համապատասխան հանրաքվեի անցկացման հարցը»,- ասել էր Պեսկովը։

Նշենք, որ վերջին անգամ Փաշինյանն ու Պուտինը հանդիպել էին Բիշքեկում, որտեղ Պուտինը Փաշինյանին դարձյալ առաջարկել էր ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անել:

Թեև Թուրքմենստանի «Ավազա» զբոսաշրջային գոտում հոկտեմբերի 8-9-ը կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի և Կասպյան բնապահպանական գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված չէ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի առանձին երկկողմ հանդիպում, Կրեմլի ներկայացուցիչների հայտարարությունները չեն բացառում հնարավոր հպանցիկ շփումները միջոցառումների ընթացքում: Այդուամենայնիվ, միջպետական առանցքային ու զգայուն հարցերի քննարկման համար բազմակողմ հարթակների ձևաչափը հաճախ բավարար չի լինում, առավել ևս, երբ օրակարգում առկա են հայ-ռուսական հարաբերությունների հետագա ուղեգծին վերաբերող խորքային և համակարգային խնդիրներ:

Այս համատեքստում բնական է, որ Թուրքմենստանում առանձին երկկողմ բանակցություններ նախատեսված չեն, քանի որ կողմերն արդեն իսկ հանդիպել էին Բիշքեկում, որտեղ առարկայական արձանագրել էին առկա երկկողմ խնդիրներն ու մարտահրավերները: Բիշքեկյան շփումը հիմք է հանդիսացել փոխադարձ մտահոգությունները և դիրքորոշումները հստակեցնելու համար, ինչի արդյունքում հաջորդ տրամաբանական քայլը պահանջում է ոչ թե հապճեպ, սահմանափակ ժամանակով երրորդ երկրում հանդիպում, այլ ավելի հիմնարար և նախապատրաստված բանակցություններ:

Հենց այդ պատճառով էլ հաջորդ շփումները ծրագրված են ոչ թե երրորդ երկրում, այլ հենց Ռուսաստանի Դաշնությունում, որպեսզի քննարկումները շարունակվեն առավել համակարգային և առարկայական կերպով:

Մոսկովյան սպասվող այցը կոչված է լինելու փոխհամաձայնության գալու Հայաստանի ապագա արտաքին քաղաքական կողմնորոշման, զարգացման այլընտրանքային ուղիների և հանրաքվեի անցկացման հեռանկարների շուրջ, ինչը պահանջում է դիվանագիտական մանրակրկիտ նախապատրաստություն և հստակ քայլեր: Դրա վառ ապացույցներից էր «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի վերջին այցը Երևան, որի ընթացքում ռուսական կողմը հայկական իշխանություններին ներկայացրեց կոնկրետ առաջարկներ ու նախագծեր:

Նման բարձր մակարդակի այցերը և փոխայցելությունները վկայում են, որ հարաբերությունների օրակարգում առկա տնտեսական և ռազմավարական հանգույցները պահանջում են նախնական հողի նախապատրաստում, որպեսզի առաջիկա բարձր մակարդակի հանդիպումը լինի առավելագույնս առարկայական։

Այս համատեքստում բնական է, որ ռուսական կողմը ևս գործի է դրել դիվանագիտական և համապատասխան այլ խողովակներ՝ Նիկոլ Փաշինյանի սպասվող մոսկովյան այցից առաջ իր շահերն ու մոտեցումները հստակեցնելու համար։ Հայաստանի ապագա կողմնորոշման և զարգացման ուղիների շուրջ ձևավորվող երկխոսությունը ենթադրում է փոխադարձ լուրջ մարտավարական քայլեր, և Մոսկվայի կողմից տրվող ազդանշանները ցույց են տալիս, որ առաջիկա բանակցությունները պատահական չեն լինելու, այլ միտված են լինելու երկկողմ հարաբերությունների հետագա ընթացքի հստակեցմանը:

Միաժամանակ, փորձագիտական շրջանակներում չի բացառվում, որ բացի տնտեսական նախագծերից ու առաջարկներից, Մոսկվան կարող է սեղանին դնել նաև հնարավոր սանկցիոն կամ զգուշացնող քայլերի փաթեթ՝ ուղղված Հայաստանի վարվող քաղաքականությանը և արևմտյան վեկտորին, ինչը ևս կդառնա առաջիկա մոսկովյան բանակցությունների ծանր ու զգայուն թեմաներից մեկը

Այսպիսով, չնայած դիվանագիտական շփումների որոշակի դանդաղմանը և հռետորաբանության լարվածությանը, շփումները պահպանվում են:  Եվ առաջիկա մոսկովյան հանդիպումը կարող է շրջադարձային դառնալ հայ-ռուսական հարաբերությունների ներկայի ու ապագայի տեսանկյունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031