Ադրբեջանը հզորացնում է իր հակաօդային պաշտպանությունը՝ առանց «տնտեսումների». ի՞նչ համակարգեր է նա ունեցել 44-օրյա պատերազմից շատ առաջ

Forbes-ն անդրադարձել է Ադրբեջանի հակաօդային պաշտպանության կարողություններին:

Մասնավորապես, ամերիկացի ռազմական վերլուծաբան Փոլ Իդոնի հոդվածում նշվում է, որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի ֆոնին՝ Ադրբեջանը հզորացնում է իր ՀՕՊ համակարգը, շարունակում է իր զինված ուժերի մասշտաբային արդիականացումը և դրա համար ոչինչ չի խնայում կամ «տնտեսումներ» չի անում:

Այս համատեքստում վերլուծաբանը չի անտեսել Բաքվի՝ Պակիստանից JF-17 կործանիչներ պատվիրելու փաստը՝ նշելով, որ 2025 թվականի մայիսին Ադրբեջանը մեծացրել է պատվերը՝ 16 միավորը դարձնելով 40, ըստ այդմ՝ մատակարարման պայմանագրի արժեքը 1,6 միլիարդ դոլարից դարձել է 4,2 միլիարդ, ինչը Պակիստանի պատմության մեջ համարվում է ամենախոշոր գործարքը:

Մոտ մեկ ամիս առաջ 168.am գրել է, որ JF-17C (Block III) պակիստանա-չինական կործանիչներն արդեն իսկ համալրել են ադրբեջանական բանակի զինանոցը, և անգամ դրանց կիրառմամբ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումներն անցկացրել են ուսումնական վարժանքներ:

Կարդացեք նաև

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած ուսումնական թռիչքների կադրերից պարզ էր դարձել, որ ձեռք է բերվել առնվազն 7 միավոր JF-17 կործանիչ։ Դրանք տեղակայվել են «Նասոսնայա» (ադրբ.՝ Nasosnı aviabazası) ռազմական ավիաբազայում, այն գտնվում է Սումգայիթ քաղաքի հարևանությամբ՝ ոչ շատ հեռու:

Եվ այս կործանիչների գնման համատեքստում Ադրբեջանը լայնամասշտաբ շինարարական և ենթակառուցվածքների արդիականացման աշխատանքներ է իրականացնում: Մասնավորապես, տարբեր տեղեկություններով՝ կառուցվել են նոր անգարներ՝ նախատեսված ժամանակակից ինքնաթիռների պաշտպանության և սպասարկման համար, ինչպես նաև ստեղծվել են ժամանակակից ենթակառուցվածքներ:

Թե Պակիստանից Բաքվի կողմից JF-17 կործանիչներ գնելու հեռահար նպատակները որոնք են և որքանով են դրանք առնչվում Հայաստանին, մենք մեր հոդվածներից մեկում մանրամասն անդրադարձել ենք:

Իսկ ամերիկացի ռազմական վերլուծաբան Փոլ Իդոնն իր վերլուծականում խոսել է նաև չինական զենիթահրթիռային հեռահար HQ-9BE համալիրների մասին, որոնք 2025 թվականի նոյեմբերին կազմակերպված զորահանդեսում Ադրբեջանն առաջին անգամ ցուցադրեց:

Ավելի ուշ գրել ենք, որ Բաքվի քարոզչամեքենան «անպիտան» էր համարել Իրանում կիրառված չինական ՀՕՊ համակարգերը, այդ թվում՝ HQ-9BE-ն, որով Ադրբեջանը զորահանդեսի ժամանակ հպարտանում էր: Ինչևէ, ամերիկացի հոդվածագիրը նկատում է, որ Բաքվի գնած չինական HQ-9BE զենիթահրթիռային համալիրը, որը, ի դեպ, ստեղծվել է ռուսական Ս-300-ի բազայի հիման վրա, զինանոցում առկա ռուսական Ս-300ՊՄՈւ-2 (Հայաստանի ունեցածի արդիականացված տարբերակն է) բելառուսական «Բուկ-ՄԲ» և իսրայելական «Barak MX» համակարգերի հետ միասին, ձևավորել են երկրի հակաօդային պաշտպանության բազմաշերտ համակարգը:

Մենք դեռ 2-3 տարի առաջ ենք գրել, որ Ադրբեջանն Իսրայելից ձեռք է բերելու հակաօդային պաշտպանության «Barak MX» համակարգեր, գործարքի գինն այդ ժամանակ, ըստ տարբեր աղբյուրների, գնահատվել էր մոտ 1,2 մլրդ դոլար: Իսկ Ադրբեջանի կողմից «Barak 8»-ի փորձարկման մասին խոսում էին դեռ 2016-ին:

