Քարոզչական կլիշեներ են․ բարոյական չէ մակրոտնտեսական թվերով գնահատել հարյուր-հազարավոր աշխատատեղերի ուղղակի ոչնչացումը․ Տնտեսագետ
Խորհրդարանական ընտրություններից հետո նախօրեին առաջին անգամ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կայացավ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց։ Քննարկման ծիրում ռուսական շուկա հայկական արտահանման սահմանափակումների օրակարգն էր։
Հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ սակայն նշում են՝ քանի որ ռուսական կողմը շարունակ մատնացույց է անում Հայաստանի եվրոպական ինտեգրման հարցը, հետևաբար՝ պետք չէ սպասել կոնկրետ լուծումների։
Որքանո՞վ են մխիթարական տարբեր պաշտոնյաների գնահատականները, թե ՌԴ տոտալ սահմանափակումների պարագայում ՀՀ տնտեսության վնասը կկազմի 1-1,5 տոկոս, ինչպիսի՞ն կլինեն այս սահմանափակումների հետևանքները միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում․ 168.am-ն այս հարցադրումներն ուղղել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանին։
«Այդպիսի գերլավատեսական կարծիքները, մակրոտնտեսական մոտավոր մոտարկումները հիմնավորված չեն։ Պետք է նայել ընդհանրապես մասշտաբներին, շրջանառություններին,- վնասի չափի վերաբերյալ պաշտոնական հավաստիացումներին անդրադառնալով՝ նշեց Ատոմ Մարգարյանը և մանրամասնեց,- Միայն գյուղատնտեսության ոլորտի մասով, կարելի է ասել, տոտալ փլուզումները են, ոչ միայն գյուղատնտեսությունը, այլև դրա վերամշակման ոլորտները։ Դուք նայեք` ձկնարդյունաբերությունն ինչ վիճակում է հայտնվել, կամ, ասենք, կաթնամթերքի արտադրությունը։ Ազդեցությունները հատկապես այդ սեգմենտների մասով լինելու են աղետալի։
Ինչի՞ մասին է խոսքը․ մակրոտնտեսական թվերով գնահատել հարյուր-հազարավոր աշխատատեղերի ուղղակի ոչնչացումը, պարզապես ոչ միայն փորձագիտական հիմնավորված որևէ փաստարկի չի դիմանում, այլ նաև բարոյական չէ։ Հասկանալի է՝ դրանք քարոզչական կլիշեներ են, բայց, ըստ էության, խոսվում է ոլորտների մասին, որոնք կապակցված են պարտավորություններով՝ վարկային, աշխատավարձային»։
Տնտեսագետի դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակը դեռևս քողարկվում է հանքարդյունաբերության ոլորտի զարգացմամբ։
«Պղնձի գները մոտավորապես 50-60 տոկոսով բարձրացել են, և այդ պատճառով մենք տեսնում ենք հանքարդյունաբերության կոմպլեքսի որոշակի զարգացում, ծավալների, թողարկումների հետ մեկտեղ՝ նաև գնային կամ հասույթների եկամուտների աճ։
Դա որոշակիորեն ծածկում, քողարկում է իրավիճակը, բայց սա երկար չի կարող շարունակվել։ Այս իրավիճակից ելքերի այլընտրանքներ չեն երևում, որքան էլ քաղաքական հայտարարություններ արվեն, որքան էլ համարվի, որ Եվրոպան վաղը-մյուս օրը կբացի շուկաները»,- հավելեց մասնագետը՝ կարևորելով քաղաքական լուծումների անհրաժեշտությունը և ավանդական շուկաների, ուղղությունների վերագործարկումը։

