Ադրբեջանը կործանիչ և գրոհիչներ է օդ հանել. թիրախների հայտնաբերման և խոցման կարողություններ են ստուգվել

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումներում անցկացվել են ուսումնական թռիչքներ:

Մասնավորապես, թռիչքներ են իրականացվել JF-17C (Block III), L-39, Su-25ML և Su-25 ինքնաթիռներով։

Զորավարժությունների ընթացքում օդաչուները թռիչքներ են կատարել անհատական և խմբային՝ կատարելագործելով օդային տարածքում փոխգործակցության, սովորական մարտական առաջադրանքների և տակտիկական հնարքների իրականացման, թիրախների հայտնաբերման, ոչնչացման և հատուկ իրավիճակներում ճիշտ որոշումների կայացման հմտությունները։

Ընդ որում, ուշադրություն է դարձվել տարբեր օդերևութաբանական և մարտավարական պայմաններում առաջադրանքների ճշգրիտ ու անվտանգ կատարմանը, ավիացիոն տեխնիկայի մարտական հնարավորությունների կատարելագործմանը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ JF-17C կործանիչներն Ադրբեջանը ձեռք է բերել Պակիստանից:

Իսկ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի վերլուծականում նշվել է, որ հաշվի առնելով Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական հարաբերությունները, հնարավոր է՝ ապագայում դեռևս գնահատման փուլում գտնվող թուրքական օդ-օդ Gökdoğan и Bozdoğan հրթիռներն ինտեգրվեն կործանիչներին:

168.am-ը գրել էր,  որ 2020 թվականի պատերազմում դրվեց Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան աշխարհաքաղաքական նախագծի սկիզբը, ինչն ավելի ուշ հաստատել էր Պակիստանի վարչապետը: Սակայն 2020 թվականի 44-օրյա պատերազմին, ինչպես նկատել ենք, Պակիստանն իր մասնակցությունն է ունեցել Թուրքիայի հետ ունեցած իր հարաբերություններից ելնելով, և միայն 44-օրյայից հետո հաստատվեցին Ադրբեջան-Պակիստան երկկողմ ռազմավարական հարաբերությունները:

Ի դեպ, այսօր ՀՀ նախագահի հրամանագրով Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը, համատեղության կարգով, նշանակվել է Պակիստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)։ Բայց սրա քաղաքական և ռազմաքաղաքական կողմին առանձին կանդրադառնանք:

Վերադառնանք ադրբեջանական զորավարժանքին և հավելենք, որ L-39-ը չեխական արտադրության ինքնաթիռ է, Su-25-ը ռուսական գրոհային ինքնաթիռ է, իսկ Su-25ML-ը՝ դրա արդիականացված տարբերակը:

Ավելի վաղ գրել ենք, որ Ադրբեջանն իր զինանոցում առկա Սու-25-ներն արդիականացնում է թուրքական առաջատար պաշտպանական ընկերությունների օգնությամբ: Ավելին, հայտնել ենք, որ ադրբեջանական գրոհիչները զինվել են թուրքական SOM ŞAHİN թևավոր հրթիռներով, որի թռիչքի հեռահարությունն ավելի քան 250 կմ է:

Արդյո՞ք ՀՀ բանակի զինանոցում առկա Սու-25-ներն արդիականացվել են, դրա պատասխանը մայիսի 28-ի զորահանդեսին առնչվող կադրերում է:

Այս համատեքստում հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոսի 24-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՀՀ ՊՆ-ի և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։

Մենք բազմիցս փորձել ենք այս պայմանագրի և Սու-25-ների արդիականացման վերաբերյալ տեղեկություն ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից, սակայն հրաժարվել են՝ հղում անելով պետական և ռազմական գաղտնիքի մասին իրավակարգավորումներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031