Սև ծովում նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի երկու քաղաքացի են մահացել
Սև ծովում «TEDY» օտարերկրյա բեռնատար նավի վրա անօդաչու թռչող սարքերով իրականացված հարձակման հետևանքով Ադրբեջանի երկու քաղաքացի է մահացել, ևս երկուսը՝ վիրավորվել, այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Նավը թիրախավորվել է անօդաչու թռչող սարքերի կողմից սեպտեմբերի 9-ին։ Անձնակազմի անդամների թվում եղել են Ադրբեջանի քաղաքացիներ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն համակարգում է գործողությունները երկրի դիվանագիտական ներկայացուցչությունների և շահագրգիռ պետությունների համապատասխան մարմինների հետ։
«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Ադրբեջանի քաղաքացիներին զերծ մնալ այնպիսի տարածաշրջաններ մեկնելուց, որտեղ ընթանում են ռազմական գործողություններ կամ անվտանգության իրավիճակը մնում է անկայուն, ինչպես նաև այդ տարածքներում աշխատելուց և նման երթուղիներով շահագործվող տրանսպորտային միջոցներում (այդ թվում՝ նավերում) աշխատելուց», – ասված է նախարարության հայտարարության մեջ։

