Պարտքի «կարմիր լույսը» վաղուց է վառվում
Ի պատասխան հնչող քննադատությունների՝ վերջերս Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե Հայաստանի պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, ինչքան այսօր։ Ու որպես դրա հիմնավորում՝ բերեց այն, որ միջազգային ներդրողները Հայաստանում դրամով պարտատոմսեր են գնում։ Մարդը չգիտի, որ միջազգային ներդրողները պետական պարտատոմսեր են գնում ոչ թե նրա համար, որ Հայաստանի պարտքը կայուն է, այլ որովհետև պարտատոմսերի գներն այնքան բարձր են, որ որևէ այլ տեղ ներդրում անելու փոխարեն՝ ավելի նպատակահարմար է Հայաստանում պետական պարտատոմս գնել ու հանգիստ, առանց ավելորդ գլխացավանքի, բարձր եկամուտներ ստանալ։
Հայաստանի պետական պարտատոմսերի միջին գներն այսօր հասնում են 10 տոկոսի։ Կառավարությունը 10 տոկոսով պարտք է վերցրել, այդ թվում՝ միջազգային ներդրողներից։ Ո՞վ չի ուզենա այդպիսի գնով պարտք տալ։ Առավել ևս, որ այսօրվա աշխարհաքաղաքական անկայունության ու անորոշությունների պայմաններում շատ դժվար է գտնել մեկ այլ տեղ, որտեղ այսպիսի բարձր տոկոսով եկամուտ կարելի է ստանալ։ Հայաստանի իշխանություններն են, որ կարող են իրենց թույլ տալ նման բարձր գնով պարտքեր վերցնել ու թողնել պետության վրա։
10 տոկոսը պարտքի շատ բարձր գին է։ Այդ պատճառով էլ վերջին տարիներին Հայաստանի պետական պարտքի գինն անշեղորեն աճել է։ Մինչև ՔՊ-ականների իշխանության գալը պարտքի միջին գինը 4.9 տոկոսի սահմաններում էր, հիմա 7.3 տոկոս է՝ 2.4 տոկոսային կետով թանկացել է։
Սա պարտքի գրեթե 50 տոկոսանոց թանկացում է, ինչը չափազանց մեծ ծանրաբեռնվածություն է պարտքի սպասարկման վրա։ Դրա պատճառով է նաև, որ գնալով պարտքի սպասարկմանն ավելի ու ավելի շատ բյուջետային միջոցներ են հատկացվում։ Նախկինի համեմատ՝ գրեթե 3 անգամ ավելի շատ, չնայած այս ընթացքում պարտքը կրկնակի է ավելացել։ Այդ պայմաններում, թվում է, թե պետք է պարտքի սպասարկման ծախսերն էլ կրկնակի ավելանային, բայց գրեթե եռակի են ավելացել, որովհետև թանկ պարտքեր են վերցրել ու ծանրացրել պարտքի սպասարկումը։
Վերջին տարիներին պետական բյուջեից 1 մլրդ դոլարից ավելի միջոցներ են հատկացվում՝ կառավարության պարտքի միայն տոկոսները սպասարկելու համար։
Մեկ միլիարդը շատ մեծ գումար է Հայաստանի պետական բյուջեի համար։ Այդ գումարները դուրս են գալիս քաղաքացիների ու հարկատուների գրպանից։ Քաղաքացիներն ու հարկատուներն են վճարում, երբ կառավարությունը բարձր տոկոսներով վարկեր է վերցնում կամ պետական պարտատոմսեր վաճառում, որպեսզի բյուջեով նախատեսած ծախսերը կատարի։
Վերջին տարիներին կառավարությունը պետական պարտքը հիմնականում պետական պարտատոմսերի հաշվին է ավելացրել, դրա համար էլ պարտքի սպասարկման գինն այսքան բարձրացել է։ Հիմա էլ շարունակում է բարձրանալ։
Մեկ ամիս առաջ 7.2 տոկոս էր, օգոստոսի 1-ի դրությամբ դարձել է 7.3 տոկոս։
Սա կառավարության պարտքի պատմականորեն ամենաբարձր գինն է։ Դրանից բարձր գին երբևէ չի եղել։ Ու այս գինը վճարում է մեր ժողովուրդը։
Վճարում է, որ կառավարությունն իրեն ճոխություններ թույլ տա՝ միլիոններով պարգևավճարներ ստանա, համերգներ ու ֆեստիվառներ, վարչաֆեստեր կազմակերպի, քեֆ-ուրախություններ անի։ Ոչինչ, որ այդ նույն ժամանակ հարյուր-հազարավոր քաղաքացիներ աղքատության մեջ են ապրում, ու չնայած այս ընթացքում հասցրել են 8 մլրդ դոլարի պարտք վերցնել, դրանից աղքատությունը մեր երկրում գրեթե չի նվազել, կամ մարդկանց եկամուտներն այնքան չեն ավելացել, որ հաղթահարեն աղքատության շեմը։ Ինչի՞ համար են այդքան պարտքեր վերցրել, եթե ո՛չ տնտեսությունն են զարգացրել, ո՛չ տնտեսական կարողություններն են ավելացրել, ո՛չ էլ քաղաքացիների սոցիալական պայմաններն են բարելավել։
