Ինչո՞ւ է ԵՄ-ն զոհաբերում ֆերմերներին․ Եվրամիությունը համակվել է ագրարային զանգվածային բողոքի ակցիաներով

2026 թվականի ամռան վերջին Նիդեռլանդները դարձյալ հայտնվեց ագրարային դիմակայության էպիկենտրոնում։ Հարյուրավոր ֆերմերներ տրակտորներով փակեցին Հյուսիսային Բրաբանտ նահանգի ավտոճանապարհները՝ առաջացնելով բազմակիլոմետրանոց խցանումներ և դառնալով մի քանի վթարների պատճառ։ Հերտոգենբոսի վարչական շենքի մոտ տեղի ունեցած զանգվածային ակցիայի առիթը թռչնաբուծական ֆերմաների արտոնագրերը հետ կանչելու իշխանությունների որոշումն էր, որոնք, պաշտոնյաների պնդմամբ, «չափազանց շատ ազոտ են արտանետում»։

Բողոքի ցույցերի կազմակերպիչներն էին «Ֆերմերների պաշտպանության ուժեր» միավորումը (FDF) և մի շարք պրոֆիլային միություններ։ Նրանք հակադարձում են իշխանությունների մեղադրանքներին՝ հայտարարելով, որ գործում են բացառապես օրենքի շրջանակներում և ունեն բոլոր անհրաժեշտ թույլտվությունները։

Նիդեռլանդների LTO Nederland գյուղատնտեսական ասոցիացիայի ներկայացուցիչները, որի կազմում ընդգրկված է ավելի քան 35 հազար տնտեսություն, կառավարության գործողություններն անընդունելի համարեցին՝ նշելով, որ նման միջոցառումները վերջնականապես խարխլում են պետության և գյուղի աշխատավորների միջև վստահության մնացորդները։

Հակամարտության արմատները հասնում են 2025 թվական, երբ դատարանը նահանգին պարտավորեցրեց արմատապես կրճատել արգելոցների մոտակայքում ազոտային աղտոտումը։ Ի պատասխան դրան՝ 2026 թվականի հունիսին նախարարների կաբինետը ներկայացրեց կոշտ ծրագիր. մինչև 2035 թվականը գյուղատնտեսական ամոնիակի արտանետումները պետք է նվազեն գրեթե կիսով չափ (42-46%)՝ 2019 թվականի ցուցանիշների համեմատ։ Բացի այդ, լրացուցիչ սահմանափակումներ են մտցվում «բուֆերային» գոտիներում գտնվող անասնապահական տնտեսությունների համար, խստացվում են անասունների պահման նորմերը։

Կարդացեք նաև

Գյուղատնտեսության, ձկնորսության, պարենային անվտանգության և բնության նախարար Ջեյմի Վան Էսենը, մեկնաբանելով իրավիճակը, պարզաբանել է, որ թույլտվությունների տրամադրման պատասխանատվությունն ընկնում է նահանգային իշխանությունների ուսերին, իսկ կենտրոնական կառավարությունը միայն սահմանում է Եվրամիության օրենսդրությամբ թելադրված ընդհանուր բնապահպանական շրջանակները։ Գյուղատնտեսները, ի պատասխան, կանխատեսում են սնանկությունների ալիք, արտադրության ծավալների անխուսափելի անկում և, որպես արդյունք, սննդամթերքի գների կտրուկ աճ։

Նիդեռլանդական իրադարձություններն ամբողջ Եվրամիությունը համակած մասշտաբային ճգնաժամի միայն մի մասն են։ 2020-ականների սկզբից տրակտորային բողոքի ակցիաների ալիք է բարձրացել Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Պորտուգալիայում և Լեհաստանում։ Խոշոր բռնկում տեղի ունեցավ 2025 թվականի նոյեմբերին Հունաստանում, որտեղ ավելի քան հինգ հազար ֆերմերներ փակեցին գլխավոր մայրուղիները, այդ թվում՝ Աթենք-Սալոնիկ ավտոճանապարհը, ինչպես նաև Բուլղարիայի, Թուրքիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ սահմանային անցակետերը։

