Պակիստանից Բաքվի կողմից JF-17 կործանիչներ գնելու հեռահար նպատակները, որքանո՞վ է այն առնչվում Հայաստանին
Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանը Պակիստանից պատվիրած JF-17C (Block III) կործանիչների կիրառմամբ առաջին անգամ զորավարժանքներ է իրականացրել:
Հղում անելով պակիստանյան աղբյուրներին, գրել էինք, որ 2025 թվականի Բաքվում կայացած զորահանդեսից առաջ Պակիստանի ռազմաօդային ուժերի զինանոցի JF-17C Block-III կործանիչներն Ադրբեջան են բերվել «Indus Shield Alpha» ադրբեջանա-պակիստանյան ռազմաօդային համատեղ զորավարժության համատեքստում:
Այս տեղեկությունն ավելի ուշ հաստատել էին նաև ադրբեջանական լրատվամիջոցները, այդ թվում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած caliber.az-ը:
Իսկ զորավարժությունների նպատակն էր՝ կատարելագործել երկու երկրների ռազմաօդային ուժերի միջև փոխգործակցությունը, մարտավարական կոորդինացիան և օպերատիվ համատեղելիությունը: Այսինքն, Ադրբեջան-Պակիստան համատեղ այս զորավարժությունը կենտրոնացած է օդային մարտի վարման ժամանակակից մարտավարության համատեղ մշակման, պլանավորման և առաքելության իրականացման վրա՝ տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում:
Բացի այս, «Indus Shield Alpha» ռազմական միջոցառումը ծառայել է որպես կարևոր հարթակ օպերատիվ տեղեկատվության փոխանակմանը և հակաօդային պաշտպանության ոլորտում հնարավոր խնդիրների դեպքում համատեղ արձագանքման միջոցների ամրապնդմանը:
Եթե ավելի առարկայական, Բաքուն զորավարժության շրջանակում սեփական բազայում Պակիստանից Ադրբեջան կործանիչների վայրէջքը, տարհանումը, շրջադարձը և մնացած գործողությունները համարել է կարևոր JF-17C Block-III-երի հնարավորությունների գնահատման առումով, որոնք ձեռք բերելու պատրաստակամություն է հայտնել:
Այսինքն, սա թույլ է տալիս որոշում կայացնողներին գնահատել, թե ինչպես են կործանիչների համակարգերն աշխատում հրամանատարական և կառավարման ազգային ճարտարապետության շրջանակում՝ փոխգործակցությամբ առկա ՀՕՊ, հետախուզական և դիտարկման միջոցների հետ:
Եվ, փաստորեն, JF-17C կործանիչներն արդեն Ադրբեջանի բանակի ռազմաօդային ուժերի զինանոցում են:
Defence Security Asia-ի դիտարկմամբ, Ադրբեջանի կողմից JF-17 Block III կործանիչների ձեռքբերման Բաքվի որոշումը հաստատում է գնահատականը, որ տարածաշրջանային ապագա հակամարտություններն ավելի ու ավելի են կախված լինելու հեռահար «օդ-օդ» հրթիռների կիրառումից, նշանառության բաշխված համակարգերից, բարձր ճշգրտության հարվածներ հասցնելու հնարավորություններից և ռադիոէլեկտրոնային պայքարի նկատմամբ կայունությունից, և ոչ թե օդային մարտի խորհրդային հնացած դոկտրիններից:
Իսկ այս համատեքստում մասնագետները JF-17 կործանիչների ձեռքբերումը դիտարկում են Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա պաշտպանական համագործակցության համատեքստում: Ինչո՞ւ:
Մենք շատ ավելի վաղ գրել ենք, որ հաշվի առնելով Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական հարաբերությունները, հնարավոր է՝ ապագայում դեռևս գնահատման փուլում գտնվող թուրքական օդ-օդ Gökdoğan և Bozdoğan հրթիռներն ինտեգրվեն կործանիչներին:
Ավելին, այս տարվա մարտին ադրբեջանական աղբյուրները հայտնել էին, որ Ադրբեջանը Թուրքիայից JF-17 կործանիչների համար պատվիրել է 40 միավոր ASELPOD նորագույն էլեկտրաօպտիկական նշանառության համակարգ, որը մշակվել է մարտական ինքնաթիռների համար։
Համակարգը թույլ է տալիս հայտնաբերել և հետևել մեծ հեռավորության վրա գտնվող թիրախներին, որոշել դրանց աշխարհագրական դիրքը և հասցնել ճշգրիտ հարվածներ։
Ընդ որում, ASELPOD-ը հնարավոր է ինտեգրել F-16-ին և անօդաչու թռչող սարքերին։
Այսինքն, Ադրբեջանի զինանոցում առկա JF-17-ի դեպքում գործ ունենք փոխգործակցության՝ թուրքական անօդաչու համակարգերի, ASELPOD թիրախավորման կոնտեյներների, մարտավարական տվյալների փոխանցման կապուղիների և ՆԱՏՕ-ի չափանիշներով և մոդելով մշակված մարտական տարածության թվային կառավարման ավելի լայն ճարտարապետության հետ:
Այս համատեքստում հիշեցնենք, որ ավելի վաղ գրել ենք՝ Թուրքիայի ռազմօդուժի համակարգը 44-օրյային փոխկապակցված էր ՆԱՏՕ-ի հրամանատրման և վերահսկման համակարգին:
«F-16-երի կիրառումը, որով բացահայտում էր մեր ՀՕՊ ամբողջ համակարգը… Այդ երկրի ռազմօդուժը ՆԱՏՕ անդամ երկրներում դասվում է բավականին զարգացած ռազմական օդուժերի շարքին: Ինչո՞ւ: Որովհետև իրենք առաջին երկրներից մեկն էին, որ ստեղծեցին համակարգ՝ հրամանատրման, վերահսկողության, կապի, հետախուզության վարման: Եվ այդ ռազմօդուժի համակարգն իր հերթին փոխկապակցված էր ՆԱՏՕ հրամանատրման և վերահսկման համակարգին»,- Քննիչ հանձնաժողովում մանրամասնել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:
Իսկ մասնագետները ևս մի քանի դրվագ են առանձնացնում Բաքվի զինանոցը համալրած նոր կործանիչների հետ կապված՝
■ JF-17 կործանիչը չինական PL-15E հրթիռի հետ համատեղելիության շնորհիվ՝ հնարավորություն է ստանում խոցել թիրախներն իր ուղիղ տեսանելիության դաշտից դուրս:
■ Մարտական ինքնաթիռի 900 կմ հաշվարկված շառավիղը թույլ է տալիս իրականացնել երկարատև օդային գործողություններ Կասպից ծովի տարածաշրջանի ավելի ընդարձակ հատվածներում՝ առանց անմիջական կախվածության առաջնագծի խոցելի օպերատիվ ենթակառուցվածքներից:
■ JF-17 կործանիչի հնարավորությունը՝ ինտեգրելու հականավային հրթիռներ, այդ թվում՝ C-802AK-ը, մասնավորապես, թույլ է տալու ամրապնդել Կասպից ծովում ռազմավարական ծովային էներգետիկ ենթակառուցվածքները պաշտպանելու Բաքվի կարողությունը:
Այսինքն, ինչպես նկատում է Defence Security Asia-ը, Բաքվի կողմից հուշում է տարածաշրջանային վերջին կոնֆլիկտներից քաղած ավելի «լայն դասերի» մասին: Թե հիմա տարբեր մասնագետներ այս կամ այն սպառազինության հետ կապված թույլ կտան արդյո՞ք որոշ չափազանցություններ, թե՞ ոչ, դա չի այս դեպքում էականը:
Փաստ է նաև, որ 44-օրյա պատերազմից հետո Բաքուն անմիջապես սկսել է երկրի ռազմաօդային ուժերի արդիականացման գործընթաց՝ հատկապես Թուրքիայի օգնությամբ: Չմոռանանք Սու-25 գրոհիչների արդիականացման մասին, որը հագեցվել է թուրքական SOM ŞAHİN թևավոր հրթիռներով, թռիչքի հեռահարությունն ավելի քան 250 կմ է:
Վերադառնանք JF-17 կործանիչներին, և ուշադրություն հրավիրենք մի կարևոր հանգամանքի վրա. ըստ տարբեր միջազգային մասնագիտական հարթակների, Պակիստանից ձեռք բերված կործանիչները տեղակայվել են «Նասոսնայա» (ադրբ.՝ Nasosnı aviabazası) ռազմական ավիաբազայում, այն գտնվում է Սումգայիթ քաղաքի հարևանությամբ ոչ շատ հեռու:
Այսինքն, այս կործանիչների գնման համատեքստում Ադրբեջանը լայնամասշտաբ շինարարական և ենթակառուցվածքների արդիականացման աշխատանքներ է իրականացնում: Մասնավորապես, տարբեր տեղեկություններով՝ կառուցվել են նոր անգարներ՝ նախատեսված ժամանակակից ինքնաթիռների պաշտպանության և սպասարկման համար, ինչպես նաև ստեղծվել են ժամանակակից ենթակառուցվածքներ:
Այսինքն, ըստ էության, փորձ է արվում կործանիչներով հագեցած «Նասոսնայա» ավիաբազան դարձնել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ամենակարևոր և լավագույնս պաշտպանված ռազմավարական օբյեկտներից մեկը:
168.am-ն ամիսներ առաջ տեղեկացրել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «Պետական կարիքների համար հողերի օտարման մասին» օրենքում փոփոխությունները։ Հաստատված փոփոխությունների համաձայն՝ պետական կարիքների ցանկում, որոնց համար կարող է իրականացվել հողերի օտարում, ավելացվել է պետական սեփականություն հանդիսացող օդանավակայանների, աերոդրոմների ընդլայնումը, ինչպես նաև՝ նոր օդանավակայանների և աերոդրոմների կառուցումը:
Թե որքանով է ՀՀ իշխանությունն ի գիտություն ընդունում վերը նշվածը, թեև, ինչպես նշեցինք, JF-17 կործանիչների ձեռքբերումը Բաքվի կողմից լայն նպատակներ ունի, կարող ենք միայն ենթադրություններ անել: Մյուս կողմից, մայիսի 28-ին Երևանի զորահանդեսից հետո, որին թռիչքներ էին իրականացրել Սու-30-ները, միջազգային փորձագետները և որոշակի արձանագրումներ էին արել:
Մասնավորապես, և՛ Military Watch Magazine (MWM)-ը, և՛ OSINT-ի վերլուծաբանները (հետախուզություն բաց աղբյուրների հիման վրա) ՀՀ ԶՈւ-ի զինանոցում առկա Սու-30-ների թևերի տակ նկատել են իրանական «Yasin» պլանավորող ավիառումբեր։
Ըստ բաց տվյալների, պլանավորող և շտկող մոդուլով օժտված «Yasin» բարձր ճշգրտության ռումբը կշռում է 300 կիլոգրամ, մարտական մասի զանգվածը 225 կիլոգրամ է, և այն պատկանում է MK-82 դասին:
Ավիառումբը նախատեսված է անշարժ թիրախների խոցման համար՝ GPS արբանյակային նավիգացիայի և իներցիալ նավիգացիոն համակարգերի կիրառմամբ։
Առկա տեղեկությունների համաձայն՝ ստանդարտ պայմաններում ռումբի հեռահարությունը 50-60 կիլոմետր է, իսկ օպտիմալ բարձրությունից բացթողնման կամ նետման դեպքում այն կարող է հասնել մինչև 120 կիլոմետրի։
Այսինքն, Սուրեն Պապիկյանի խոստացած Սու-30-ների համար հավելումները տեղ են հասել: Բայց չպետք է մոռանալ, որ ՀՀ-ն ունի ընդամենը 4 Սու-30, մինչդեռ պայմանավորվածություն կար գնելու 8-12 միավոր, որն էլ պիտի պահանջեր համապատասխան աերոդրոմային և տեխնիկական ենթակառուցվածքներ: Սա չի արվել: Այն, ինչ անում է Բաքուն, ի դեպ, տարբեր տեղեկություններով, Ալիևը մտադիր է գնել մինչև 40 միավոր JF-17 կործանիչ։