«2020 թվականի Արցախյան պատերազմի ավարտին մոտ, ինչպես հաղորդվում է, այս հրթիռներից մեկը որսացել է հայկական կողմի՝ ռուսական արտադրության 9Կ720 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռը»։

«2010-ական թվականների սկզբին Բաքուն Ռուսաստանից և Իսրայելից գնել է մի շարք հզոր համակարգեր: Մասնավորապես, մոտ 300 միլիոն դոլար գնահատվող գործարքի շրջանակներում 2011 թվականին նա Ռուսաստանից ձեռք է բերել Ս-300ՊՄՈւ-2 երկու միավոր ժամանակակից զենիթահրթիռային համակարգ, ինչպես նաև՝ մոտ 200 միավոր 48Н6 հրթիռ:

Գրեթե նույն ժամանակահատվածում Բաքուն Իսրայելից պատվիրել է իր առաջին «Barak» զենիթահրթիռային համակարգը, ինչպես նաև՝ 40 միավոր Barak LRAD (մինչև 70կմ) և 40 միավոր Barak-ER (մինչև 150կմ) հրթիռներ՝ 1,6 միլիարդ գործարքի շրջանակում:

Ինչպես հաղորդվել է, 2020 թվականի սեպտեմբերին Արցախում սկսված պատերազմի ավարտին մոտ, հայկական կողմից՝ ռուսական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրից արձակված բալիստիկ հրթիռը» հաջողվել է որսալ իսրայելական «Barak» զենիթահրթիռային համակարգի օգնությամբ»,- գրում է ամերիկացի ռազմական վերլուծաբան Փոլ Իդոնը:

Հայկական կողմից 44-օրյա պատերազմի ժամանակ «Իսկանդեր»-ի կիրառել-չկիրառելու հետ կապված դեռ չգաղտնազերծված դրվագներ կան: Իսկ այն, որ Բաքուն 44-օրյա պատերազմից առաջ երկար ժամանակ պատրաստվել է նաև սպառազինության ձեռքբերումների առումով, դա անվիճելի է:

Ի դեպ, ժամանակին «Bulgarian military»-ն տեղեկություն էր տարածել, որ Հայաստանը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում «Barak 8» զենիթահրթիռային համալիրի նկատմամբ, որը Հնդկաստանի և Իսրայելի համատեղ նախագիծն է և հայտնի է նաև՝ որպես LR-SAM կամ MR-SAM համակարգ։ Թե որքանով էր այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը, հայտնի չէ:

Վերադառնանք Forbes-ում հրապարակմանը, և հավելենք, որ ամերիկացի ռազմական վերլուծաբան Փոլ Իդոնն արձանագրում է, որ Բաքուն սպառազինությունների ձեռքբերման հարցում շարունակում է դիվերսիֆիկացիոն քաղաքականությանը՝ ռազմական տեխնիկա գնելով Պակիստանից, Չինաստանից, Իսրայելից, Ռուսաստանից, Բելառուսից և այլն:

Ավելին, նա չի բացառում, որ Ադրբեջանը կարող է ապագայում ձեռք բերել նաև անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի ուկրաինական համակարգեր:

Նշենք, որ ամիսներ առաջ Ադրբեջանի և Ուկրաինայի ղեկավարները քննարկել էին պաշտպանական արտադրանքի համատեղ թողարկման հեռանկարները:

Իսկ Ադրբեջանը, ըստ էության, փորձում է դիվերսիֆիկացիայի գնալ նաև սպառազինության արդիականացման հարցում: Մասնավորապես, 168.amգրել է, որ Ադրբեջանը որոշել է համագործակցել նաև Սու-25 գրոհիչների արդիականացմամբ զբաղվող վրացական ընկերության հետ, Թուրքիայի միջոցով արդիականացրածներն արդեն կիրառում է:

Գիտենք, որ Հայաստանը ևս որդեգրել է սպառազինության դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը, և, թերևս, փորձում է համադրել, օրինակ, ՀՀ ԶՈւ զինանոցում եղած ռուսական ՀՕՊ միջոցներն այլ երկրներից ձեռք բերվածի հետ: Հնարավոր է՝ ստացվում է: Բայց սա առանձին քննարկման թեմա է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31