Գործի դրվեցին քարեր ու արցունքաբեր գազ. իրավապահների հետ բախումները վերածվեցին կատաղի ընդհարումների։ Բողոքի խորհրդանշական ժեստ դարձան վարչական շենքերի մոտ տեղացող կաթի գետերն ու խոտի սարերը։ Հույների համար գլխավոր խթան հանդիսացավ ԵՄ-ի կողմից տրամադրվող ավելի քան 600 միլիոն եվրոյի սուբսիդիաների մի քանի ամսվա ուշացումը։

Առերևույթ այս բոլոր ելույթները միավորում է խնդիրների միևնույն շրջանակը՝ աճող ծախսերի համապատկերին գնման գների անկումը, խոշոր մանրածախ ցանցերի թելադրանքը, երրորդ երկրներից էժան ապրանքների ագրեսիվ ներմուծումը և, իհարկե, Բրյուսելի «կանաչ» կանոնակարգերը, որոնք արտադրողները համարում են իրականությունից կտրված և տնտեսապես կործանարար։

Սակայն վերլուծաբաններն ավելի ու ավելի հաճախ են մատնանշում խնդրի թաքնված շերտը, որն անհամեմատ ավելի խորն է, քան տնտեսական կոնյունկտուրան։ Այսպես կոչված՝ ավանդական տնտեսությունները, որոնց արտադրության մեթոդները պահպանվել են անցյալ դարի կեսերի մակարդակում, մշտապես հայտնվում են բողոքների էպիկենտրոնում։ Հատկանշական օրինակ է Ֆրանսիան, որտեղ նմանատիպ տնտեսությունների մոտավորապես 60%-ն ապահովում է ընդհանուր արտադրանքի ընդամենը 30%-ը, մինչդեռ մնացած 40%-ը կազմող «նորարարները», կիրառելով առաջադեմ գյուղատնտեսական տեխնոլոգիաներ, երաշխավորում են շուկայի հիմնական մասնաբաժինը։

Պետական ինստիտուտների համար կառավարման հնացած մոդելների սուբսիդավորումը նշանակում է լճացման գիտակցված ամրագրում։ Սա ԵՄ երկրների կառավարություններին կանգնեցնում է բարդ ընտրության առաջ. մի կողմից՝ խթանել տեխնոլոգիական պոռթկումը, մյուս կողմից՝ մեղմել այդ անցման սոցիալական հետևանքները, որոնք անխուսափելիորեն ցավոտ են։ Էմանուել Մակրոնի վարչակազմի կամ ԵՄ այլ առաջնորդների հասցեին հնչող դժգոհությունները, ըստ փորձագետների, անհիմն են. ցանկացած գործունակ իշխանություն երկարաժամկետ հեռանկարում կընտրի զարգացումը, այլ ոչ թե հետընթացի պահպանումը։

Ապստամբող ֆերմերներին ավելի ու ավելի հաճախ են համեմատում արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանի լուդիտների հետ, որոնք ջարդում էին մեքենաները՝ վախենալով գործազուրկ մնալուց։ Ժամանակակից նորարարական ագրոոլորտը միայն անօդաչու թռչող սարքերն ու ճշգրիտ գյուղատնտեսությունը չեն. դրանք արժեքի ստեղծման համապարփակ շղթաներ են՝ սերմնանյութից ու լոգիստիկայից՝ մինչև վերջնական սպառողին ուղղակի վաճառք։ Հենց նման ուղղահայաց ինտեգրման շնորհիվ է, որ առաջատար տնտեսություններում արտադրության ինքնարժեքը 2-5 անգամ ցածր է, քան բողոքող «ավանդապաշտ» տնտեսություններինը։

