Զորահանդեսի ժամանակ Բաքուն հպարտանում էր չինական ՀՕՊ համակարգերով, հիմա՝ «անպիտան» համարում

Չինաստանը քննադատել է Իրանի վրա ԱՄՆ-Իսրայել ռազմական հարձակումը և կոչ է արել հարգել Իրանի իշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

Ավելին, ԱՄՆ հետախուզությունը կասկածում է, որ Չինաստանը պատրաստվում է աջակցություն ցուցաբերել Իրանին, արևմտյան, իսրայելական և ադրբեջանական քարոզչամեքենան վերջին օրերին տեղեկություններ է տարածում, թե չինական ռադարները, նաև՝ ՀՕՊ համակարգերը, մասնավորապես HQ-9B-ն չէր կարողացել օգնել Իրանին, որը նա ավելի վաղ ձեռք էր բերել։

Բայց հատկապես Բաքվի՝ չինական ՀՕՊ համակարգերի «անպիտան» լինելու մասին քարոզչական վերլուծությունները ծիծաղ չէին առաջացնի, եթե 2025 թվականի նոյեմբերին Ադրբեջանն իր զորահանդեսում առաջին անգամ չցուցադրեր չինական զենիթահրթիռային հեռահար HQ-9BE համալիրները և չհպարտանար դրանցով, որոնք, ի դեպ, ստեղծվել են ռուսական Ս-300-ի բազայի հիման վրա:

Կարդացեք նաև

Հավելենք, որ 2025 թվականին Ադրբեջանը և Պեկինը ստորագրել էին «Համատեղ հայտարարություն Ադրբեջանի և Չինաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հարաբերությունների հաստատման մասին», այն անդրադառնում է Բաքվի և Պեկինի միջև բազմաթիվ ոլորտներում փոխգործակցության և գործողությունների համակարգման խորացմանը, և այստեղ չեն անտեսվել անվտանգային հարցերը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի և Չինաստանի միջև երկխոսություն կա նաև ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցելու շուրջ, ինչն Ալիևը համարել էր հեռանկարային, հատկապես, երբ երկիրը լայն թափով արդիականացնում է զինանոցը:

«Իհարկե, մեզ համար հետաքրքրություն կարող է ներկայացնել ոչ միայն համատեղ արտադրությունը, այլև սպառազինության մատակարարումների աշխարհագրության դիվերսիֆիկացիան»,- նախորդ տարի Բաքվում կայացած «Դեպի նոր աշխարհակարգ» խորագրով քաղաքական ֆորումի ժամանակ ասել էր Ալիևը:

Վերադառնալով չինական սպառազինությանը, նշենք, որ գուցե չինական համալիրներն ինչ-ինչ տեխնիկական խնդիրներ ունենան (դա թողնենք նեղ մասնագետներին), սակայն, կրկնում ենք՝ որքանո՞վ է բարոյական և ազնիվ դրանք քննադատելը Բաքվի դեպքում:

Ի դեպ, արևմտյան մամուլը, մասնավորապես՝ The Atlantic-ը գրել է, որ փակ հանդիպման ժամանակ Պենտագոնի ղեկավարը և ԱՄՆ ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահը խոստովանել են` ԱՄՆ-ը չունի պայքարի արդյունավետ միջոց Shahed իրանական դրոն-կամիկաձեների դեմ, ուստի Իսրայելի և ԱՄՆ ուժերը ստիպված են էժան իրանական անօդաչուների դեմ կիրառել թանկ ՀՕՊ համակարգեր, և երբեմն՝ անարդյունք:

Իրանական այս տեսակի անօդաչուները Ռուսաստանի կողմից կիրառվում են նաև Ուկրաինայում և արևմտյան համակարգերի համար դարձյալ սպառնալիք են հանդիսանում:

Տեսանյութեր

Լրահոս