Մի բան են լսել ու պարտքից խոսելիս անընդհատ շահարկում են. Ասում են՝ պարտքը ՀՆԱ 50 տոկոսին չի հասնում։ Իսկ գիտե՞ք, թե 2000-ականների վերջին ինչքա՞ն էր պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը՝ նույնիսկ 15 տոկոսից ցածր էր։ Ութ տարում 40 տոկոսից իջել էր 15 տոկոսի։
Սա է պարտքի կառավարման ձեռքբերումը և ոչ թե 8 տարում 8 մլրդ դոլարով պարտքի ավելացումը, այն էլ՝ թանկ պետական պարտատոմսերի ու վարկերի հաշվին։
Ի դեպ, ընտրություններից հետո կրկին լծվել են պարտքերն ակտիվորեն ակտիվացնելու իրենց մշտական գործին։ Ընտրությունների հաջորդ իսկ ամսում կառավարության պարտքը գրեթե 184 մլն դոլարով ավելացել է։ Ավելացել է՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին պարտքի հաշվին, որը ձևավորվում է պետական պարտատոմսերի թողարկման ու թանկ պարտք վերցնելու միջոցով։ Կառավարության ներքին պարտքը մոտենում է 7.4 մլրդ դոլարի, իսկ ընդհանուր պարտքը 14.076 մլրդ դոլար է։
Չշփոթեք պետական պարտքի հետ։ Պետական պարտքն ավելի շատ է։ Սա միայն կառավարության պարտքն է։ Պետական պարտքն ընդհուպ մոտեցել է 15 մլրդ դոլարի, մինչև տարեվերջ գուցե նաև գերազանցի։ Մինչև ՔՊ-ի իշխանության գալը 6.7 միլիարդ էր։
Երբ ասում են՝ պետական պարտքը երբեք այսքան կայուն չի եղել, գոնե պիտի իմանան, որ արդեն տևական ժամանակ է, ինչ պարտքի առանցքային ցուցանիշներից մեկի՝ ժամկետայնության «կարմիր լույսը» վառվում է։ Պարտքի միջին ժամկետայնության ուղենշային սահմանաչափը 7-10 տարի է։ Իսկ այն փաստացի գտնվում է 7 տարուց ներքև։
Վերջին ամենաթարմ տվյալներով, պարտքի միջին ժամկետայնությունն իջել է 6.8 տարվա։
Այս տարի նույնիսկ վատացել է։ Վատ էր, ավելի է վատացել։
Այսպես են պարտքը կառավարում ու դեռ պարտքի կայունությունից են խոսում։
Էլ չենք ասում, որ շատ հաճախ պարտքերը վերցնում են, չեն կարողանում տեղավորվել նախատեսված ծրագրերի իրականացման ժամկետների մեջ։ Օրինակ՝ առաջին կիսամյակում նպատակային վարկերով շուրջ 140 մլն դոլարի ծրագրեր պիտի անեին։ Պատկերացնո՞ւմ եք՝ արել են ընդամենը 5.7 միլիոնինը։ Մնացածը մնացել է օդում կախված, ու դրանց դիմաց հավանաբար նաև տույժ-տուգանքներ են վճարել։
Պարտքը կառավարելն էլ է կարողություն, որն այս իշխանություններն այսքան տարի այդպես էլ ձեռք չբերեցին։ Ու հիմա պատրաստվում են վարկ վերցնել, պետության պարտքն ավելացնել, որպեսզի սովորեն պարտքերը կառավարել։ Միլիարդների պարտքեր են կուտակել, նոր որոշել են, որ պարտքերը կառավարելու բավարար հմտություններ չունեն։
Ասելով չէ, որը պարտքը կայուն է լինում։ Երբ բյուջեի եկամուտների 11-12 տոկոսը հատկացվում է պարտքի միայն տոկոսները փակելուն, դա արդեն ոչ միայն խնդրահարույց է, այլև լուրջ ռիսկ է պարտքի հետագա ավելացման առումով։ Էլ չենք խոսում այն մասին, որ պարտք են վերցնում, որպեսզի կարողանան պարտքերը փակել։ Պարտքերի սպասարկումն ու մարումը հասել է տարեկան 3 մլրդ դոլարի։ Այն պարագայում, որ բյուջեի ներքին եկամուտներն ընդամենը 8-8.5 մլրդ դոլարի կարգի են։ Ի՞նչ կմնա այդ գումարից, եթե պարտքերը մարելու համար պարտք տվող չլինի, ու ստիպված լինենք բավարարվել եղածով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