Ավելին, նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս 80%-ով կրճատել քիմիական պարարտանյութերի օգտագործումը, իսկ այլընտրանքային էներգետիկայի կիրառումն այդ տնտեսություններն անխոցելի է դարձնում գազի և նավթի գների աճի նկատմամբ։ Պատահական չէ, որ հենց «նորարարներն» են հաջողությամբ հաղթահարել 2022 թվականի էներգետիկ ճգնաժամը և արդեն 2023 թվականին շահույթի ցուցանիշներով առաջ անցել մրցակիցներից, ինչն էլ հենց հանդիսացել է ներկայիս սրացման խթանիչը։

Այս առումով հատկանշական է իրավիճակը Լեհաստանում, որտեղ բողոքի ցույցերը բռնկվեցին ուկրաինական հացահատիկի ներհոսքի համապատկերին։ Սակայն իրենք՝ լեհ վերլուծաբանները, խոստովանում են. հացահատիկը միայն առիթ էր, բայց ոչ հրդեհի բուն պատճառը։ Իսկական խնդիրը տեղական ագրոարդյունաբերական համալիրի անվտանգության ցածր տեխնոլոգիական սահմանագիծն է։ Եթե ոլորտը կենսունակ լիներ, Ուկրաինայից հացահատիկի լրացուցիչ ծավալները (թեկուզ դեմպինգային գներով) համակարգային կոլապս չէին առաջացնի։ Սա ընդամենը խորքային ներքին խնդիրների ախտանիշ է։

ԵՄ իշխանություններն այսօր երկընտրանքի պատանդ են դառնում։ Գնալ ցուցարարների պահանջների հետևից և ավելացնել սուբսիդիաները՝ նշանակում է պահպանել հետամնացությունը՝ մինչև 2030 թվականը ճգնաժամը խորացնելով ու հասցնելով քրոնիկական և անլուծելի փուլի։ Բարեփոխումների ձգձգումն արդեն իսկ վերածվել է ճակատագրական ուշացման. գոյություն ունեցող ֆերմերների կեսին այժմ անհրաժեշտ է վերապատրաստել և արտակարգ ռեժիմով աշխատանքի տեղավորել։

Բայց քաղաքական գործիչները դեռևս չեն համարձակվում բացահայտ հայտարարել, որ 21-րդ դարում նախորդ հարյուրամյակի տեխնոլոգիաներով աշխատելը հավասարազոր է մրցակցային պայքարում երաշխավորված պարտության։ Հանրային հռետորաբանությունը մնում է բյուրոկրատական քաղաքավարության շրջանակներում, որն ընդամենն արձագանքում է ախտանիշներին՝ հիվանդությունը բուն արմատից բուժելու փոխարեն։

Մինչդեռ այլընտրանք չկա. կամ ստեղծել պայմաններ տեխնոլոգիական ցնցումային անցման համար (ինչն ուղեկցվելու է հսկայական սոցիալական և բյուջետային կորուստներով), կամ պատրաստվել դոտացիաների անվերջանալի ավելացմանն ու երկրի ներսում «ջերմոցային» արհեստական պայմանների ստեղծմանը, ինչն էլ ի վերջո կհանգեցնի էլ ավելի կոշտ մեկուսացման և անկման։

Եվրոպական ագրոարդյունաբերությունը մոտեցել է երկփեղկման (բիֆուրկացիայի) կետին։ Բարձր տեխնոլոգիական խաղացողների քանակական կուտակումն արդեն հասել է օրհասական զանգվածի, և այժմ ցանկացած արտաքին ազդակ (լինի դա բնապահպանական կանոնակարգ, թե ներմուծում) ի վիճակի է փլուզել փխրուն հավասարակշռությունը։

Խնդրի լուծումն այլևս անհնար է հետաձգել, սակայն այդ ուղղությամբ յուրաքանչյուր քայլ եվրաբյուրոկրատներից պահանջում է կառավարչական այնպիսի վարպետություն, որը, դատելով տեղի ունեցածից, առայժմ աղետալիորեն չի բավականացնում։ Այն չի բավականացնում նրանց հետ ազնիվ երկխոսություն կառուցելու համար, ովքեր դեռ կերակրում են երկիրը, բայց վտանգված են մնալ առաջընթացի լուսանցքում։

ՕԼԵԳ ՍԱՐՈՎ

fondsk.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930